Թեժ եկեղեցի

Տեղադրություն

Գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, Տող գյուղի թիկունքին գտնվող Տողասարի գագաթին, Քթիշ բերդի տարածքում (նկ․ 1)։ 2020 թվականի պատերազմի հետևանքով Հադրութի շրջանը օկուպացված է Ադրբեջանի կողմից:

 

նկ. 1 Տողասարը հարավ-արևմուտքից, 2020 թ․, լուս․` Գ․ Բուդաղյանի։

Պատմական ակնարկ

Քթիշ բերդի մասին տեղեկություններ են հաղորդում  պատմիչներ Մովսես Կաղանկատվացին և Թովմա Արծրունին։ Դրանք կապված են 9–րդ դարում հարավային Արցախում կազմակերպված հակաարաբական պայքարի հետ, որը ղեկավարում էր Դիզակի իշխան Եսայի Աբու Մուսեն։ 853 թվականին արաբական զորքը Բուղա զորավարի գլխավորությամբ պաշարում է Քթիշ ամրոցը, որտեղ ամրացել էր գավառի բնակչությունը․ «․․․ գրեթե ոչ մի տեղ, աշխարհի չորս կողմերում ոչ մի թագավորի մոտ չէր երևացել այդպիսի ահավոր տեսքով  ու սպառազինությամբ զորք՝ սաստիկ որոտումով և ճայթյունով, զենքերի փայլատակումով և ինչով այն ժամանակ զինվել, զարդարվել ու հանդերձավորվել էր արաբացոց զորքը։  ․․․ Եվ երբ զորքի ամբողջ  բազմությունը, ավելի քան 200 հազար, հավաքվեցին միևնույն տեղում, կազմեցին մարտադաշտեր, միմյանց ձայնեցին հարձակվել թշնամու վրա։ Եվ ահա Ապումուսեն, որ ճանաչվում էր երիցի որդի, ելավ նրանց դեմ պատերազմի, մտավ նրանց հետ մրցահանդեսի մեջ։ Դարձան իբրև երկաթի մի մեծ բլուր կամ ադամանդյա վեմ և իրար շուրջ խառնվելով՝ կպան միմյանց, ինչպես մեկ մարդ։ ․․․ Թշնամին կրեց մեծամեծ հարվածներ, ինչպես քամուց հարդն է քշվում, կամ ծուխը՝ մրրկից․․․» (Արծրունի 1978, 196)։

Շուրջ մեկ տարի շարունակ տևեց այս պայքարը և 28 ճակատամարտերում Աբու Մուսեն հաղթանակ տարավ Բուղայի նկատմամբ։

Թեժ եկեղեցու (նկ․ 2, 3) կառուցման պատմությունն էլ  ավանդությունը կապում է այս իրադարձությունների հետ։ Հայկական զորքերից կրած պարտություններից գազազած Բուղան հրամայում է ավերել բերդի ստորոտին գտնվող Գտչավանքի սրբարանները։ Այդ ժամանակ Եսայի իշխանը պատվիրում է իր որմնադիրներին, որ լեռան ծերպին, Գտչավանքի հանդեպ, թշնամու հայացքի ներքո, յոթ օրվա ընթացքում կառուցեն նոր եկեղեցի և քանի որ սրբավայրի կառուցումն ընթացել է ճակատամարտի թեժ պահերին, ապա այդ իսկ պատճառով էլ այն ստացել Թեժ անվանումը (Մկրտչյան 1985, 91)։

նկ. 2 Թեժ եկեղեցին հյուսիս-արևմուտքից, 2020 թ․, լուս․` Գ․ Բուդաղյանի։

Ճարտարապետական – հորինվածքային քննություն

Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով միանավ դահլիճ է` արևելյան կիսաշրջան խորանով և զույգ պատրհաններով: Ունի 7,50 մետր երկարություն, 4,50 մետր  լայնություն, 3 մետր բարձրություն։ Եղել է թաղածածկ և երկթեք տանիքով: Կառուցված է անտաշ քարով և կրաշաղախով: Ունի երկու մուտք, որոնք բացվում են  արևմտյան (նկ․ 4, 5) և հարավային (նկ․ 6) կողմերից, երկու փոքր լուսամուտ՝ արևմտյան (նկ․ 7) և արևելյան կողմերում։

Եկեղեցու ներսում կային սպիտակ շերտաքարերից պատրաստված հինգ փոքր արձանագիր խաչքարեր՝ «Խաչս Նազազին», «Խաչս Մրհապետին»  «Խաչս Շահումին»,         «Խաչս Ղազարայ», «Խաչս Եղուայ» արձանգրություններով (Բարխուտարեանց 1895, 55), որոնք եկեղեցու թաղի փլման հետևանքով հավանաբար մնացել են քարերի տակ։

Մ․ Բարխուդարյանը նշում է, որ հարավային մուտքի բարավորի վրա քանդակված է Ս․ Աստվածածինը մանկան հետ և  «մի աղերսարկու վեղարավոր վարդապետի պատկեր», իսկ արևմտյան մուտքի բարավորի վրա պատկերված են «երկու աղոթավոր վարդապետի պատկերներ և մի խաչ» (Բարխուտարեանց, 1895, 56), սակայն նշվածները փլուզումների հետևանքով այժմ տեղում չեն։

Եկեղեցուց արևելք պահպանվել են տապանաքարեր, որոնցից մեկի վրա Մ․ Բարխուդարյանը կարդացել  է. «թվին ։ՉԶ։ (1257) այս է տապան Մովսես վարդապետին» (Բարխուտարեանց 1895, 56)։ Տապանաքարի վրա պատկերված է եղել երկգլուխ օձագավազան և այն բռնած ձեռքի թաթ։

Ամփոփելով այս տվյալները, կարելի է հավանական համարել, որ եկեղեցու նախնական կառույցը թերևս չի պահպանվել, տեղում 13-րդ դարում կառուցվել է ներկա սրահը, որը 17-18-րդ դարերում նույնպես փոփոխությունների ենթարկվել (մուտքերի շրջանակները, արևելյան լուսամուտի շրջանակը, խաչքարերը պատկանում են այդ ժամանակին):

 

նկ. 6 Թեժ եկեղեցու հարավային մուտքը, 2020 թ․, լուս․` Գ․ Բուդաղյանի։

նկ. 8 Թեժ եկեղեցին արևելքից, 2020 թ․ լուս․` Գ․ Բուդաղյանի։

նկ. 9 Թեժ եկեղեցին արևելքից, 2020 թ․, լուս․` Գ․ Բուդաղյանի։

Թեժ եկեղեցու հատակագիծը, չափագրությունը Ս․ Կարապետյանի։

նկ. 3 Թեժ եկեղեցին հյուսիս-արևելքից, 2020 թ․, լուս․` Գ․ Բուդաղյանի։

նկ. 4 Թեժ եկեղեցին արևմուտքից, 2020 թ․, լուս․` Գ․ Բուդաղյանի։

նկ. 5 Թեժ եկեղեցու արևմտյան մուտքը, 2020 թ․, լուս․` Գ․ Բուդաղյանի։

նկ. 7 Թեժ եկեղեցու արևմտյան լուսամուտը, 2020 թ․, լուս․` Գ․ Բուդաղյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Եկեղեցուց պահպանվել են պատերը, ամբողջությամբ փլուզված է թաղը (նկ․ 8) և արևելյան պատի կենտրոնական հատվածը (նկ․ 9)։ Արցախյան երրորդ պատերազմի ռազմական գործողությունների ընթացքում եկեղեցին չի տուժել, հետպատերազմյան վիճակի մասին տեղեկություններ չկան։

Գրականություն

1․ Աբրահամյան Ե․, Մեծ Թաղեր, Ստեփանակերտ, 2009։

2․Ամիրջանյան Ս․, Դիզակ, Երևան, 2006։

3․Բարխուտարեանց 1895  -  Բարխուտարեանց Մ․,Արցախ, Բագու։

4․ Արծրունի 1978 – Թովմա Արծրունի  և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան, Երևան:

5․Մկրտչյան 1985 -  Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան։

Թեժ եկեղեցի
Թեժ եկեղեցի
Հադրութ
Արցախ