Կարմիր վանք

Տեղադրությունը

Տրտուի խոշոր վտակներից Դուտխու գետի Մոս վտակի ձորահովտում է գտնվում հին ձեռագրերում և վիմագրերում հիշատակված միջնադարի հայ գրչության կենտրոն պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Ծար գավառի Մոս և Ապահեն բնակավայրերը։ Ապահենի (Աբդուլաուշաղը) և Մոսի (Մոզքենդ) միջև ընկած հատվածում, Ֆաթալիլար գյուղատեղիի տարածքում, Մոս գետակի աջ ափին առանձնացած մի բլրակի վրա էլ առ այսօր մասամբ կանգուն է Կարմիր վանք կոչվող փոքր չափերի մի եկեղեցի։ 

նկ. 1 Կարմիր վանքի ընդհանուր տեսարանը, լուս․ Ս․ Դանիելյանի։

Պատմական ակնարկ

Կարմիր վանքի մասին վիմագրական և մատենագրական տեղեկություններ մեզ չեն հասել, սակայն եկեղեցուց ոչ հեռու գտնվող գյուղերի մասին միջնադարյան աղբյուրները վկայում են գավառակի ծաղկուն անցյալի մասին։ Եկեղեցու իրական անունը հայտնի չէ։ Ռուսական կայսրության ռազմական քարտեզներում, մասնավորապես 1911 թվականի ռուսական կայսրության գլխավոր շտաբի քարտեզում եկեղեցին նշված է Ղզըլվանք (կարմիր վանք) անունով։

նկ. 2 Կարմիր վանքը արևմուտքից, լուս․ Ս․ Դանիելյանի։

նկ. 3 Եկեղեցու հյուսիսային ճակատը, լուս․ Ս․ Դանիելյանի։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Եկեղեցին միանավ թաղակապ փոքր սրահ է (արտաքին չափերը` 6,90x4,83 մետր, պատերի հաստությունը` 0,80 մետր), նախնական կառույցի պատերը շարված են բարձիկատեսք (ռուստիկ) մշակում ունեցող կվադրերով, ինչը թույլ է տալիս այն թվագրել ամենաուշը 9-10-րդ դարերով: Եկեղեցին հետագայում վերանորոգվել է կոպտատաշ քարերով:

Մուտքը բացված է արևմուտքից: Միակ լուսամուտը արևելքից է և բացվում է խորանի մեջ: Մուտքի բարավորն ընկած է եկեղեցուց արևմուտք, արձանգրություն չունի: Եկեղեցու ծածկը փլված է, հայտնի չէ փլուզման պատճառը և ժամանակը։ 

Հավանաբար եկեղեցու շուրջը եղել է նաև գերեզմանատուն, որից գրեթե ոչինչ չի պահպանվել։ Եկեղեցու ներսում ընկած է խաչքարի մեկ պատվանդան:

Եկեղեցին չունի վիմագրեր: Խորհրդային տարիներին տեղի բնակչությունը որպես շինաքար եկեղեցու քարերից օգտագործել է մոտակա Ֆաթալիլար գյուղի տների կառուցման համար։

 

նկ. 4 Եկեղեցու հարավային ճակատը, լուս․ Ս․ Դանիելյանի։

նկ. 5 Եկեղեցու խորանը, լուս․ Ս․ Դանիելյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ, ռազմական գործողություններից եկեղեցին չի տուժել։

նկ․ 7 Եկեղեցու հատակագիծը՝ Ս. Կարապետյան «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», էջ 73։

Գրականություն 

1 Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան, 1999:

2 Կարապետյան Ս., Մռավականք, Երևան, 2019։

Կարմիր վանք
Կարմիր վանք
Կարմիր վանք
Արցախ