Տողի սբ․ Ստեփանոս եկեղեցի

Տեղադրությունը

  Սուրբ Ստեփանոս եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղի հարավ-արևմտյան մասում, հին գերեզմանոցի մոտ  (նկ 1)։

 

Նկ․ 1 Սուրբ Ստեփանոս եկեղեցին, տեսքն արևմուտքից, լուս․Գ․ Բուդաղյանի:

Պատմական ակնարկ

Եկեղեցու կառուցման մասին ստույգ տեղեկություններ չեն պահպանվել։ Սարգիս Ջալալյանցն իր «Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան» գրքում նկարագրում է, որ Տողում եղած ժամանակ բնակիչները պատմել են եկեղեցու  կառուցման մասին մի պատմություն, ըստ որի՝ իշխանների սերունդներից մի մարդ բռնությամբ մահմեդականություն ընդունեց, իսկ հետո ապաշխարեց և ի նշան ճշմարիտ հավատի՝ կառուցեց Սուրբ Ստեփանոս և Կուսանաց անապատ եկեղեցիները (Ջալայանց 1858, 260)։

Եկեղեցու մուտքի բարավորի արձանգրությունը հայտնում է. «Թվ ։ՌՃՂՁ։ (1747)։  Յիշատակ է սուրբ ըՍտեփանոս եկեղեցուս գլուխն, որ նորոգեց Մելիք Եգան և որդին Մելիք Եսային։ Յիշատակ հոգոյ» (Բարխուտարեանց 1895, 78): Սրանից էլ ենթադրվում է, որ եկեղեցին գոյություն է ունեցել վաղուց, իսկ Մելիք Եգանն ու որդին նորոգել են եկեղեցու կտուրը։ 

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Սուրբ Ստեփանոս եկեղեցին ուղղանկյուն երկայնական թաղածածկ դահլիճ է, ունի 12 մետր երկարություն և 7,8 մետր լայնություն (նկ․ 2)։ 

Եկեղեցին ներսից Т-աձև սյունով բաժանվում է երկու անհավասար նավերի, ճարտարապետական մի լուծում, որը նմանօրինակը չունի։ Հյուսիսային նեղ հատվածում պահպանվել են տապանաքարեր։ Կարելի է ենթադրել, որ այս նեղ սրահը յուրօրինակ տապանատան-գավթի դեր է խաղացել։ Տեղանքի թեքության պատճառով եկեղեցու հատակն ավելի ցածր է բակի նիշից, արևմտյան կողմում այն խրված է գետնի մեջ 1,5 մետր խորությամբ։ Եկեղեցու միակ մուտքը բացվում է արևմտյան ճակատից, մի փոքր ավելի կենտրոնից աջ։ Դահլիճը արևելյան կողմից պսակում են խորանը և նրան հյուսիսից ու հարավից կից երկու ավանդատները։ Խորանն ունի շեշտված կիսաշրջանաձև տեսք, երկու կողմից՝ հյուսիսից և հարավից ունի պահարան խորշեր։ Շենքը կառուցված է սրբատաշ և կոպտատաշ քարերով։ Սրբատաշ են թաղի կամարները, մուտքը և լուսամուտները։ Որմնասյուները կառուցված են պատի շարվածքի սկզբունքով՝ արտաքին երեսները սրբատաշ քարերից, միջուկը՝ կրաշաղախ լիցքով։ Պատերի մեջ ագուցված են ավելի քան 50 խաչքարեր, խաչաքանդակ սալեր, տապանաքարեր, վաղքրիստոնեական կոթողների մասեր (նկ․ 3, 4): Դրանց  մի մասի վրա պահպանվել են 15-17-րդ դարերի արձանագրություններ (ԴՀՎ 1982, 176), որոնք վկայում են, որ եկեղեցին կառուցվել է ավելի վաղ այստեղ եղած կառույցների տեղում, որոնց  քարերն էլ վերաօգտագործվել են նոր եկեղեցու կառուցման ժամանակ։ Չափերով և գեղարվեստական մշակմամբ առանձնանում է արևմտյան ճակատում` մուտքի աջ հատվածում պատի մեջ ագուցված խաչքարը, որն ունի հետևյալ արձանագրությունը՝ «Թվին ։ՋՁ։ (1531) ես Տ[է]ր Դանի[էլ] կ[ա]ն[կն]եց[ու]ցի» (ԴՀՎ 1982, 177, նկ 4)։

Եկեղեցու շրջապատում պահպանված հին գերեզմանատան տապանաքարերն ունեն թեմատիկ հորինվածքներ, որոշները նաև արձանագիր են։ Եկեղեցուց հյուսիս-արևմուտք գտնվող տապանաքարի հորինվածքը ներկայացնում է մետաղագործ վարպետի գործիքներն ու ջրամանը (նկ. 5), իսկ արձանագրությունը հայտնում է «Ուստայ Յեհանէս թվին ։ՋՂԴ։ (1545)»:

 

Նկ․ 2 Սբ․ Ստեփանոս եկեղեցու հատակագիծը, Շ. Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան 1985, էջ 77։

Նկ․ 3 Եկեղեցու արևմտյան պատին, մուտքից ձախ ագուցված խաչքարը, լուս․ Հ․ Պետրոսյանի։

Նկ․ 4 Եկեղեցու արևմտյան պատին, մուտքից աջ ագուցված խաչքարը, լուս․ Հ․ Պետրոսյանի։

Նկ․ 5 Ուստա Յեհանէսի տապանաքարը, լուս․ Հ․ Պետրոսյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Եկեղեցին Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ չի տուժել։

 

Գրականություն

1   Բարխուտարեանց Մ, Արցախ, Բագու, 1895։

2   ԴՀՎ 5, 1982 - Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կազմեց՝ Ս Բարխուդարյանը, Երևան։

3 Մկրտչյան 1980 - Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան։

4․Ջալալեանց 1858-  Ջալալեանց Ս․, Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մաս Բ, Տփղիս։

 

 

Տողի սբ․ Ստեփանոս եկեղեցի
Սուրբ Ստեփանոս
Տող
Արցախ