Ասկերանի ամրոցը
Տեղադրությունը
Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերան քաղաքի հարավ-արևմուտքում, Կարկառ գետի ստորին հովտում։ 2023 թվականի սեպտեմբերից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։
Պատմական ակնարկ
Ասկերանի ամրոցը հիշատակում է Սարգիս Ջալալյանցը, նշելով՝ «Շուշի բերդաքաղաքին մոտ, կիրճերը պաշտպանելու համար Արցախի Փանահ խանի կառուցած ամրոց է, Գարգառ գետի ափին» (Ջալալյանց 2016, 174)։ Ամրոցի մասին տեղեկություններ են հաղորդում Ա-դոն (Ա-դո 1907, 190), Վ․ Պոտտոն (Потто 1901, 202), Ահմեդ բեկ Ջևանշիրը (Ахмед-бек 1901, 19-20), Միրզա Ջամալը (Мирза Джамал 1959, 102), Շ․ Մկրտչյանը (Մկրտչյան 1980, 137): Շ․Մկրտչյանի կարծիքով «անհիշելի ժամանակներից ամրոցը մոտակայքում գտնվող հայկական գյուղատեղիի հետ միասին կոչվել է Մայրաբերդ» (Мкртчян 1988, 162):
Ամրոցի կառուցման ժամանակաշրջանի ու ճարտարապետական առանձնահատկությունների մասին մանրամասն խոսում է Ս․ Սարգսյանը (Սարգսյան 2002, 110-135)։
Համաձայն աղբյուրների Ասկերանի ամրոցը կառուցվել է 18-րդ դարի երկրորդ կեսին` շինարարությունն իրականացվել է 1750-ական թվականներին (ձախակողմյան հատված) և 1788-89 թվականներին (աջակողմյան հատված) (Սարգսյան 2002, 11):
Ճարտարապետա-կառուցվածքային քննություն
Ասկերանի ամրոցը ձգվում է Ասկերան ավանի հարավային մասով և կազմված է Կարկառ գետի երկու ափերին տեղադրված համալիրներից` ձախակողմյան (հյուսիսարևմտյան) և աջակողմյան (հարավարևելյան)։
Ամրոցի ձախակողմյան համակառույցն ունի ավելի քան 140 մետր երկարություն, լայնությունը վերնամասում 15 մետր է, ստորին մասում`73 մետր (նկ․ 1): Այս համալիրն իր հերթին կազմված է երկու կից բաժանմունքներից, յուրաքանչյուրը` չորսական աշտարակով: Վերին բաժանմունքը (միջնաբերդը, նկ․ 2) կառուցված է համեմատաբար հարթ տարածքի վրա և զբաղեցնում է շուրջ 363 քառ. մետր տարածություն (Սարգսյան 2002, 121-122): Միջնաբերդը ներփակված է չորս նույնատիպ աշտարակներով և ամրոցապատերով (նկ․ 3): Դրանցից առաջինը՝ վերին աշտարակը, ունի 8 մետր բարձրություն: Եռահարկ է, յուրաքանչյուր հարկում մեկական մուտք` արևելյան կողմից (նկ․ 4): Առաջին հարկում կան թվով 6 հրակնատներ` կառուցված ծնկաչոք վիճակում հրաձգության համար: Երկրորդ հարկի հրակնատները հինգն են: Վերջին՝ երրորդ հարկը՝ 7 հրակնատով, համեմատաբար փոքր բարձրություն ունի (1,7 մետր): Սենյակներն ունեն 3,3-3,5 մետր լայնություն (Սարգսյան 2002, 123-125): Ձախակողմյան` հյուսիս-արևմտյան աշտարակը նույնպես եռահարկ է, յուրաքանչյուր բաժանմունքում մեկական մուտք: Աջակողմնյան` հարավ-արևելյան աշտարակն ունի 8,5-9,8 մետր բարձրություն: Հարավ-արևմտյան աշտարակն ունի 7,5 մետր բարձրություն: Մուտքերը նույնատիպ են, բացվում են հարավ-արևմուտք ուղղությամբ: Հյուսիս-արևմտյան աշտարակը երկհարկ է` որմնահեցով (նկ․ 5): Առաջին և երկրորդ հարկերում, դեպի հյուսիս, հարավ և արևելք ուղղված են 0,95 մետր միջին լայնությամբ հրակնատներ: Հյուսիս-արևելյան աշտարակը եռահարկ է, առաջին հարկում` ցածրիկ թաղով։ Մուտքերը բացվում են հյուսիս-արևելյան կողմից: Աշտարակի բարձրությունը 7,5 մետր: Հարավ-արևելյան և հարավ-արևմտյան աշտարակները իրար միանում շուրջ 73 մետր երկարությամբ պարսպապատով, որի վերնամասում, դեպի Կարկառ գետը ուղղված են մեկ տասնյակից ավելի հրակնատներ (նկ․ 6, Սարգսյան 2002, 125-128):
Աջակողմյան ամրոց-համալիրը ձգվում է շուրջ 220 մետր երկարությամբ։ Այն բաղկացած է աշտարակներից, դրանք միացնող զույգ պարսպապատերից, պաշտպանական այլ շինություններից (նկ․ 7)։ Համալիրի ստորին մասում (գետափին) տեղադրված շինություններից հարավայինը՝ ուղանկյուն հատակագծով շինություն է։ Դրա ներսում կան 4 փոքր չափերի խորաններ։ Մուտքը հարավային կողմից է։ Նույն շինության ներքուստ մեկ այլ մուտք տանում է հաջորդ (հյուսիս-արևելյան) շինությունը (հավանաբար զորանոց), որն ունի 35 մետր երկարություն և 18-24 մետր լայնություն։ Զորանոցից անցուղին 50 մետր ձգվում է դեպի հարավ-արևմուտք և միանում կիսակլոր, երկհարկանի աշտարակին (նկ․ 8)։ Զույգ պարիսպների միջև գաղտնուղին 1,25 մետր լայնություն ունի։ Գաղտնուղին նշված աշտարակից դուրս գալով, 53 մետր շարունակվում է դեպի հաջորդ կլոր հատակագծով երկհարկ աշտարակի ներքնահարկը (նկ․ 9)։ Հակառակ կողմից դուրս գալով՝ գաղտնուղին շարունակվում է դեպի հաջորդ երկհարկանի աշտարակը։ Այս աշտարակից գաղտնուղի-պարսպապատը դուրս գալով նկուղային հարկից շուրջ 53 մետր երկարությամբ բարձրանում է վեր կոնաձև բարձունքը և միանում միջնաբերդի ամրություններին։ Համակարգի հարավային եզրամասի շինությունները գրեթե ավերված են (նկ․ 10, 11)։ Նշված կառույցներին միահյուսված է կլոր հատակագծով երկհարկ աշտարակը։ Ներքնահարկի տանիքը հիմնականում փլված է։ Երկրորդ հարկից մի փոքրիկ մուտք տանում է դեպի արևելյան կողմից աշտարակին կից ուղղանկյուն հատակագծով երկհարկ շինությունը, որն ունի առաջին հարկից բացվող երկու մուտք։ Ամրոցի գրեթե բոլոր մուտքերը նախկինում փակվել են փայտե ամուր դարպասներով ու գերաններով (Սարգսյան 2002, 128-135):
Ասկերանը նշանակելի դեր է խաղացել 18-րդ դարի երկրորդ կեսին և հատկապես 19-րդ դարի սկզբներին, երբ բուռն իրադարձություններ էին տեղի ունենում Ղարաբաղը Ռուսաստանին միացման ժամանակաշրջանում (Потто 1901,202): Ամրոցը մեծ դեր է խաղացել նաև հետագայում`հաջողությամբ պայքարելով թեˊ ներքին, թեˊ արտաքին թշնամիների դեմ, մասնավորապես 1905-1906 թթ. և 1918-1920 թթ. հայ-թուրքական ընդհարումների ժամանակ (Սարգսյան 2002, 117-120):
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Ասկերանի ամրոցի վերականգնման ու կոնսերվացման աշխատանքները սկսվել են 2016 թվականին և շարունակվել մինչև 2023 թվականը։
Հուշարձանի ներկա վիճակի մասին տեղեկություններ չկան։
Գրականություն
- Ջալալյանց 2016 - Ջալալյանց Ս․, Ճանապարհորդություն դեպի Մեծ Հայք, մաս 1։
- Ա-դո 1907 - Ա-դո, Հայ-թուրքական ընդհարումները Կովկասում (1905 -1906 թթ), (Փաստական, վիճակագրական, տեղագրական լուսաբանութիւններով), Երևան։
- Потто 1901 - Утверждение русского владычества на Кавказе, под ред.В. Потто, т. 1, Тифлис․
- Мкртчян 1988 - Мкртчян Ш. Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, Ереван.
- Մկրտչյան 1980 - Մկրտչյան Շ․ Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները Երևան։
- Սարգսյան 2002 - Սարգսյան Ս. Խաչենի ամրոցներ, Ստեփանակերտ։
- Սարգսյան 1996 - Սարգսյան Ս. Արցախի պատմաաշխարհագարագրական ճշտգրտումները, Երևան։
- Ахмед-бек 1901 - Джеваншир А. О политическом существовании Карабагского ханства с 1747 по 1805 год, Шуша.
- Мирза Джамал 1959 - Мирза Джамал Джеваншир Карабагский, История Карабага, Баку.
Ասկերանի ամրոցը
Արցախ