Շալվայի սբ․ Պողոս-Պետրոս եկեղեցի

Տեղադրությունը

Շալվա գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, Բերձորից 53 կմ հյուսիս, Հակարի գետի Շալվա վտակի ափին։ Գյուղի հարավային հատվածում է գտնվում 17-18-րդ դարերի ս Պողոս-Պետրոս եկեղեցին (նկ 1, 2)։ 

Նկ․ 1 Շալվայի ս․ Պողոս-Պետրոս եկեղեցին արևմուտքից, լուս. https://mapio.net/pic/p-44981882/ կայքէջից։

Նկ․ 2 Շալվայի ս․ Պողոս-Պետրոս եկեղեցին հարավից, լուս. https://mapio.net/pic/p-44981882/ կայքէջից։

Պատմական ակնարկ 

Շալվայի ս Պողոս-Պետրոս եկեղեցու մասին պատմական տեղեկություններ չկան։ Առաջին անգամ եկեղեցուն անդրադարձ է կատարվում «Դիվան հայ վիմագրության» աշխատության 5-րդ պրակում, որտեղ նշվում է, որ «Շալվա գյուղում կա մի թաղակապ եկեղեցի, որի պատերի մեջ օգտագործված են բազմաթիվ խաչքարեր և տապանաքարեր» (ԴՀՎ 1982, 195) (նկ 3, 4):

Նկ․ 3 Շալվայի ս․ Պողոս-Պետրոս եկեղեցին արևելքից, լուս. Ս․ Կարապետյանի, «Հայկական պատմական հուշարձաններ» կայքէջ։

Նկ․ 4 Շալվայի ս․ Պողոս-Պետրոս եկեղեցու խորանի լուսամուտը արտաքինից, լուս. Ս․ Կարապետյանի, «Հայկական պատմական հուշարձաններ» կայքէջ։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Եկեղեցին կառուցված է անմշակ քարով և կրաշաղախով։ Կառույցը թաղածածկ, արևելյան կողմում խորանով և զույգ ավանդատներով միանավ բազիլիկ է: Ունի մեկ մուտք արևմտյան կողմից և չորս պատուհան՝ երեքը արևելյան, և մեկը արևմտյան կողմից: Աղոթասրահի հյուսիսային պատի վրա առկա է մկրտության ավազանի համար նախատեսված խորշ։ Կառույցն ունի արտաքին չափերի 13,50x8,45 մետր հարաբերակցություն (Կարապետյան 1999, 165) (նկ 5)։  Պատերի մեջ օգտագործել են բազմաթիվ խաչքարեր և տապանաքարեր, որոնց վրա պահպանվել են 17-րդ դարի (1611, 1629, 1651 թվականներ) երեք արձանագրությունները: 

Նկ․ 5 Շալվայի ս․ Պողոս-Պետրոս եկեղեցու հատակագիծը, Ս. Կարապետյան, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, էջ 166։

Նկ․ 6 Եկեղեցու մուտքից ձախ կանգնեցված խաչքարը, լուս․ Դ․ Դավթյան։

Մատենագրական քննություն

«Դիվան հայ վիմագրության» աշխատության 5-րդ պրակում ս․ Պողոս-Պետրոս եկեղեցուց ներկայացված է երեք արձանագրություն (ԴՀՎ 1982, 195): Հետազոտող Ս․ Կարապետյանը, բացի հուշարձանը նկարագրելուց, նույնպես անդրադարձել է արձանագրություններին և որոշ ճշտումներ մտցրել (Կարապետյան 1999, 165)։

 

Գրականություն

1․ ԴՀՎ 1982 - Դիվան հայ վիմագրության, պր. 5, Երևան։

2․ Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան:

Շալվայի սբ․ Պողոս-Պետրոս եկեղեցի
Շալվայի սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի
Քաշաթաղի շրջան
Արցախ