Երիցուշենի եկեղեցի

Տեղադրություն

Երիցուշենի եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Նոր Շահումյանի շրջանում (Քարվաճառի շրջան)՝ Գորտագարակի լճից սկիզբ առնող Իրիցաջուր վտակի աջ կողմում, Իգաձոր գյուղատեղիից մեկ կիլոմետր հյուսիս-արևելք, ծովի մակերույթից 1550-1600 մետր բարձրության վրա (Կարապետյան 2019, 369):

Պատմական ակնարկ

Երիցուշեն գյուղի մասին միակ հիշատակությունը Սիմեոն Երևանցի կաթողիկոսի Ջամբռ աշխատության մեջ է և վերաբերում է 1763 թվականին (Ջամբռ 1873, 283): 18-րդ դարում այստեղ բնակություն են հաստատում թյուրքալեզու այրումները, որոնք գյուղը անվանում են Քեշիշքյանդ (Կարապետյան 1999, 42):

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին կիսավեր է, թերևս կառուցվել է 17-րդ դարում: Այն միանավ է, առնված երկթեք տանիքի տակ (նկ. 1): Կառույցի երկայնական պատերը հզորացված են որմնակամարաշարերով, որոնց վրա հանգչում են տանիքը պահող սրբատաշ թաղակիր զույգ կամարները: Եկեղեցին կառուցված է անմշակ փոքր ու խոշոր չափի քարերով, իսկ առավել պատասխանատու հատվածները՝ սրբատաշ (նկ. 2, 3): Խորանի երկու կողմերում առկա է մեկական ավանդատուն, որոնք սակայն չափերով տարբեր են: Եկեղեցու միակ մուտքը հարավային ճակատում է:

նկ. 1 Եկեղեցու հատակագիծը, Կարապետյան Ս․, Մռավականք, 2019, էջ 249:

նկ. 2 Եկեղեցու արևելյան ճակատը, լուս. Ս. Կարապետյանի:

նկ. 3 Եկեղեցու հյուսիսային ճակատը, թաղակիր կամարը, լուս. Ս. Կարապետյանի:

Եկեղեցու պատերին ներսից ագուցված են ինչպես բեկորված, այնպես էլ ամբողջական մի քանի խաչքարեր: Դրանցից հատկապես ուշագրավ են հյուսիսային և հարավային որմերի մեջ՝ ավանդատների մուտքերի մոտ տեղադրված խաչքարերը: Հյուսիսային պատի մեջ ագուցված խաչքարերը արձանագիր են: Հյուսիսային պատի որմնասյան մեջ ագուցված խաչքարի վրա կա հետևյալ արձանագրությունը. «Թիւ ՈԽԵ (1196 թ.)» (Կարապետյան 2019, 369-370): Երկրորդ արձանագիր խաչքարը ագուցված է հյուսիսային որմի մեջ ՝մկրտարանից ցած (նկ. 4, 5): Արձանագրության չորս տող խաչքարի վերնամասում է, իսկ հինգ տողը՝ ստորին հատվածում. «Թ(վին) Ո[ՀԱ] (1222) [էր], / ես՝ Առատս, կանգնեցի / զխաչս ինձ եւ մաւր իմոյ Ա…/միկա, աւգնականութիւն Անունայ  /եւ Ցա/կան/այ, յ/աղաւ/թս իշեցէք զգործողս» (Կարապետյան 2019, 371): Հարավային որմում ագուցված խաչքարը ուշագրավ է հատկապես հորինվածքի ստորին մասում առկա զինավառ հեծյալի պատկերաքանդակով (նկ. 6, 7):

նկ. 4 Եկեղեցու հյուսիսային պատի մեջ ագուցված արձանագիր խաչքարերից, լուս. Ս. Կարապետյանի:

նկ. 6 Եկեղեցու հարավային պատի մեջ ագուցված հեծյալի պատկերաքանդակով խաչքարը, լուս. Ս. Կարապետյանի:

նկ. 5 Եկեղեցու հյուսիսային պատի մեջ ագուցված արձանագիր խաչքարի գրչանկարը, հեղինակ՝ Ս. Կարապետյան:

նկ. 7 Եկեղեցու հարավային պատի մեջ ագուցված հեծյալի պատկերաքանդակով խաչքարը, լուս. Ս. Կարապետյանի:

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Եկեղեցին Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել  :

Քարվաճառի շրջանի ադրբեջանական վերահսկողությանը անցնելուց հետո հուշարձանի մասին տեղեկությունները բացակայում են:

Գրականություն

  1. Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան։
  2. Կարապետյան 2019 - Կարապետյան Ս., Մռավականք, Երևան։
  3. Ջամբռ համաժողովեցեալ եւ շարադրեցեալ ի Սիմէօնէ կաթողիկոսէ Երեւանցւոյ, Վաղարշապատ, 1873:
Երիցուշենի եկեղեցի
Երիցուշենի եկեղեցի
Երիցուշենի եկեղեցի
Արցախ