Դարպասուտի (Դրբասուտ) եկեղեցին

Տեղադրությունը

Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղից 6 կմ հարավ-արևմուտք, խորհրդային տարիներին առաջացած Լեսնոյ կոչվող բնակավայրից մոտ 500 մետր արևմուտք՝ Բադարա գետի ձախ ափին (նկ. 1): Այժմ օկուպացվածէ Ադրբեջանի կողմից:

Նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս.՝ Ա. Կարապետյանի:

Պատմական ակնարկ

Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Մակար Բարխուդարյանցը տալիս է Դարապասի հետևյալ նկարագրությունը. ‹‹Սուրբ Յովհաննէսից վերև կայ չորս քարուկիր մատուռ, որք շինուած են մօտ առ մօտ, կայ եւ գիւղատեղի եւ հանգստարան›› (Բարխուտարեանց 1895, 159):

Դարապաս եզրը հանդիպում է այստեղից ոչ հեռու գտնվող Պատարայի սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բեմառէջքի վրա: Արձանագրությունը հրատարակել է Մակար Բարխուդարյանցը (Բարխուտարեանց 1895, 157): Այն փոքր-ինչ փոփոխված հրատարակված է նաև Դիվան հայ վիմագրության՝ Արցախին նվիրված պրակում. ‹‹Յանուն…զեկեղեցիս զդարապաս նկարաք…Ուխանին մեծունիքն. Յիս տվին արդն ծննդեան :Ը: աւրէքն և աղուհացից տաւներն  և ի զատկէն ինձ ու նոր կիրակին զպատարագն մեզ առնեն. Դարապաս Վաճառն Հուռահոա տներն եկեղեցոյս›› (ԴՀՎ 5, 142, Կարապետյան 1984, 83-84): Արձանագրության Վաճառ եզրը մի քանի անգամ հանդիպում է Արցախի այլ վիմագրերում ևս: Վաճառ անունով երկու բնակավայր է եղել Արցախում՝ Քարվաճառը և Հարվա Վաճառը (Պետրոսյան 2019, 11-12), որոնք առևտրական կենտրոններ էին: Բացառված չէ, որ մեր արձանագրության մեջ հղվում է Հարվա Վաճառը կամ էլ վանքի մոտակայքում գտնվող մեկ այլ առևտրական բնակավայր, որի տները նվիրվել են վանքին:

Արձանագրության մեջ հիշատակվող մյուս կարևոր եզրը դարապասն է: Հայտնի է, որ միջնադարյան Հայաստանում  դարաբաս կամ դարապաս էին անվանում իշխանական ապարանքները: Խաչենի իշխանական ապարանքի ավերակները ևս կրում էին Դարպասներ անվանումը (Ղուլյան 1984, 51-53): Ըստ Շահեն Մկրտչյանի՝ դրանք 13-րդ դարի երկրորդ կեսին Խաչենի իշխանության համար վարչական և հոգևոր կենտրոնի դեր էին կատարում (Մկրտչյան 1985, 159-160): Որպես այս ենթադրության ապացույց՝ հետազոտողը բերում է Դարպասուտ կոչվող տեղանքը և այդտեղ գտնվող հուշարձանը (Մկրտչյան 1985, 160):

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Հատակագծով փոքր չափերի միանավ թաղակապ եկեղեցի է: Պատերը շարված են տարբեր չափերի անմշակ ու կիսամշակ քարերով, կրաշաղախով: Պատերի հաստությունը 74 սմ է: Եկեղեցու չափերն են 6.5x4.5x4.6 մետր: Միակ մուտքը գտնվում է արևմտյան կողմում: Եկեղեցուն արևմտյան կողմից կից է մի ավերակված շինություն, որն ըստ էության գավիթն է եղել (նկ. 2): Գավթի չափերն են 5.3x7.6 մետր է: Եկեղեցու մուտքը կամարակապ է: Եկեղեցին ներսից եղել է սվաղված: Խորանը ուղղանկյունաձև է, ունի քառանկյուն փոքր պատրհաններ: Խորանի հատվածը սրահից առանձնանում է կիսագլանաձև պատկից կիսասյուներով (նկ. 3-5): Շրջակայքում նկատելի են նաև այլ շինության հետքեր (Կարապետյան 1984, 83-84):

Նկ. 2 Եկեղեցու գլխավոր մուտքը և գավթի ավերակները, լուս.՝ Ա. Կարապետյանի:

Նկ. 3 Եկեղեցու ներքին տեսքը, լուս.՝ Ա. Կարապետյանի:

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Եկեղեցին կիսավեր էր, ծածկը չէր պահպանվել, օկուպացումից հետո տվյալներ չկան:

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու:
  2. ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պրակ 5, Արցախ, կազմեց Ս. Բարխուդարյան, Երևան, 1982:
  3. Կարապետյան 1984 - Կարապետյան Ս., Պտրեցիք գետահովտի պատմաճարտարապետական հուշարձանները ըստ նորահայտ արձանագրությունների, Լրաբեր հասարակական գիտությունների, Երևան, թիվ 8, էջ 75-86:
  4. Ղուլյան 1984 - Ղուլյան Ա., Խաչենի իշխանական ապարանքը, Լրաբեր հասարակական գիտությունների, Երևան, թիվ 3, էջ 51-57:
  5. Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան:
  6. Պետրոսյան 2019 - Պետրոսյան Հ., Վաճառի սուրբ Ստեփանոս վանքի հնագիտական հետազոտության հիմնական արդյունքները և նորահայտ արձանագրությունները, Սեդրակ Բարխուդարյան 120: Գիտական հոդվածների ժողովածու, Երևան, Գիտություն, էջ 11-30:
Դարպասուտի (Դրբասուտ) եկեղեցին
Դարպասուտի (Դրբասուտ) եկեղեցին
Դարպասուտի (Դրբասուտ) եկեղեցին
Արցախ