Հակի սբ. Մինաս եկեղեցին

Տեղադրություն

Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի (Լաչինի շրջան) Հակ (Մինքենդ) գյուղում: Գյուղը գտնվում է Աղավնագետի ձախ կողմում, ծովի մակերույթից 1720-1800 մետր բարձրության վրա (Կարապետյան 1999, 128):

 

Պատմական ակնարկ

Գյուղն առաջին անգամ հիշատակվում է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի մոտ՝ որպես պատմական Սյունիքի հյուսիս-արևելյան մասում գտնվող և պատմական Արցախին սահմանակից Աղահեճք գավառի գյուղ, որը հարկատու էր Տաթևի վանքին (Հակոբյան, 1960, 209): Այն վանքին վճարում էր 15 միավոր հարկ (Օրբէլեան 1910, 516): Գյուղի Մինքենդ (թուրք. բառացի` հազար գյուղ)  անվանման ժողովրդական ստուգաբանությունն այն կապում է մի ավանդության հետ, ըստ որի այն Լենկ Թեմուրի արշավանքի ժամանակ ավերված 1000-րդ բնակավայրն էր (Ղանալանյան 1969, 172):

Գյուղը հայաբնակ է եղել մինչև 18-րդ դարի սկզբները, հետագայում հայաթափվել է: Տեղում հաստատվել են քրդեր: Միայն 1841 թվականին գյուղում կրկին հայ բնակչություն է վերադարձել, երբ գյուղում հաստատվել են Խնձորեսկ գյուղից տեղափոխված հայերը, որոնք բնակվում էին առանձին թաղամասում: Հայ բնակչությունը զգալի տուժել է 1905 թվականի հայ-թաթարական բախումների ժամանակ, իսկ 1918 թվականին վերջնականապես գյուղը հայաթափվել է: Խորհրդային տարիներին գյուղի բնակչությունը թրքացած քրդերն էին (Կարապետյան 1999, 129-130):

Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն

Սուրբ Մինաս եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում (նկ. 1, 2):

նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս. Հ. Աբրահամյանի:

նկ. 2 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս. Ռ. Մաթևոսյանի:

Հատակագծում եռանավ բազիլիկ տիպի թաղածածկ, երկթեք տանիքի տակ առնված  եկեղեցի է (նկ. 3):

 

նկ. 3 Եկեղեցու հատակագիծը, Ս. Կարապետյան, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, 1999, էջ 130։

Արևելքում ավարտվում է կիսաշրջան խորանով և կից ավանդատներով: Ունի ընդարձակ չափեր (22,58x12,60 մետր): Կառուցված է կոփածո գորշ-դեղնավուն սրբատաշ և կոպտատաշ քարերով ու կրաշաղախով: Միակ մուտքը գտնվում է հարավային կողմում (նկ. 4): Այն սլաքաձև է, եզերված թեք գլանիկներով հարդարված շրջանակով: Ուղղանկյուն բարավորին փորագրված է շինարարական արձանագրությունը «Շինեցաւ ս[ուր]բ եկեղեցիս նորակ|նունք` Հակայ ժողովուրդս. Թվ(ին) :ՌՃԻԴ: (1675)» (ԴՀՎ 1982, 194): Արձանագրության երրորդ տողն անհայտ պատճառով քերված է: Վիմագրի աջ անկյան մոտ 19-րդ դարին բնորոշ ոճով փորագրված է «1673» թվականը (նկ. 5): 19-րդ դարում եկեղեցին երբեմն հիշատակվում է նաև Սուրբ Գևորգ անվամբ: Եկեղեցին որպես Հակի ծխական եկեղեցի վերսկսում է գործել 1858 թվականից: Հավանական է, որ այս ժամանակ էլ վերափոխվել և ընդարձակվել են հարավային զույգ լուսամուտները:

նկ. 4 Եկեղեցու գլխավոր մուտքը, լուս. Հ. Աբրահամյանի:

նկ. 5 Եկեղեցու շինարարական արձանագրությունը, լուս. Հ. Աբրահամյանի:

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Եկեղեցին խորհրդային տարիներին գտնվում էր վթարային վիճակում: Այն չի տուժել Արցախյան պատերազմների ժամանակ: 2009 թվականին վերանորոգել է Թուֆենկյան հիմնադրամը՝ Վիրջինիա Դևիսի մեկենասությամբ: Նույն թվականին էլ այն վերաօծվել է: 2020 թվականի դեկտեմբերին Քաշաթաղի շրջանի ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո եկեղեցին դեռ կանգուն էր, տեղում էր և մուտքի բարավորի արձանագրությունը:

 

Գրականություն

  1. Դիվան հայ վիմագրության, պրակ 5, Արցախ, Երևան, 1982:
  2. Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան, 1999:
  3. Հակոբյան Թ., Ուրվագծեր Հայաստանի պատմական աշխարհագրության, Երևան, 1960:
  4. Ղանալանյան Ա., Հայկական ավանդություններ, Երևան, 1969:
  5. Ստեփանոս Օրբէլեան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս, 1910:
Հակի սբ. Մինաս եկեղեցին
Հակի սբ. Մինաս եկեղեցի
Հակ
Արցախի Հանրապետություն