Վակունիսի եկեղեցի

Տեղադրություն

Վակունիս գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, Բերձորից 46 կմ հյուսիս, Հակարի գետի Շալվա վտակի ափին։ Գյուղի կենտրոնական հատվածում է գտնվում 17-րդ դարի եկեղեցին (նկ․ 1, 2)։

Նկ․ 1 Վակունիսի եկեղեցու տեսքը հարավ-արևմուտքից, լուս. Հ․ Աբրահամյանի։

Նկ․ 2 Վակունիսի եկեղեցու տեսքը հարավ-արևելքից, լուս. Հ․ Աբրահամյանի։

Պատմական ակնարկ

Վակունիսի եկեղեցու մասին պատմական տեղեկություններ հայտնի չեն։ Հիմք ընդունելով  ճարտարապետական-հորինվածքային լուծումները և ագուցված խաչքարերն ու տապանաքարերը՝ եկեղեցին 17-րդ դարի կառույց է: 18-րդ դարի երկրորդ կեսից տեղում հաստատված քրդերը կառույցը օգտագործել են տնտեսական նպատակներով։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Եկեղեցին կառուցված է տեղական անմշակ քարով և կրաշաղախով։ Կառույցը արևելյան կողմում ուղղանկյուն խորանով և զույգ ավանդատներով միանավ բազիլիկ է (նկ․ 3), արտաքին 11․70x8․20 մետր չափերով (Կարապետյան 1999, 171, նկ․ 4)։

Նկ․ 3 Վակունիսի եկեղեցու տեսքը ներսից, լուս. Հ․ Աբրահամյանի։

Կիսագլան թաղն (այն ամբողջովին բացակայում է) ամրացվել է հյուսիսային և հարավային պատերին կցված մեկական որմնասյուներր վրա բարձրացող կամարով։ Միակ մուտքն արևմուտքից է, այն սլաքաձև է, եզրավորված հին խաչքարերով և տապանաքարերով (նկ. 5, 6): Հյուսիսային պատում` ավանդատանը մոտ, ներկառուցված է սլաքաձև մկրտության ավազանը: Խաչքարեր և տապանաքարեր են օգտագործվել նաև ավանդատների մուտքերի ձևավորման մեջ: Եկեղեցին ունի երեք լուսամուտ, որոնք բացվում են ավագ խորանի և ավանդատների արևելյան պատերում:

 

Նկ․ 6 Վակունիսի եկեղեցու մուտքի ձախ եզրաքար օգտագործված տապանաքարը, լուս. Հ․ Աբրահամյանի։

Նկ․ 4 Վակունիսի եկեղեցու հատակագիծը, Ս. Կարապետյան, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, էջ 173։

Նկ․ 5 Վակունիսի եկեղեցու մուտքը, լուս. Հ․ Աբրահամյանի։

Պատերի մեջ օգտագործվել են 13-17-րդ դարերի բազմաթիվ խաչքարեր և տապանաքարեր (նկ․ 7, 8), որոնցից երեքի վրա առկա են արձանագրություններ (Կարապետյան 1999, 173): Եկեղեցուն արևմուտքից կից պահպանվել են ավելի հին սրբատաշ կառույցի հետքերը: Կառույցի շուրջը փռված է եղել համաժամանակյա գերեզմանատունը, որից պահպանվել են մի քանի տապանաքարեր։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Վակունիսի եկեղեցին պատերազմից առաջ, բացի կառույցի ներսից դուրս բերված լցված հողը, ուրիշ ոչ մի փոփոխության չի ենթարկվել։

Նկ․ 7 Վակունիսի եկեղեցու հարավային ավանդատան մուտքի բարավոր օգտագործված տապանաքարը, լուս. Հ․ Աբրահամյանի։

Նկ․ 8 Վակունիսի եկեղեցու պատերի մեջ օգտագործված խաչքարերից, լուս. Հ․ Աբրահամյանի։

Մատենագրական քննություն

Հետազոտող Ս․ Կարապետյանն իր «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում Վակունիս գյուղն անվանում է Բճանց և նույնացնում Դադիվանքի կաթողիկե եկեղեցու 1214 թվականի արձանագրության մեջ հիշատակված գյուղին (Կարապետյան 1999, 171)։

 

Գրականություն

1․ Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան:

Վակունիսի եկեղեցի
Վակունիսի եկեղեցի
Վակունիս
Արցախի Հանրապետություն