Մոխրենեսի «Օխտը դռնի» վանք

Տեղադրություն

«Օխտը դռնի» վանքը գտնվում է Հադրութի Մոխրենես գյուղից 3,5 կմ հյուսիս-արևմուտք,Յուղուսեն լեռան լանջին, Գտիչ բերդի մոտ, պատմական Արցախի Սիսականի Ոստան կամ Մյուս Հաբանդ կոչվող գավառում (Երեմյան 1969, 70)։ Այժմ օկուպացված է Արդբեջանի կողմից։ Վանքը գտնվում է ծովի մակերևույթից 1451 բարձրության վրա, լեռան անտառապատ գագաթին, դժվարամատչելի տեղանքում (նկ. 1):

Նկ. 1 Գլխավոր եկեղեցու ընդհանուր տեսքը, 2016 թ., լուս․Լ. Կիրակոսյանի:

Պատմական ակնարկ

Պատմական աղբյուրները համալիրի և այսօր կիսավեր պահպանված եկեղեցու մասին տեղեկություններ չեն հաղորդում: Ավանդության համաձայն Օխտը դռնի եկեղեցին կառուցել է հայրենիքի պաշտպանության համար զոհված յոթ եղբայրների քույրը, ում գերեզմանը վանքի բակում է, կոչվում է «Քրոջ գերեզման» և հայտնի ուխտատեղի էր (Մկրտչյան 1985, 90):

Ճարտարապետական - հորինվածքային քննություն

Վանքը բաղկացած է գլխավոր եկեղեցուց և նրանից հյուսիս-արևմուտք գտնվող երեք կառույցներից՝ միանավ եկեղեցի և նրան կից ուղղանկյուն հատակագծով երկու սրահներ (նկ. 2)։ Տեղում պահպանվել են նաև երկու խաչքարեր։ Գլխավոր եկեղեցին կիսավեր վիճակում է: Միանավ սրահից պահպանվել են բեմի խորանը և հարավային պատը մուտքով, որն ունի վաղ քրիստոնեական հուշարձաններին բնորոշ լյունետ (Հասրաթյան 1992, 28):

Նկ. 2 Վանքի գլխավոր հատակագիծը: Չափագրությունը՝ Ս. Կարապետյանի, Казарян А., Церковная архитектура стран Закавкаья VII века: формирование и развитие традиции, вол. 4, Локус Станди, Москва, 2013, էջ 46։

«Օխտը դռնի» վանքի գլխավոր եկեղեցին պատկանում է քառախորան՝ անկյունագծային խորշերով ճարտարապետական տիպի առանց ավանդատների ենթատիպին: Հատակագիծը կանոնավոր վարդյակի ձև ունի: Այն ամբողջանում է երկու մետր հավասար բացվածքով և մոտավորապես հավասար խորությամբ չորս պայտաձև խորաններով և իրենց բացվածքով դեպի դահլիճի կենտրոնն ուղղված 3/4 անկյունագծային խորշերով (նկ. 3)։ Այդ խորշերը, ինչպես այս խմբի մյուս վաղմիջնադարյան եկեղեցիներում է (Ավան-հռիփսիմեատիպ հուշարձաններ), չունեն ավանդատուն տանող միջանցքի նշանակություն և զուտ դեկորատիվ են։ Արտաքուստ խորանները շեշտված են կիսաշրջանաձև, իսկ անկյունային խորշերը՝ փոքր ինչ կորացված ծավալներով: Խորանների ու խորշերի միջև կիսաբոլորակ տեսքով որմնամույթերն են, որպիսիք չեն հանդիպում այդ տիպի մյուս հուշարձաններում (նկ. 4): Եկեղեցու մուտքը բացվում է արևմտյան խորանի կողմից։ Արևելյան խորանի մեջ առկա  են երկու պատուհաններ։

Նկ. 3 Գլխավոր եկեղեցու հատակագիծը: Չափագրությունը՝ Ս. Կարապետյանի և Ա.Ղազարյանի, Казарян А., Церковная архитектура стран Закавкаья VII века: формирование и развитие традиции, вол. 4, Локус Станди, Москва, 2013, էջ 45։

Հուշարձանը կիսավեր է՝ պահպանվել են հյուսիսային խորանը մինչև կամարի վերևը, թմբուկի տակ՝ տրոմպներից ներքև, հարավային և հյուսիսային պատերը՝ կիսով չափ, արևմտյան պատի պահպանվածությունը հասնում է դռան բարավորի քարի նիշին: Դռան ուղղանկյուն (լայնությունը՝ 1,06 մետր) բացվածքը ծածկված է քարե սալով: Միակ պահպանված լուսամուտը բացված է հյուսիսային խորանի մեջ և ունի հորիզոնական բարավոր (նկ. 5): Ինչպես բարավորի այս կերպը, այնպես էլ խորանների հատակագծային և գմբեթարդների կամարների օմեգա տառի ձևի նմանակումը բացառիկ երևույթ են վաղմիջնադարյան հայ ճարտարապետության մեջ (Հասրաթյան 1992, 27): Համաժամանակյա մյուս հուշարձաններում դրանք կիսաշրջանաձև են կամ պայտաձև:

Մոխրենեսի եկեղեցու հարդարանքի միակ տարրերը աբսիդների կամարների իմպոստներն են: Դրանցից վեցը պարզ ձև ունեն՝ կորագիծ մակերևույթով և սալիկով ավարտվող քարեր են: Արևելյան՝ ավագ խորանի զույգ իմպոստներն ունեն դեկորատիվ հարուստ մշակում և փաստորեն խոյակներ են: Դրանք բարդ տրամատ ունեն՝ վերևում սալիկ, ապա կոր մակերևույթ, որից ներքև ուլունքների և ատամիկների շարքեր են (նկ. 6): Այս խոյակները միակ տարրերն են, որոնցով բեմի աբսիդը առանձնանում է մյուս աբսիդներից: Դռան և լուսամուտի երեսակալները զարդաքանդակված չեն․ երիզված են հասարակ տաշած քարով։

Նկ. 6 Ավագ խորանի իմպոստը, լուս․ Լ. Կիրակոսյանի:

Նկ. 7 «Կանդիլ միաբանի» խաչքարը, լուս․ Հ․ Պետրոսյանի:

Մոխրենեսի եկեղեցու թվագրման հարցում տեսակետները տարբեր են: Հասրաթյանը վերը թվարկած առանձնահատկություններն ու անկյունային խորշերի պատերի մեծ հաստությունը հիմք ընդունելով, եկեղեցին համարում է գմբեթավոր քառաբսիդ՝ անկյունագծային ուղղություններով տեղավորված խորշերով հորինվածքային տիպի առաջնեկը և կառույցը թվագրում է VI դարով (Hasratian 1988-1989, 372-373): Հուշարձանը 5-6-րդ դարերով է թվագրված նաև Պաուլո Կունեոյի մոտ (Cuneo, Lala Comneno, Manukian 1988, 84): Տիրան Մարությանը Մոխրենեսի եկեղեցին համարում է անկյունային սենյակներով՝ Հռիփսիմեատիպ կառույցների պարզեցված տարբերակ և այն վերագրում է VII դարին (Марутян 1989, 108): Արմեն Ղազարյանը հակված է հուշարձանի թվագրությունը հասցնել մինչև VIII դար (Казарян 2013, 44): Մոխրենեսի եկեղեցու թվագրման համար մենք ընդունելի ենք համարում ամենաուշը VII դարի վերջը: Դա է հաստատում նաև եկեղեցու հատակագծային, ծավալատարածական հորինվածքի, կառուցվածքի, շինարվեստի և դեկորի դիտարկումը:

Նկ. 4 Գլխավոր եկեղեցու կիսաբոլորակ տեսքով որմնամույթերը, լուս․ Լ. Կիրակոսյանի:

Նկ. 5 Եկեղեցու հյուսիսային խորանի ընդհանուր տեսքը, լուս․ Լ. Կիրակոսյանի:

Եկեղեցին շարված է անտաշ և կոպտատաշ բազալտ քարերով։ Պատերը հաստ են՝ 1,05-1,35 մետր: Պատերի շարվածքն իրականացված է խոշոր քարերով շարքերի և դրանց հաջորդող կրկնակի փոքր քարերի շարքերի վերադրմամբ: Կառուցված է ավանդական «միդիս» եղանակով՝ կրաշաղախի օգտագործմամբ: Կառույցը ներսից ծեփված է եղել կրաշաղախով, որի հետքերը որոշ տեղերում նկատվում են։

Գմբեթը, դժբախտաբար, լրիվ փլվել և թափվել է աղոթասրահի ներսը։ Փլվածքի վրա հողի շերտ է գոյացել։ Դռան բացվածքից երևում է, որ դահլիճի հատակը գտնվում է շուրջ մեկ մետր հաստությամբ փլվածքի ու հողաշերտի տակ։ Եկեղեցու պահպանվածության այս վիճակն անգամ չի խանգարում նկատել, որ հուշարձանը վերակառուցումների չի ենթարկվել և պահպանել է իր նախնական հորինվածքն ու կառուցվածքը: Պահպանված ծավալը հնարավորություն է տալիս վերակազմություն կատարել և պատկերացում տալ կառույցի արտաքին կերպարի մասին: Գմբեթատակ ութանկյունից անցումը գմբեթին, ինչպես նշում է Մ. Հասրաթյանը, իրականացված է եղել կեղծ առագաստի միջոցով. ուղղաձիգ ու հորիզոնական ուղղությամբ քարերի աստիճանական շեղումով ստացել են կրկնակի կորության մակերևույթ: Գմբեթը, ենթադրաբար, ունեցել է արտաքուստ ութանիստ թմբուկ (տրամագիծը 4,6 մետր) (Հասրաթյան 1992, 28) և սալապատ վեղար:

Եկեղեցու բոլոր խորաններն ու աղոթասրահի հատակն ունեն նույն նիշը՝ հանգամանք, որը բնորոշ է վաղ եկեղեցիներին: Աբսիդների արտաքինից կիսաշրջանաձևությունը ևս խոսում է Մոխրենեսի եկեղեցու հնավանդ հորինվածքի մասին: Վաղմիջնադարյան՝ արտաքուստ շեշտված աբսիդներ ունեցող հուշարձանները ավելի հին են, քան պատերի ուղղանկյուն պարագծում աբսիդ ունեցողները: Հայկական վաղ միջնադարի եկեղեցական ճարտարապետության մեջ դրանք արտաքուստ կիսաշրջանաձև կառույցներն են՝ Ցոլակերտ, Մորո ձորի վանք, Լուսակերտ, Վերիշեն (Հայկական ճարտարապետության պատմություն, 2004 118): Մոխրենեսի եկեղեցու արտաքին ծավալները բխում են ներքին կառուցվածքից և ներդաշնակ ամբողջականություն են կազմում:

Վանքի տարածքում պահպանվել են երկու խաչքարեր: Դրանցից մեկը գտվում է եկեղեցիներից դեպի հարավ-արևմուտք։ Ունի պարզ գծային հորինվածք և 1044 թվականի արձանագրություն, հիշատակվում է ոմն Կանդիլ միաբան (նկ. 7): Մյուս խաչքարը մեր վերջին այցելության ժամանակ (2016 թ.) դրված էր մուտքի սալի վրա (նկ. 8): Կլոր բլթակներով ավարտվող խաչը ներառված է եռանկյունիներով հարդարված եզրագոտու մեջ, վերին անկյուններից իջնում են խաղողի ողկույզներ։ Արձանագրությունը փորագրված է խաչի հորիզոնական թևերից ներքև և խաչատակին․  «:ՅՁ: (931 թ.)/ Յիշեայ Ք[րիստո]ս Ա[ստուա]ծ/ զԱշոտ եւ ողորմեայ»։

Նկ. 8 Մուտքի սալի վրա տեղադրված խաչքարը, լուս․ Լ. Կիրակոսյանի:

Մատենագրական քննություն

Եկեղեցու մասին հպանցիկ ներկայացում կա Մակար եպիսկոպոս Բարխուտարեանցի մոտ (Բարխուտարեանց 1895, 78): 1980-ական թվականներին Սամվել Կարապետյանի գիտարշավների ամփոփումներում տրված է հուշարձանի նկարագրությունը, քննարկված են թվագրության հետ կապված հարցեր, ներկայացված են չափագրություններ և թվակիր խաչքարի գրչանկարը (Մկրտչյան, Աբգարյան, Կարապետյան 1982, 46-50): Կառույցի առավել մանրամասն ճարտարապետական քննությունն իրականացված է Մ. Հասրաթյանի կողմից (Հասրաթյան 1992, 25-29): Եկեղեցու հատակագիծն ու կտրվածքը ներկայացված են Շ. Մկրտչյանի մոտ (Мкртчян 1989,74). Մոխրենեսի եկեղեցու արժեքավոր լուսանկարներ են ներառված Պաուլո Կունեոյի՝ կառույցին նվիրված հոդվածում, որը զետեղված է հայկական ճարտարապետական հուշարձանները ներկայացնող կատալոգում: Հուշարձանի տեղադրության, տիպաբանության, հորինվածքի, կառուցվածքի, շինարարական տեխնիկայի, վերակազմության և թվագրության հարցերն են արծածված Արմեն Ղազարյանի աշխատանքներում (Казарян 2013, 40-49): Մոխրենեսի ճարտարապետությանը անդրադարձել են նաև Ա. Զարյանը Պ. Տոնապետյանը:

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Մինչև արցախյան երկրորդ պատերազմը եկեղեցին գտնվում էր վերևում նկարագրված՝ կիսավեր վիճակում: 2020 թվականի աշնանը, Հադրութի շրջանը ադրբեջանական զորքերի օկուպացումից հետո, թշնամին գետնին է գլորել եկեղեցու մուտքին տեղադրված խաչքարը: Ներկա վիճակի մասին այլ տեղեկություններ չկան։

 

Գրականության ցանկ

1. Բարխուտարեանց 1895 - Մակար եպիս. Բարխուտարեանց, «Արցախ», «Արօր», Բագու:

  1. Երեմյան 1969 - Երեմյան Ս.,Հայաստանը ըստ «Աշխարհացույցի», Երևան:
  2. Հասրաթյան 1992 - Հասրաթյան Մ., Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը, «Հայաստանի ԳԱ հրատարակչություն», Երևան:
  3. Հայկական ճարտարապետության պատմություն - 2004, Հատոր երրորդ, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան:
  1. Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան» հրատարակչություն, Երևան:
  2. Մկրտչյան, Աբգարյան, Կարապետյան 1982 - Մկրտչյան Շ., Աբգարյան Ռ., Կարապետյան Ս., Մոխրենեսի «Օխտը դռնի» վանքը, «Էջմիածին», ԺԱ-ԺԲ, էջ 46-50:
  3. Казарян 2013 - Казарян А., Церковная архитектура стран Закавкаья VII века: формирование и развитие традиции, вол. 4, Локус Станди, Москва.
  4. Марутян 1989 - Марутян Т., Архитектурные памятники: Звартноц, Аван, Рипсиме, Собор Анийской богоматери, Изд-во «Хорурдаин грох», Ереван.
  5. Мкртчян 1989 - Мкртчян Ш., Историко-архитектурные памятники Нагорного Карабаха /второе издание/, «Парберакан», Ереван.
  6. Hasratian 1988-1989 - Hasratian М., La tetraconque a niches d`angle de Мoxrenis, REArm, tome XXI, Paris.
Մոխրենեսի «Օխտը դռնի» վանք
Մոխրենեսի «Օխտը դռնի» վանք
Հադրութ
Արցախ