Արևշատի սուրբ Աստվածածին եկեղեցի

Տեղադրությունը

Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հադրութի շրջանի Արևշատ (Դոլանլար) գյուղում։ Տեղակայված է Արևշատի հին թաղամասում,  գյուղի արևելյան եզրին (նկ․ 1)։ 2020 թվականի պատերազմի հետևանքով Արևշատը ինչպես և Հադրութի ամբողջ շրջանը օկուպացված են Ադրբեջանի կողմից։

նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը հարավ արևմուտքից․ լուս․՝ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչության շտեմարան։

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 20-րդ դարի սկզբում։ Այն  ուղղանկյուն հատակագծով  եռանավ շինություն է (նկ․ 2)։ Կառուցվել է տեղական կոպտատաշ քարերով, դեղնավուն կրաքարով և կրաշաղախով։ Ներսույթի պատերը սվաղվել են։ Սրբատաշ  են միայն դռների և լուսամուտների արտաքին  անկյունաքարերը։

Արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանն է։ Խորանի գմբեթարդը եղել է թաղակապ, սակայն չի պահպանվել։ Խորանին զուգահեռ գտնվում են ավանդատները։ Առաստաղը եղել է գերանակապ, տանիքի ծանրությունն իրենց վրա են  կրել փայտե սյուները։ Տանիքը եղել է երկթեք և կղմինդրածածկ, որը հետագայում փոխարինվել է մետաղական թիթեղով։ Ոչ ծածկը և ոչ էլ սյուները չեն պահպանվել։ Եկեղեցին ավերվել է արցախյան առաջին պատերազմի տարիներին, «Օղակ» գործողության արդյունքում գյուղի ադրբեջանական օկուպացիայի տարիներին (1991-1993 թթ․), որի ժամանակ  հրկիզվել ու ավերվել է ոչ միայն եկեղեցին (նկ․ 3, 4), այլև ամբողջ գյուղը, գերեզմանոցը և տարածքի գրեթե բոլոր հուշարձանները։

նկ. 3 Եկեղեցին հարավ-արևմտյան կողմից, լուս․՝ Վ․ Բադալյանի։

նկ. 2 Եկեղեցու ներսը արևմուտքից, լուս․՝ Վ․ Բադալյանի։

նկ. 4 Եկեղեցու ներսը, և ավերված արևմտյան լուսամուտը, լուս․՝ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչության շտեմարան։

Եկեղեցին ունի մեկ մուտք՝ բացված հարավային ճակատից (նկ․ 5)։ Մուտքի աջ և ձախ հատվածները զարդարված են գեղաքանդակ որմնախոյակներով (նկ․ 6, 7)։  Լուսավորությունը կատարվել է արևմտյան ճակատի մեկ, հարավային ճակատի երեքական մեծ և արևելքից խորանի ու զույգ ավանդատների մեկական փոքրիկ լուսամուտներով։

Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայեցվել է տնտեսական նպատակներով, վերածված է եղել պահեստի և որոշակի կցակառուցումների է ենթարկվել։

նկ. 6 Մուտքի ձախակողմյան որմնախոյակը, լուս․՝ Վ․ Բադալյանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

2020 թվականի պատերազմական գործողությունների ժամանակ  հուշարձանը չի տուժել։ Շրջանի օկուպացումից հետո հուշարձանի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։

նկ. 5 Եկեղեցու մուտքը, լուս․՝ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչության շտեմարան։

նկ. 7 Մուտքի աջակողմյան որմնախոյակը, լուս․՝ Վ․ Բադալյանի։

Արևշատի սուրբ Աստվածածին եկեղեցի
Արևշատի սուրբ Աստվածածին եկեղեցի
Արևշատի սուրբ Աստվածածին եկեղեցի
Արցախ