«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (MONUMENT WATCH) ծրագիրը նախաձեռնել են Համլետ Պետրոսյանը (Երևանի պետական համալսարան) և Աննա Լեյլոյան-Եկմալյանը (Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտ, INALCO, Փարիզ): Խմբի մեջ ներգրավված են հնագետներ, ճարտարապետներ, մշակութաբաններ, հայագետներ, մեդիա և ինտերնետ մասնագետներ, թարգմանիչներ:

MONUMENT WATCH անկախ ակադեմիական հարթակ է, որն արձանագրում է Արցախի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխությունները, այն ներկայացնում և մեկնաբանում է մասնագիտական գիտելիքի և ակադեմիական բարեվարքության սահմաններում:

Հիմնական նպատակներից է  44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի հանրապետության` Ադրբեջանին անցած տարածքների և արցախա-ադրբեջանական սահմանային գոտու անշարժ մշակութային ժառանգության, թանգարանների, մշակութային օջախների քարտեզագրումը և գույքագրումը (վիճակը մինչև պատերազմը),  ընթացիկ վիճակին հետևելը և փոփոխությունների վավերացումը (ավերում, ձևափոխում, վերօգտագործում, քանդակների, պատկերների, արձանագրությունների ջնջում ու փոփոխում, նոր սիմվոլների կիրառում և այլն), և այդ ամենը միջազգային գիտական ու մշակութապահպան հանրությանը ներկայացնելը: