Արախիշի եկեղեցի

Տեղադրությունը

Արախիշի եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում (այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ), Բերձորից 50 կիլոմետր հյուսիս, Հակարի գետի Շալվա վտակի ձախակողմյան հատվածում, համանուն գյուղից 1,5 կիլոմետր հարավ (նկ․ 1)։ Այստեղ պահպանվել են միջնադարյան գյուղատեղու, եկեղեցու և նրանից հարավ և արևմուտք տարածվող ընդարձալ գերեզմանոցի հետքերը: Հուշարձանի մասին մատենագրական տեղեկություններ չկան: Դատելով եկեղեցու ճարտարապետակաան առանձնահատկություններից, վաղ խաչքարերից, 12-16-րդ դարերի տապանաքարերից (մի քանիսն արձանագիր և թվակիր), բնակավայրը գոյատևել է ողջ միջնադարի ընթացքում:

 

Նկ․ 1 Եկեղեցու տեսքը հարավից, լուս. Հ․ Պետրոսյանի։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Եկեղեցին (նկ․ 2) կառուցված է տեղական անմշակ քարով, կրաշաղախով, ներսից սվաղապատ է։ Այն միանավ թաղածածակ սրահ է` ընգծված պայտաձև աբսիդով (նկ․ 3):

Նկ․ 2 Եկեղեցու հատակագիծը, Ս. Կարապետյան, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան, 1999, էջ 169։

Նկ․ 3 Եկեղեցու տեսքն արևմուտքից, լուս. Հ. Պետրոսյանի:

Կառույցն արտաքին չափերն են 12,30x5,20 մետր,  պատերի հաստությունը՝ 90 սանտիմետր (Կարապետյան 1999, 169)։ Հարավային պատի միջնամասում դիտելի է հորիզոնական կոշտացնող գոտին (հավանական է, այն բոլորել է ողջ կառույցը), ինչը նույնպես առաձնահատուկ դրևորում է: Պահպանված թաղի և գմբեթարդի պայտաձև կամարները և պահունակներըը սրբատաշ են (նկ. 4): Կառույցի հավանական թվագրությունը, նկատի ունենլով պայտաձև ծավալները, կարելի է համարել 9-10-րդ դարերը: Եկեղեցու արևմտյան հատվածը չի պահպանվել, և կարելի է խոսել միայն 2 մուտքերի (հյուսիսային և հարավային կողմերից) առկայության մասին:

Գերեզմանատունը նույնպես բավական վնասված է, բայց պահպանվել են 20-ից ավել խաչքարեր (նկ․ 5)  և տապանաքարեր, որոնց մի մասը արձանագիր են։

 

Նկ․ 4 Թաղակիր կամարի և գմբեթարդի մարմասները, լուս. Հ. Պետրոսյանի:

Նկ․ 5 Խաչքար, լուս. Հ․ Աբրահամյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Արախիշի վանքը պայթեցվել է 1983 թվականին (նկ․ 6), հետագայում որևէ էական փոփոխության չի ենթարկվել ։

Մատենագրական քննություն

Հետազոտող Ս․ Կարապետյանն իր «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում ներկայացրել է Արախիշի վանքն ու արձանագրությունները, բայց այն անվանում է Արքո Ներքին և թվագրում 12-13-րդ դարերով (Կարապետյան 1999, 168-169)։

Նկ. 6 Եկեղեցու տեսքը պայթեցումից հետո, լուս. Ս․ Կարապետյանի, 1985։

Գրականություն

1․ Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան:

Արախիշի եկեղեցի
Արախիշի եկեղեցի
Արախիշի եկեղեցի
Արցախ