Ճոխտ Պըռվածառ (Զույգ պառավածառ) վանք

Տեղադրություն

Վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Զարդանաշեն (Զարդարաշեն կամ Վերին Թաղավարդ) գյուղից 1,7 կմ հարավ-արևելք, բարձրադիր անտառապատ լեռնաբազկի գագաթային մասում, ծովի մակերևույթից 1383 մետր բարձրության վրա: Այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից:

Պատմական ակնարկ

19-րդ դարի վերջերին համալիրն ամբողջովին գտնվում էր հողի տակ, պատված ծառերով և թփերով: Երևում էր միայն մեկ խաչքար, որը դարձել էր ուխտատեղի: Գյուղացիներից մեկը որոշում է այստեղ մատուռ կառուցել, հիմքը փորելիս բացվում են եկեղեցին և գավիթը (Լեո 1985, 28-29, Բարխուտարեանց 1895, 91): Բացվում են նաև երկու խաչքարեր՝ խիստ ուշագրավ արձանագրություններով (ըստ Բարխուդարյանցի երկու արձանագրություններն էլ փորագրված են եղել նույն կոթողի վրա, Բարխուտարեանց 1895, 91):

Նրանցից մեկը հայտնում է. «Սուրբ Պետրոս. կանգնեցի զխաչս ի փրկութիւն հոգո իմո և ծնողաց իմոց: Արդ որք երկրպագէք սուրբ նշանիս, զիս յաղաւթս յիշեցէք և Աստուած զձեզ յիշեսցէ. :ՆԽԶ: (997 թ.) էր»։ Երկրորդ արձանագրությունը հետևյալն է. «Սուրբ Պաւղոս. յամս աստուածապատիւ և հոգևոր տեառն Յովհաննիսի Ամարասա եպիսկոպոսին և պետութեան տեառն Գագիկա Աղուանից իշխանաց իշխանի, ես հայր Կիրակոս առաջնորդ սուրբ ուխտիս, եղբաւրորդի Կոկոնա…» (Բարխուտարեանց 1895, 91, հմմտ. Լեո 1985, 29): Այս կարևոր արձանագրությունները հիմք են տալիս հավաստել, որ վանքային համալիրը 10-րդ դարի վերջերին արդեն գոյություն ուներ, որ այն մտնում էր Ամարասի թեմի մեջ, իսկ քաղաքականապես Աղվանքի իշխանաց իշխան կամ այլ տեղեկություններով՝ թագավոր Գագիկի տերության մեջ (հմմտ., ԴՀՎ 5, 173: Հակոբյան 2020, 242-243): Հարկ է նկատի ունենալ, որ Արցախը և Ուտիքը, որ 5-րդ դարում Սասանյան արքունիքի կողմից միացվել էին Աղվանից թագավորությանը և Աղվանից եկեղեցուն, հետագայում կոչվել են նաև Աղվանք, այսինքն՝ տվյալ դեպքում խոսք է գնում ոչ թե Կովկասյան կամ Կուրից հյուսիս գտնվող Աղվանքի, այլ Արցախի՝ տվյալ դեպքում Հարավային Արցախի կամ Գորոզուի թագավորության/իշխանության մասին: Ցավոք խաչքարերը (կամ խաչքարը) այս դարասկզբին արդեն տեղում չէին: Հավանական է, որ դրանք նորից պատվել են հողի և բուսականության շերտով:

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Չնայած վանքի նման կարևորությանը, հատկապես երբ նկատի ենք ունենում հարուստ արձանագրական նյութը (դրանց թիվը մոտ մեկ տասնյակ է,  վերաբերում են 10-13-րդ դարերին, Բարխուդարյանցը հրատարակել է վեցը՝ տե՛ս Բարխուտարեանց 1895, 90-91), այն անկախության տարիներին հատուկ չի հետազոտվել, չի չափագրվել և չի մաքրվել: Առկա տվյալներով վանքը բաղկացած է եկեղեցական կառույցների երկու խմբից։ Հարավային խմբի մեջ մտնում են երկու եկեղեցի-մատուռներ (նկ. 1, 2), հյուսիսային խումբը (նկ. 3), որ ներառված է պարսպի մեջ (նկ. 4)՝ բաղկացած է եկեղեցուց և գավթից: Այն բացվել է 19-րդ դարի վերջերին, այստեղից են ծագում և վերոբերյալ արձանագրությունները: Բոլոր կառույցները թաղածածկ սրահներ են՝ կառուցված խոշոր կոպտատաշ քարերով և կրաշաղախով:  Հուշարձանի տարածքում պահպանվել են նաև 10-13-րդ դարերին պատկանող մոտ մեկ տասնյակ խաչքարեր ու քանդակազարդ բեկորներ (նկ. 5):

նկ. 1 Կառույցների հարավային խումբը, լուս. Հ. Պետրոսյանի:

նկ. 3 Կառույցների հյուսիսային խումբը, լուս. Լ. Հովհաննիսյանի:

Նկ. 4 Հատված հյուսիսային խումբը ներառող պարսպից, լուս. Լ. Հովհաննիսյանի:

Նկ. 2 Կառույցների հարավային խումբը, լուս. Հ. Պետրոսյանի:

Նկ. 5 Խաչքար, 10-11-րդ դարեր, լուս. Լ. Հովհաննիսյանի:

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Վանքն  արցախյան առաջին պատերազմի ժամանակ չի տուժել: 44-օրյա պատերազմի ընթացքում և օկուպացիայից հետո վանքի վիճակի մասին տեղեկություններ չկան:

 

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ. Արցախ, «Արօր»:
  2. Լեո 1985 – Լեո, Ուխտավորի հիշակարանը, Լեո, Երկերի ժողվածու, «Սովետական գրող» հրատ., Երևան:
  3. Հակոբյան 2020 – Հակոբյան Ա., Արքայատոհմերն ու իշխանատոհմերը բուն Աղվանքում և Հայոց արևելից կողմանքում անտիկից մինչեւ ԺԳ դար (պատմա-աղբյուրագիտական քննություն), «Գիտություն», Երևան:
  4. Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, «Հայաստան» հրատ., 1985:
Ճոխտ Պըռվածառ (Զույգ պառավածառ) վանք
Ճոխտ Պըռվածառ (Զույգ պառավաժառ) վանք
Մարտունու շրջան
Արցախ