Հերիկի սբ․ Գևորգ եկեղեցի

Տեղադրություն

Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի (Լաչինի շրջան) Հերիկ գյուղում: Միջին դարերում գյուղը հիշատակվում է Հայրի, Հէրի, Հէրիկ ձևերով և այն Տաթևի վանքին հարկատու գյուղերից էր (Յակոբեան 2009, 23-24):  Խորհրդային տարիներին այն կոչվում էր Ահմադլու: Գյուղը տեղակայված է Աղավնո գետի աջ ափին, նրա վերին հոսանքում (Կարապետյան 1999, 132):

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում (նկ. 1), այն միանավ, մեկ զույգ որմնասյուներով կազմվող կամարի վրա հենված թաղածածկ, արտաքուստ երկթեք տանիքով եկեղեցի է (նկ. 2, 3): Կառուցված է անմշակ քարով, կրաշաղախով: Միակ մուտքը հարավից է, ավանդատներ չունի (նկ. 4): Մկրտության ավազանը ներկառուցված է հյուսիսիային պատի մեջ։ Կառույցի պատերն ամրացվել են հին տապանաքարերով, հին տապանաքար է և մուտքի բարավորը, իսկ մուտքի աջ կողմում ագուցված է դեղից կրաքարից կերտված մի խաչքար (նկ. 5): Վերջինիս քիվին և քիվատակին փորագրված արձանագրությունն ու խաչերը միտումնավոր քերվել են 1980-ական թվականների վերջին: Ներկա դրությամբ կարելի է ընթերցել միայն քիվատակի մեկ տող արձանագրությունը, որը հայտնում է խաչքարի կերտման թվականը. «ԹՎ(ին) :ՋԿԶ: (1517)», իսկ 1960-ական թվականներին կարելի էր ընթերցել նաև «Ա[ստուա]ծ ողորմի․․․/» (ԴՀՎ 1982, 195)։

նկ. 2 Եկեղեցու հատակագիծը, Կարապետյան Ս․, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան, 1999, էջ 132։

նկ. 4 Եկեղեցու հարավային ճակատը, լուս. Զ. Ըռքոյանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Գյուղում բնակություն հաստատած և հետագայում թրքացած քրդերը եկեղեցին օգտագործում էին որպես խոտանոց, հավելել էին նոր մուտք: Խորհրդային տարիներին եկեղեցին միտումնավոր ավերումների, արհեստական փոփոխությունների չի ենթարկվել, ջնջվել են միայն մուտքի բարավորի կողքը տեղադրված խաչքարի վրայի խաչերը և արձանագրությունները: Եկեղեցին չի տուժել նաև Արցախյան պատերազմների ժամանակ:

2020 թվականի դեկտեմբերին Քաշաթաղի շրջանի ադրբեջանական վերահսկողությանը անցնելուց հետո հուշարձանի տարածքում փոփոխություններ և ավերումներ դեռ փաստագրված չեն:

նկ. 1 Եկեցեղու ընդհանուր տեսքը, լուս. Զ. Ըռքոյանի։

նկ. 3 Եկեղեցու ներքին տեսքը, լուս. Զ. Ըռքոյանի։

նկ. 5 Եկեղեցու մուտքի մոտ ագուցված խաչքարը, լուս. Զ. Ըռքոյանի։

Գրականություն

  1. ԴՀՎ 1982 - Դիվան հայ վիմագրության, պրակ 5, Արցախ, Երևան:
  2. Կարապետյան 1999 – Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան։
  3. Յակոբեան 2009 – Յակոբեան Ա․, Պատմա-աշխարհագրական և վիմագրագիտական հետազոտություններ (Արցախ եւ Ուտիք), Վիեննա-Երևան։
Հերիկի սբ․ Գևորգ եկեղեցի
Հերիկի սուրբ Գևորգ եկեղեցի
Հերիկի սուրբ Գևորգ եկեղեցի
Արցախ