Հոչանցի սբ. Ստեփանոս եկեղեցին

Տեղադրություն

Եկեղեցին գտնվում է Քաշաթաղի շրջանի Հոչանց գյուղի կենտրոնում՝ բարձունքի վրա։

Պատմական ակնարկ

Քաշաթաղի գավառի առավել հայտնի ու պատմական հարուստ անցյալով նշանավոր գյուղերից է Հոչանցը։ Գյուղի առաջին հիշատակությանը հանդիպում ենք Ստ. Օրբելյանի կազմած Աղահեճ գավառի գյուղերի ցուցակում՝ Հունչաք ձևով (Օրբելեան 1912, 372)։ Գյուղը հիշատակվում է նաև 17-րդ դարի սկզբներին երբ Տաթևի անապատից հեռացած երկու եպիսկոպոսներ նրա մերձակայքում հիմնում են Հոչանց անապատը (Դաւրիժեցի 1896, 260) և 17-րդ դարի վերջին, երբ Կարբի գյուղի հայերն այդ գյուղի մոտ ընդհարվել էին վրանաբնակ քրդերի հետ (Զաքարեայ 1870, 9):

Եկեղեցու մասին առաջին տեղեկությունը 19-րդ դարի վերջից է, հայաթափ գյուղի լքված եկեղեցին քրդերն օգտագործում էին որպես անասնակերի պահեստ (ԱՀ 1898, 50): Դեռևս անցած դարի 60-ական թվականներին եկեղեցու արևմտյան պատի մեջ պահպանվում էր մի սալաքար հետևյալ արձանագրությամբ. «Յանուն այ. ես Հէկազ/ սրանոցին հայրէնի/իքն`:Դ։ բաժին/. Ա։ իմ էր` ետ/վի վախմ Ըստ/եփանոս ... (ԴՀՎ 5, 194): Արձանագրությունից պարզ է դառնում, որ եկեղեցին կոչվում է սուրբ Ստեփանոս:

Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցու կառուցման ժամանակի մասին ստույգ տվյալներ չկան։ Դատելով նրա ճարտարապետական տիպից, այն հավանաբար կառուցվել է 17-րդ դարի երկրորդ կեսին (նկ. 1)։ Այն միանավ, թաղածածկ հորինվածքով, անմշակ քարով և կրաշաղախով կառուցված շինություն է։ Ունի ավագ խորան, հարավից բացված միակ մուտք, չորս ճակատներից բացված մեկական՝ դեպի ներս լայնացող լուսամուտ և հյուսիսային պատի մեջ մկրտության ավազան, պատերի մեջ ագուցված է մի քանի խաչքար։ Արտաքին չափերն են՝ 13,40*8,15 մետր։

Նկ․ 1 Եկեղեցու հատակագիծը, Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 1999, էջ 164։

Խորհրդային վերջին տասնամյակներին եկեղեցու շենքը գյուղի համար ծառայում էր որպես հացի փուռ, այդ նպատակով եկեղեցու առանձին հատվածներ ձևափոխվել են, հարավից և արևմուտքից նրան կցվել են այլ շինություններ (Կարապետյան 1999, 164) (նկ. 2, 3)։

նկ. 2 Եկեղեցու ընդհանուր տեսքը Առաջին Արցախյան պատերազմից հետո, Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 1999, էջ 163։

նկ. 3 Եկեղեցու ընդհանուր տեսքը Առաջին Արցախյան պատերազմից հետո, Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 1999, էջ 163։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Եկեղեցին վերականգնվել էր 2019 թվականին և պատերազմից առաջ  ամբողջությամբ կանգուն էր (նկ․ 4)։ Քանի որ այս տարածքները բուն մարտական գործողություններից հեռու էին, պատերազմի արդյունքում եկեղեցին վնաս չի կրել։ Այս տարածքների՝ հայկական վերահսկողությունից դուրս հայտնվելուց հետո հուշարձանի մասին ոչինչ հայտնի չէ։

 

նկ. 4 Եկեղեցու ընդհանուր տեսքը վերականգնումից հետո, լուս․ Զ. Ըռքոյանի:

 Գրականություն

    1. ԱՀ 1898 – Ազգագրական հանդես, գիրք Դ, N 2, Թիֆլիս:
    2. ԴՀՎ 1982 – Դիվան հայ վիմագրության, Պրակ V, Արցախ, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան։
    3. Դաւրիժեցի 1896 – Պատմութիւն Առաքել Վարդապետի Դաւրիժեցւոյ, Տպարան Մայր Աթոռոյ Սուրբ Էջմիածնի, Վաղարշապատ։
    4. Զաքարեայ 1870 – Զաքարեայ Սարկաւագի պատմագրութիւն, Հատոր Երկրորդ, Ի տպարանի Սրբոյ ԿաթողիկԷ Էջմիածնի, Վաղարշապատ։
    5. Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, «Գիտություն» հրատարակչություն, Երևան:
    6. Օրբելեան 1912 – Ստ․ Օրբելեան, Պատմութիւն տանն Սիսական, Թիֆլիս։
Հոչանցի սբ. Ստեփանոս եկեղեցին
Հոչանցի Ս. Ստեփանոս եկեղեցի
Հոչանցի Ս. Ստեփանոս եկեղեցի
Արցախ