Թաղասեռի սբ. Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Գտնվում է Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղից մոտ 4 կիլոմետր հյուսիս-արևմուտք` Հին Թաղասեռ գյուղատեղիում, Պարզագետ գետի ձախ ափին մի բլրի վրա (նկ․ 1)։  Պատմական ակնարկ Թաղասեռ գյուղը գտնվում է Հադրութ քաղաքից 1 կիլոմետր արևմուտք։ Ադրբեջանի կողմից օկուպացվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին։ Պատմական տեղեկությունների համաձայն՝ Թաղասեռում, որ 17-րդ դարում եղել է Դիզակ գավառի գրչության կենտրոններից մեկը (Մինասյան 2015, 43), եղել են չորս եկեղեցիներ՝ Ամենափրկիչ, սբ․ Աստվածածին, Անապատ և սբ․ Սարգիս։ Նշվածներից ներկայումս կանգուն են միայն Ս․ Աստվածածին և Անապատ եկեղեցիները։ Սբ․ Աստվածածին եկեղեցին հիշատակվում է 1635 թվականին այստեղ գրված մի Ավետարանում․ «ի գեաւղ, որ կոչի Թեղասեռ՝ ընդ հովանեալ Ս․Աստուածածին» (Գուշակեան 1925, 476)։ 1791 թվականին սբ․ Աստվածածին եկեղեցին դարձյալ հիշատակվում է՝ կապված Թաղասեռում գրված ևս մի  ձեռագրի հետ։ Այն ձեռքից ձեռք էր անցել, այնուհետև հայտնվել գերության մեջ։ 1791 թվականի ապրիլի մեկին թիֆլիսեցի նալբանդ Սիսոյի որդի Եզչիսեսոն ազատել է գերված ձեռագիրը և որպես հիշատակ նվիրել սբ․ Աստվածածին եկեղեցուն․ «որ եւ յիշատակն բարի եղիցի տէր Գրիգորի» (Մինասյան 2015, 43): Ճարտարապետա-հորինվածքային քննություն Ուղղանկյուն հատակագծով, երկու զույգ մույթերով եռանավ սրահ է (նկ․ 2)։ Արևելքում ավարտվում է կիսաշրջան խորանով և նրան կից հարավային և հյուսիսային ավանդատներով (նկ․ 3, 4)։ Կառուցված է կիսատաշ որձաքարով, կամարները շարված են սրբատաշ քարով։ Եկեղեցին ունի 17,20 մետր երկարություն, 11 մետր լայնություն, 7,5 մետր բարձրություն։ Արտաքուստ ունի երկթեք տանիք, որն անցած դարի 90-ական թվականներին պատվել է ասբեստե թիթեղով (նկ․ 5)։ Բեմը ներկայումս քանդված է։ Մկրտության ավազանը տեղադրված է հյուսիսային պատի  մեջ (նկ․ 6)։ Լուսավորությունը իրականացվել է թվով յոթ փոքր լուսամուտներով, որոնցից երեքը բացվում են հարավային, երեքը՝ արևելյան, մեկը՝ արևմտյան կողմերից։ Պատուհանների եզրաքարերը նույնպես սրբատաշ են (նկ․ 7)։ Հարավային պատին կիսով չափ պահպանվել է արևային ժամացույցը (նկ․ 8): Առանձին հետաքրքրության է արժանի գեղեցիկ զարդահյուսերով մուտքը, որը բացվում է արևմտյան կողմից (նկ․ 9)։ Շքամուտքն իր կառուցվածքով և զարդանախշերով բավականին մեծ նմանություններ ունի Ծակուռիի Ծաղկավանքի, Քյուրաթաղի սբ․ Աստվածածին եկեղեցու շքամուտքերի հետ։ Եկեղեցու պատերին ներսից ագուցված են մի քանի խաչքարեր (նկ․ 10,  11, 12), մեկ խաչքար էլ  պահպանվել է հյուսիսային մույթերից մեկի վրա (նկ․ 13)։ Եկեղեցին չունի կառուցման արձանագրություն։ 1880-ական թվականներին Խաչիկ վարդապետ Դադյանը նկատել է, որ Հին Թաղասեռ շենատեղի եկեղեցին «նման է շենքով Քուրաթաղ գյուղի եկեղեցուն» և այն կարծիքն է հայտնել, որ դրանք թերևս նույն ժամանակ են կառուցվել (Մկրտչյան 1990, 3): Քուրաթաղի եկեղեցին, համաձայն շինարարական արձանագրության, կառուցվել է 1683 թվականին, սակայն ինչպես վերը նշվել է 1635 թվականին Ս․ Աստվածածին եկեղեցին արդեն հիշատակվում է։ Բոլոր դեպքերում կառույցն ակնհայտ պատկանում է 17-րդ դարի ճարտարապետական վերելքի շրջանին։