Բռի եղցի վանք

Գտնվում է Արցախի Մարտունու շրջանի Հացի գյուղից 0,6 կմ հյուսիս-արևելք:

Այն իր տարածական սփռվածությամբ Արցախի ամենաընդարձակ վանքն է: Բաղկացած է բլրի գագաթին տեղադրված մատուռ-եկեղեցուց, մեկ միասնական գավիթ ունեցող երկու եկեղեցիներից, բլրի ստորոտում տեղադրված չորրորդ եկեղեցուց, երեք որմնափակ խաչքարերից: Տարածքում պահպանվել են մի շարք վաղքրիստոնեական կոթողներ (5-7-րդ դարեր), 12-19-րդ դարերի գերեզմանոցը:
Կառույցները ներսից եղել են սվաղապատ` բռի (արցախյան բարբառում բռի նշանակում է կրաշաղախով սվաղ), որից էլ առաջացել է վանքի ժողովրդական անունը:

Բռի եղցու եկեղեցիները` կառուցված 13-րդ դարի երկրորդ կեսին, առանձնանում են նրանով, որ արևմտյան պատերը հիմնականում շարված են հատուկ այդ նպատակով պատրաստված խաչքարերով: Կառույցների պատերում ներդրված են նաև մինչ այդ տարածքում գտնվող խաչքարեր:

Բռիեղցի վանքային համալիրն Արցախի այն քիչ հուշարձաններից է, որի 13-րդ դարի կեսերի կառույցների երկու ճարտարապետները թողել են իրենց հիշատակությունը. Խաչենեկ (Խաչինեկ) Անեցի և Շահեն:
Խաչենեկ Անեցին թողել է իր հիշատակությունը բլրի բարձունքին կերտած մատուռ-եկեղեցու և որմնափակ խաչքարերից մեկի վրա.
«զԽա/չենեկ/ վարդ/պետ/ ս[ուր]բ եկեղ/եցոյս յ/աղաւթս յիշ/եցեք ի Ք[րիստո]ս»:
«Ես` Խաչինե/կ Անեցի, վար/դպետ ս[ուր]բ նշ/անիս, որդի Վար/համա: Որք կա/րդէք` յաղաւթ/ս յիշեցեք ի Ք[րիստոս]»:
Շահենն իր անունը թողել է բլրի ստորոտում կառուցած եկեղեցու վրա. «զՇահեն` վ/արդապետ/ եկեղեցոյս, յի/շեցէք ի Տ[է]ր»:

Վանքի կառույցները արցախյան երկու պատերազմների ժամանակ չեն տուժել: Բլրի խմբի եկեղեցիներն ու գավթի ծածկերը փլուզման եզրին են: Բլրի ստորոտի եկեղեցու ծածկը վաղուց փլված է:

Վանքը գտնվում է արցախա-ադրբեջանական ներկա սահմանից մոտ 300-400 մետր հեռավորության վրա և հատուկ վերահսկողության կարիք ունի: