Մկնատամի խաչ վանք

Տեղադրություն

Վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի (Լաչինի շրջան) Տանձուտ և Մոշաթաղ գյուղերի միջնամասում՝ Աղավնագետի Սթունիս վտակի ձախ ափին՝ ժայռե բլրակի վրա (նկ. 1):

 

նկ. 1 Վանքի ընդհանուր տեսքը, լուս․ Վ․ Իսախանյանի։

Պատմական ակնարկ

Վանքի մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Վանքի անվանումը կապված է մկնատամ (մաշկի սնկային հիվանդություն) հիվանդության բուժման հետ (Կարապետյան 1999, 138):

Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին կառուցված է կապտավուն բազալտի սրբատաշ քարերով և կրաշաղախով: Այն միանավ թաղածածկ փոքրիկ կառույց է (նկ. 2), արևմտյան միակ մուտքով և արևմտյան ու արևելյան լուսամուտներով: Տանիքը պատած է կիսաբոլորակ երիզ ունեցող ծածկասալերով: Մուտքի շրջանակն ու արևմտյան լուսամուտի պսակը քանդակազարդ են (նկ. 3): Եկեղեցու պատերը զուրկ են արձանագրություններից: Կառուցման տեխնիկան, քանդակները հավանական են դարձնում 12-13-րդ դարերով թվագրելը:

նկ. 2 Վանքի ընդհանուր հատակագիծը, Ս. Կարապետյան, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, 1999, էջ 138։

նկ. 3 Եկեղեցու արևմտյան մուտքը, լուս․ Գ․ Պետրոսյանի։

Մատուռին հարավից կից է կոպտատաշ քարերով կառուցված քառանկյուն մի շինություն, որի անկյունաքարերը և մուտքի բարավորը սրբատաշ քարերով են կառուցված, մուտքն արևելքից է (նկ. 4): Շինությունը ներքուստ ունի բազմաթիվ խորշեր (նկ. 5): Դատելով կառուցվածքից՝ չի բացառվում, որ շենքը ծառայել է իբրև գրատուն կամ գրապահոց (Կարապետյան 1999, 139):

 

նկ. 4 Վանքի արևելյան ճակատը, լուս․ Զ․ Ըռքոյանի։

նկ. 5 «Գրատան» ներքին խորշերը, լուս․ Զ․ Ըռքոյանի։

Վանքը վթարային վիճակում է, թափված են հյուսիսային և արևմտյան պատերի անկյունաքարերը (նկ. 6): Վնասված է եկեղեցու տանիքը: Փլված է կցակառույցի տանիքը:

նկ. 6 Եկեղեցու արևմտյան ճակատը, լուս․ Ա․ Ուրարտացու։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Խորհրդային տարիներին վանքը միտումնավոր ավերումների, արհեստական փոփոխությունների չի ենթարկվել, չի տուժել նաև Արցախյան պատերազմների ժամանակ:

2020 թվականին դեկտեմբերին Քաշաթաղի շրջանի ադրբեջանական վերահսկողությանը անցնելուց հետո հուշարձանի տարածքում փոփոխություններ և ավերումներ դեռ փաստագրված չեն, ադրբեջանական կողմը այն ներկայացնում է որպես աղվանական սրբարան և թվագրում 10-11-րդ դարերով:

Գրականություն

  1. Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան, 1999։
  2. Keçmiş döyüşçü Elsevər Hüseynov Laçın Dəmiroğlu pirindən Mirzə AzAD Studiyasına salamı var, https://www.youtube.com/watch?v=Alz1mfxgstM
  3. Пленные памятники Лачинского района, http://www.dqdk.gov.az/ru/view/objects/9
Մկնատամի խաչ վանք
Մկնատամի խաչ վանք
Մկնատամի խաչ վանք
Արցախ