Քաղաքատեղ բերդավանի մելիքական ապարանքը
Տեղադրությունը
Ապարանքը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից մոտ 2 կմ արևմուտք, Թարթառ գետի աջ ափի բարձրադիր անտառալանջերին սփռված Քաղաքատեղ միջնադարյան բերդավանի կենտրոնական մասում (Ջալալյանց 1842, 177; նկ. 1)։ Ներկայումս այն բռնազավթված է Ադրբեջանի կողմից:
Պատմական համառոտ ակնարկ
Ապարանքի կառուցման ժամանակի վերաբերյալ մի քանի տեսակետեր կան։ Որոշ ուսումնասիրողներ ապարանքի կառուցումը վերագրում են Ջրաբերդի նշանավոր Մելիք-Ադամին, այսինքն 18-րդ դարի երկրորդ կեսին (Ղուլյան 2001, 75)։ Սակայն հնավայրում պահպանված հուշարձանների շինարարական ավերակները թույլ են տալիս ասել, որ ապարանքը կառուցապատվել է աստիճանաբար՝ սկսած 17-րդ դարից։ Այսօր հայտնի ապարանքը կառուցվել է հնի ավերակների վրա և ինչպես նկատել է Մ․ Բարխուդարյանը բաղկացած է սկզբնական՝ քարաշեն ծածկերով մասից և դրան կցված փայտաշեն սենյակներից (Բարխուտարեանց 1895, 224)։ Այդ մասին է վկայում նաև առանձին սենյակների կառուցման եղանակը։ Համակառույցի հարավարևմտյան թաղածածկ-խորշավոր դահլիճը հիշեցնում է Երիցմանկանց վանքի կաթողիկոսական վեհարանի դահլիճի ձևերը (17-րդ դար), իսկ ապարանքի հարթածածկ սենյակները նման են Ջրաբերդ և Գյուլիստան ամրոցների ապարանքների սենյակներին (17-րդ դար - 18-րդ դարի սկիզբ) և տիպական չեն 18-րդ դարի վերջի՝ գլխատնավոր, քարաշեն ծածկերով ապարանքներին (Ղուլյան 2001, 75)։ Հավանական պետք է համարել, որ 1724թ․ հիշատակված «Քաղաքայ տեղի բերթը» (Армяно-русские отношения... 1967, 87) Քաղաքատեղիի ապարանքն է և 17-րդ դարի մելիքական ապարանքի ավերակների վրա վերակառուցվել է 18-րդ դարի 20-ական թվականներին՝ Մելիք Եսայու օրոք։ Այն հետագայում՝ դարակեսից հետո ծառայել է նաև Մելիք Ադամին և նրա նստոց դղյակներից մեկն էր:
Ճարտարապետական - հորինվածքային քննություն
Ապարանքում կառուցապատումն իրականացված է ժայռոտ լանջերով ձորակի լայնքով դրված և կիսակլոր աշտարակներ ունեցող բարձր հենապատնեշով ստեղծված արհեստական դարավանդի վրա (նկ․ 2)։ Այսպիսի տեղադրության շնորհիվ այն շրջակայքի նկատմամբ գերիշխող դիրք ունի և բոլոր կողմերից պաշտպանված է պարիսպներով, որոնք թաքցնում են համարյա ողջ ներքին կառուցապատումը։ Դրսից տեսանելի է միայն ապարանքի ձորահայաց բարձր ճակատը։ Ընդհանուր կառուցապատումը վերաբերում է 17 և 18-րդ դարերին։ 18-րդ դարին վերաբերող մասը հատակագծում ունի պարիսպներով պարագծված ուղղանկյան տեսք։ Հորինվածքի դոմինանտը ներքին բակն է, որի շուրջը խմբված են մյուս սենյակները (նկ․ 3)։ Վերջիններից հյուսիսարևելյանները միաչափ են՝ հպված ձորի լանջին և ազատ լայնական ճակատներում դեպի բակը բացվող մեկական դուռ ու պատուհան ունեն։ Սենյակների ներսում, պատերի մեջ առկա են հարթածածկ որմնախորշեր և բուխարիներ (նկ․ 4)։ Պատերը պահպանված են մինչև ծածկի մակարդակը։ Հարավարևմտյան սենյակները վատ են պահպանվել։ Դրանք չորս՝ բակ ուղղված միաշարք սենյակներ են, որոնց միայն բակահայաց կողմն է պահպանվել՝ որմնախորշերով և լայնական պատերի մնացորդներով, իսկ ձորահայաց ճակատը փլվել է ձորահայաց դարավանդի հենապատնեշի հետ։ Սրանցից միջին երկուսը միաչափ են և ավելի փոքր, քան եզրայինները։ Վերջիններիս կցված երկու սենյակներով ձևավորվում է ներքին բակը, որի հարավային և հյուսիսային կողմերում առաջացած միջանցքաձև նախամուտքերն ավարտվում են ապարանքի արտաքին դարպասներով (նկ․ 3)։ Սենյակների լայնական, իսկ նախամուտքերի երկայնական պատերում գերանների պահպանված հենախորշերը հուշում են, որ բոլոր սենյակները փայտածածկ են եղել (նկ․ 5)։
Հորինվածքային միասնականությամբ հանդերձ, համալիրի վերոնկարագրված երկու հատվածները սենյակների ինտերիերների ներքին հարդարանքով տարբեր են։ Արևմտյան երկու և չորս ձորահայաց սենյակները ավելի հանդիսավոր են, քան լանջամերձ չորսը։ Դրանք պատերում ունեն համաչափ դասավորված որմնախորշեր և, հավանաբար, պատուհաններ են ունեցել ձորահայաց ճակատի ողջ երկայնքով և նաև դեպի ձորը կախված գերանակապ և սյունազարդ պատշգամբներ։ Ա․ Ղուլյանը կարծում է, որ վերդարպասյա աշտարակները բակի կողմից ունեցել են փայտաշեն աստիճաններ, որոնցով հնարավոր է եղել բարձրանալ դեպի վերևի հարթակներ (նկ․ 6; Ղուլյան, 2001, 79)։
Ապարանքի 17-րդ դարին վերաբերող շինությունների խումբը վերևում ներկայացվածի շարունակությունն է կազմում հարավից և առանձնանում է անկանոն կառուցապատմամբ, որն իր մեջ ներառում է նախասրահ և դրան կից երկու փոքր խցեր, մոտավորապես քառակուսի հատակագծով երկու սենյակներ և մեկ ընդարձակ դահլիճ (նկ․ 3)։ Սրանք մուտքերով բացվում են դեպի բակի արևելյան անկյունամասից մինչև արտաքին մուտքը ձգվող միջանցք և պարփակված են ժայռաեզրի պարիսպներով։ Ապարանքն ունեցել է նաև գաղտնուղի, որն սկսվելով պահպանված զույգ փոքր խցերի գետնահարկից դուրս է եկել դեպի Թարթառ գետը։ Այս հատվածում առավել հանդիսավոր և հարուստ ներքին հարդարանք ունեցող շինությունը հարավային աշտարակին կից խորշաձև բաժանմունքով թաղածածկ դահլիճն է։ Ճակատային պատի մեջ այն ունի երեք լայն պատուհաններ, իսկ հանդիպակաց կողմում երկու խորշեր են և դահլիճի մուտքը (նկ․ 3)։ Սրանք մասնակի պահպանվածություն ունեն․ խորշաձև մասի թաղի մնացորդներ, պատուհանների միջնապատեր, երկայնական պատի վերնամասի հատված, դահլիճի ձորահայաց ճակատապատը։
Հին և նոր կառուցապատումների դիտարկումից պարզ է դառնում, որ 18-րդ դարի սկզբում ավելացված ներփակ բակով գերանածածկ սենյակները ապարանքի բնակելի մասն են կազմել, իսկ մելիքական ընդունարան-դահլիճը նույնն է մնացել և իր լայն պատուհաններով նայում է դեպի Թարթառի ձոր և վերջինիս հեռավոր անտառալանջերին կառուցված Երիցմանկանց վանք։
Ապարանքի ճարտարապետության մեջ առանձնանում է պաշտպանական խնդիրների առաջնահերթությունը։ Բարձր պարսպապատերը համեմատաբար ոչ մեծ ներքին տարածքին ու կառուցապատմանը ապահովություն են հաղորդում, իսկ վերդարպասյա աշտարակ-պահակակետերով (նկ․ 7) բակի հետ կապված պարսպակից տանիքները նախատեսված են պաշտպանական գործողություններ վարելու համար։
Ապարանքի շինությունների պատերն ունեն ժայռեղեն հիմքեր, շարված են անկանոն, տեղական որձաքարով՝ կրաշաղախի կիրառությամբ։ Հին մասի պատերն ավելի հաստ են (0,9 մետր), նորինը՝ ավելի բարակ (0,8 մետր)։ Բակի պարագծով, որմնախորշերի ու մուտքերի վերին եզրի բարձրությամբ պատերում կան փայտե գոտիներ։
Քաղաքատեղի բերդավանի ապարանքը ժամանակին Ջրաբերդ-Գյուլիստան միացյալ գավառի պաշտպանական համակարգի կարևոր ռազմավարական հենակետերից մեկն է եղել՝ կապված Ջրաբերդի, Գյուլիստան բերդի, Երցմանկանց և Եղիշա առաքյալի վանք-ամրոցների, Հոռեկավանքի ապարանք-ամրոցի և այլ ամրությունների հետ։
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Մակար եպիսկոպոս Բարխուտարեանց 1895, Արցախ, տպարան «Արօր», Բագու։
- ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կազմող Բարխուդարյան Ս․, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, Երևան, 1982:
- Ջալալեանց 1842 - Ջալալեանց Ս., Ճանապարհորդություն ի մեծն Հայաստան, մասն Ա, Տփխիս:
- Ղուլյան 2001 - Ղուլյան Ա․, Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, ՀՀ ԳԱԱ հրատ․, Երևան։
- Армяно-русские отношения в первой трети XVIII века, сборник документов, т. II ч. II, Ереван, 1967.
Քաղաքատեղ բերդավանի մելիքական ապարանքը
Արցախ