Հալիվորի կամուրջ

Տեղադրություն

Գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից 2 կմ հարավ-արևմուտք` Իշխանագետի վրա (նկ. 1, 2):

 

նկ. 1Կամրջի ընդհանուր տեսքը, լուս․ Ս. Դանիելյանի։

նկ. 2 Կամրջի ընդհանուր տեսքը, լուս․ Ս. Դանիելյանի։

Պատմական ակնարկ

Կամրջի մասին տեղեկությունները համեստ են: Համաձայն կամրջի հոսքընթաց ճակատին ագուցված սալի վրա փորագրված շինարարական 7 տողանի արձանագրության (Կարապետյան 2009, 104)` կառուցվել է 1835 թվականին. «Յիշատակ է/կարմուջըս Յարու/թիւն որդի Գեվ|որքի, շինեցի իմ/ծնօղաց, օվ անցնի / ա[ստուա]ծ ողորմի ասի/ ։ՌՄՁԴ։ (1835)» (նկ. 3):

Այն Իշխանագետի և նրա վտակների վրա կառուցված 6 կամուրջներից մեկն է, որոնցից չորսն անխափան պահպանվում և գործում էին մինչև Արցախյան երկրորդ պատերազմը: Կամուրջն իրար է կապել Տումի և Մեծ Թաղեր գյուղերը:

նկ. 3 Կամրջի ճակատին ագուցված արձանագրությունը, Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 105:

Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն

Կամուրջը միաթռիչք է, ունի ընդգծված սլաքաձև կամար: Երկրությունը 5․50 մետր է, անցուղու լայնությունը՝ 3․0 մետր (Կարապետյան 2009, 104): Կառուցված է գլաքարով (խելերի հատվածը), ճեղքված որձաքարով և կրաքարով, ամուր կրաշաղախով: Կամարների եզրերն իրականացված են կոպտատաշ քարերով (նկ. 4):

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Պատերազմից առաջ հուշարձանը հիմնականում ամբողջական էր և գործածվում էր: Պատերազմի ընթացքում և դրանից հետո կամրջի մասին տեղեկություններ հայտնի չեն:

նկ. 4 Կամրջի չափագրությունը և կտրվածքը, կամրջի ճակատին ագուցված արձանագրությունը, Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 105, նկ. 35։

Մատենագրական քննություն

Հուշարձանի մասին տեղեկությունները սակավ են: Մինչև 20-րդ դարի 90-ական թվականները երբեք չի արժանացել ճանապարհորդների և հետազոտողների ուշադրությանը: Հիմնական տեղեկությունները վերցված են Ս. Կարապետյանի՝ Արցախի կամուրջներին նվիրված աշխատությունից (Կարապետյան 2009, 104-106):

 

Գրականություն

  1. Կարապետյան 2009 – Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան:
Հալիվորի կամուրջ
Հալիվորի կամուրջ
Մեծ Թաղեր
Արցախ