Ավետարանոցի հին կամուրջ

Տեղադրություն

Գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի (ներկայումս Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ) հարավարևելյան կողմում՝ Ավետարանոց – Մադաթաշեն հին ճանապարհի սկզբնամասում, Վարանդա գետի Մարչ վտակի վրա (նկ. 1, 2)։

Նկ․ 1 Կամրջի ընդհանուր տեսքը:

Պատմական ակնարկ

Համաձայն կամրջի հոսքընթաց ճակատին պահպանված քառատող շինարարական արձանագրության՝ այն կառուցվել է 1663 թվականին (նկ. 3)։ Արձանագրության մեջ ասվում է.  «Յիշ[ատակ] է այս/ կարմուճս/ մահտեսի Արան/ին, թվ[ին] :ՌՃԺԲ: (1663) (Կարապետյան 2009, 68):

Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն

Միաթռիչք կամուրջ է, կառուցված կոպտատաշ քարերով և կրաշաղախով (նկ․ 4)։ Թռիչքի երկարությունը 6 մետր է, անցուղու լայնությունը՝ 3,10 մետր, բարձրությունը ջրի մակարդակից՝ 4,35 մետր (Կարապետյան 2009, 68):

Նկ․ 2 Կամրջի ընդհանուր տեսքը:

Նկ. 3 Կամրջի ճակատին ագուցված արձանագրությունը։

Նկ. 4 Կամրջի չափագրությունը և կտրվածքը, Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 69։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Պատերազմից առաջ հուշարձանն ամբողջական էր: Պատերազմի ընթացքում և դրանից հետո կամրջի մասին տեղեկություններ հայտնի չեն:

Մատենագրական քննություն

Հուշարձանի մասին տեղեկությունները սակավ են: Հիմնական տեղեկությունները ստացել ենք Ս. Կարապետյանի՝ Արցախի կամուրջներին նվիրված աշխատությունից, որտեղ էլ և առաջին անգամ հրատարակվել է շինարարական արձանագրությունը (Կարապետյան 2009, 68-69):

Գրականություն

  1. Կարապետյան 2009 – Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան:
Ավետարանոցի հին կամուրջ
Ավետարանոցի հին կամուրջ
Ավետարանոցի հին կամուրջ
Արցախ