Շոշի սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը

Շոշ գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում: Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի հյուսիս-արևմտյան եզրամասում, որի շուրջը տարածվում է հին ու նոր գերեզմանոցը: 44-օրյա պատերազմից հետո Շոշը հայտնվել է օկուպացիոն սահմանի վրա։

Պատմական ակնարկ

Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են:

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին հատակագծում ուղղանկյուն միանավ սրահ է։ Կառուցված է սպիտակավուն փոքր ու միջին չափերի անմշակ ու կիսամշակ կրաքարով, սրբատաշ են միայն մուտքի և լուսամուտների եզրաքարերը, ինչպես նաև պատերի անկյունաքարերը։ Շինության միակ մուտքը  հարավային կողմից է (նկ. 1, 2, 3, 4)։ Այն ներքուստ թաղակապ է, ունի ցածրիկ բեմ և երկու ավանդատուն (նկ. 9):  Պատերին կան ագուցված 17-18-րդ դարերի փոքրիկ խաչքարեր և տապանաքար (նկ. 5, 6, 7, 8): Եկեղեցու շքամուտքի վերնամասի արձանագրությունը հայտնում է․ (նկ. 10). ‹‹Յիշատակ կառուցեց ս[ու]րբ/ եկեղեցիս շուշվեցի Բաղ/դասար ս[ա]ր[կաւա]գն Աբարեանց/ ու իր ընկեր Առուսդամ Գափ/իեան Խառադեա[ն]ց. 1918 թ./, որ (է) ցորնի փո[ւ]թ էր 20 ր[ուբլի]››: Ավագ խորանի աջակողմյան արձանագրությունը հայտնում է (նկ. 11).  ‹‹Յիշատակ կառու/ցեց եկեղեցիս շուշ/վեցի Բաղտասարը, հոգւ[ո]ցն փրկութեան/՝ իր և իր կին Մարգա/րիտի Աբարեանց, 1915 թ.»:

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Արցախյան պատերազմների ժամանակ եկեղեցին չի տուժել, խորհրդային տարիներինտագործվել է տնտեսական նպատակներով: 2022 թվականին ավարտվել են սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքները https://www.youtube.com/watch?v=ViV7rNaGOgA: Վերանորոգման ժամանակ, նախկին, չպահպանաած զանգակատան փոխարեն հավելվել է նորը, որն իր ծավալային լուծումով հավելյալ գմբեթ է հիշեցնում և համահունչ չէ եկեղեցու պատմական տեսքին: