Պատարայի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցին կամ Փրկչի վանքը
Տեղադրությունը
Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղից 2,5 կմ հյուսիս-արևմուտք: Բացի եկեղեցուց (նկ. 1, 2), տեղանքում նկատելի են հին բնակավայրի և գերեզմանոցի մնացորդները (Բարխուտարեանց 1895, 158, Կարապետյան 1984, 83)։
Պատմական ակնարկ
Եկեղեցու և բնակավայրի մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Որոշ տեղեկություններ է պարունակում զգալիորեն վնասված շինարարական արձանագրությունը: Վերջինս փորագրված է ավագ խորանի բեմառէջքի վեց սալերի վրա՝ համաչափ ու մեծադիր տառերով (նկ. 3): Արձանագրությունը հրատարակել է Մակար Բարխուդարյանցը (Բարխուտարեանց 1895, 157): Այն փոքր-ինչ փոփոխված հրատարակված է նաև Դիվան հայ վիմագրության՝ Արցախին նվիրված պրակում. ‹‹Յանուն…զեկեղեցիս զդարապաս նկարաք…Ուխանին մեծունիքն. Յիս տվին արդն ծննդեան :Ը: աւրէքն և աղուհացից տաւներն և ի զատկէն ինձ ու նոր կիրակին զպատարագն մեզ առնեն. Դարապաս վաճառն Հուռահոա տներն եկեղեցոյս›› (ԴՀՎ 5, 142): Դատելով արձանագրությունից, կարելի է ենթադրել, որ Սբ․ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 12-13-րդ դարերում (Կարապետյան 1984, 83-84): Արձանագրության մեջ ընթերցվում է Վաճառ եզրը, որը մի քանի անգամ հանդիպում է Արցախի միջնադարյան այլ վիմագրերում ևս: Վաճառ անունով երկու բնակավայր է եղել Արցախում՝ Քարվաճառը և Հարվա Վաճառը (Պետրոսյան 2019, 11-12), որոնք առևտրական կենտրոններ էին: Բառացված չէ, որ մեր արձանագրության մեջ հղվում է Հարվա Վաճառը կամ էլ առևտրական մի այլ բնակավայր վանքի մոտակայում: Արձանագրության մեջ հիշատակվող մյուս կարևոր եզրը դարապասն է: Հայտնի է, որ միջնադարյան Հայաստանում դարաբաս կամ դարապաս էին անվանում իշխանական ապարանքները: Խաչենի իշխանական ապարանքի ավերակները ևս կրում էին Դարպասներ անվանումը (Ղուլյան 1984, 51-53): Ըստ Շահեն Մկրտչյանի՝ այդ տարածքները 13-րդ դարի երկրորդ կեսին վարչական և հոգևոր կենտրոնի դեր էին կատարում Խաչենի իշխանության համար (Մկրտչյան 1985, 159-160):
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Ըստ հատակագծի՝ եկեղեցին ունի 11-13-րդ դարերում լայնորեն տարածված կից ավանդատներով միանավ թաղակապ դահլիճի հորինվածք (նկ. 4): Կառուցված է կոպտատաշ փոքր ու միջին չափի քարերով, սրբատաշ քարից են որմնասյուները և անկյունաքարերը: Արևմտյան ճակատի բարավորից անմիջապես վերև՝ պատի ամբողջ երկայնքով, գտնվում են փոքրիկ ուղղանկյուն անցքեր, ինչը ենթադրելի է դարձնում, որ ժամանակին այս պատին կից կառույց է եղել (նկ. 5): Եկեղեցին ունի երկու մուտք՝ արևմտյան (նկ. 6) և հարավային (նկ. 7): Շինաքարը տեղական չեչաքարն է: Խորանի երկու կողմերում ավանդատներն են (նկ. 8), հյուսիսային պատում՝ մկրտության ավազանը: Արևելյան ճակատում արտաքինից կան երկու եռանկյունաձև խորշեր, որոնք ձգվում են շենքի ամբողջ բարձրությամբ (նկ. 9, Կարապետյան 1984, 83-84):
Հարավային մուտքի մոտ կանգուն է մի խաչքար, որի ստորին մասում պատկերված է զինված հեծյալ (նկ. 10): Եկեղեցու որոշ քարերի վրա կան փորագրված նվիրատվական խաչեր (նկ. 11):
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Եկեղեցու տանիքը խոտածածկ է, արևելյան ճակատի կենտրոնում կա մեծ անցք: Օկուպացված է Ադրբեջանական զինված ուժերի կողմից։
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու:
- ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պրակ 5, Արցախ, կազմեց Ս. Բարխուդարյան, Երևան, 1982։
- Կարապետյան 1984 - Կարապետյան Ս., Պտրեցիք գետահովտի պատմաճարտարապետական հուշարձանները ըստ նորահայտ արձանագրությունների, Լրաբեր հասարակական գիտությունների, թիվ 8, էջ 75-86:
- Ղուլյան 1984 - Ղուլյան Ա., Խաչենի իշխանական ապարանքը, Լրաբեր հասարակական գիտությունների, թիվ 3, էջ 51-57:
- Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան:
- Պետրոսյան 2019 - Պետրոսյան Հ., Վաճառի սուրբ Ստեփանոս վանքի հնագիտական հետազոտության հիմնական արդյունքները և նորահայտ արձանագրությունները, Սեդրակ Բարխուդարյան 120: Գիտական հոդվածների ժողովածու, Երևան, Գիտություն, էջ 11-30:
Պատարայի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցին կամ Փրկչի վանքը
Արցախ