Վերիշենի Սբ․ Հռիփսիմե եկեղեցին

Տեղադրությունը

Վերիշեն գյուղը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, մարզկենտրոն Կապանից 83, իսկ խոշորացված համայնքի կենտրոն Գորիս քաղաքից 3 կիլոմետր հեռավորության վրա: Վերիշենի ամենից նշանավոր հուշարձանը գյուղի կենտրոնում գտնվող Սբ․ Հռիփսիմե եկեղեցին է (նկ. 1):

Նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս․՝ Monumentwatch խմբի։

Պատմական ակնարկ

Եկեղեցու կառուցման մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Ճարտարապետության պատմության մասնագետներն կարծում են, որ այն սկզբնապես կառուցվել է 4-6-րդ դարերում (տե՛ս ստորև): Եկեղեցու վրա եղած արձանագրություններն ավելի ուշ շրջանի են: Այսպես, արևմտյան մուտքի վրա որպես բարավոր ծառայող խաչքարը 16-րդ դարի է, ինչը ենթադրել է տալիս, որ 16-17-րդ դարերում եկեղեցին վերակառուցվել է և այդ խաչքարն էլ օգտագործվել է որպես շինաքար: Խաչքարն ունի հետևյալ արձանագրությունը. «ԹՎ :ՋԾԸ: (1509) Սահակ էրէց կա[ն]կ[նե]ցի զխ[ա]չս ի փ[ր]կ[ու]թի հոգ[ո]յ/ [հաւ]րն իմոյ Մաթ[ո]ս ք[ա]հ[ա]ն[ա]ի եւ/ Ըէտիմանին. յիշեցէք ի [ՔՍ]» (ԴՀՎ 2 1960, 76; նկ. 2):

Այսպիսով, եկեղեցին վեևակառուցվել է 16-17-րդ դարերում, սա են ցուցում նաև արևմտյան ճակատում որպես անկյունաքարեր օգտագործված 16-17-րդ դարերին բնորոշ տապանաքարերը (նկ. 1):

Նկ. 2 Բարավորի վերածված խաչքարը, լուս.՝ ՀՊԹ 1539-114։

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին իր ծավալատարածական հորինվածքով պատկանում է 4-6-րդ դարերում Հայաստանում տարածված միանավ բազիլիկ սրահների տիպին: Այն աչքի է ընկնում իր դուրս շեշտված աբսիդով (Տեր-Մինասյան 1986, 58-59): Հայաստանի տարածքում արտաքուստ շեշտված աբսիդով եկեղեցիներ հայտնի են Ոսկեվազում, Իմիրզեկում, Բայբուրդում, Լուսակերտում, Ջարջարիսում, Փարպիում, Ջրվեժում, Բատիկյանում (Հասրաթյան 1976, 27):

Վերիշենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին հետաքրքիր է նրանով, որ աբսիդը դրսից կիսաշրջանաձև է, այլ ոչ թե բազմանիստ (նկ. 3): Դրսից կիսաշրջանաձև աբսիդ ունեն նաև Ցոլակերտի, Լուսակերտի, Բատիկյանի վաղ միջնադարյան սրահավոր եկեղեցիները (Տեր-Մինասյան 1986, 64): Կառույցի պատերի մեջ և շրջակայքում նույնպես պահպանվել են վաղմիջնադարյան ճարտարապետական դետալներ (նկ. 4, 5)։

Վերիշենի Սբ․ Հռիփսիմե եկեղեցու չափերն են՝ 20,9 x 4,5 մետր: Հինգ զույգ որմնամույթերով ներքին տարածությունը բաժանվում է վեցը մասի: Հարկ է նկատել, որ որմնամույթերը այնքան լայն են, որ դրանց միջև եղած տարածությունը խորշերի տպավորություն են թողնում (նկ. 6):

Սբ․ Հռիփսիմե եկեղեցին կառուցված է տեղական անմշակ, մոխրագույն բազալտից՝ կրաշաղախով: Համեմատաբար խոշոր, կիսամշակ և մշակված քարեր օգտագործվել են եկեղեցու անկյունային հատվածների, մուտքերի կառուցման համար: Կարող ենք տեսնել, որ վաղ միջնադարյան եկեղեցիները Հայաստանում կառուցվել են ոչ միայն սրբատաշ քարից, այլ նաև՝ կոպտատաշ և անմշակ քարերից: Այդպիսի եկեղեցիներից է Լուսակերտի վաղմիջնադարյան եկեղեցին (Հասրաթյան 1976, 30-31):

Հուշարձանի մուտքերը երկուսն են՝ արևմտյան և հարավային (նկ. 7): Արևմտյան մուտքի ներկայիս տեսքն ավելի ուշ վերանորոգման արդյունք է՝ այն սլաքաձև է, իսկ որպես բարավորի քար օգտագործվել է խաչքար: Արևմտյան մուտքից վերև գտնվում է խաչաձև բացվածքով պատուհանը: Նույնպիսի բացվածքով պատուհան կա նաև արևելյան կողմում, որոնք ավելի ուշ են ավելացվել (նկ. 3): Հարավային մուտքից դեպի արևելք կա այժմ պատուհանի տեսք տրված մի բացվածք, որը, հավանաբար, նախկինում մուտք է եղել (նկ. 5): Բացվածքի մեծությունը բնորոշ չէ պատուհանի համար: Հարկ է նկատել, որ երկու մուտքերը ոճով և բարձրությամբ խիստ տարբերվում են (Տեր-Մինասյան 1986, 64):

Ներսից՝ պատերի վրա պահպանվել են սվաղի հետքեր (նկ. 6): Եկեղեցու լուսամուտները շատ տարբեր են, հարավային ճակատի պատերը ուղղանկյուն մեծ են (և թերևս այդ տեսքը ստացել են 19-րդ դարում), իսկ հյուսիսային ճակատինը նեղ են և փոքր։ Այժմ հիմնականում կառույցի հարավային կողմում է գտնվում պատմական գերեզմանոցը տասնյակ տապանաքարերով, խաչքարերով, վաղ քրիստոնեական կոթողների բեկորներով (նկ. 7):

Նկ. 3 Եկեղեցու աբսիդը, լուս․՝ Monumentwatch խմբի։

Նկ. 4 Վաղմիջնադարյան խաչակալները եկեղեցու հարավային կողմում, լուս․՝ Monumentwatch խմբի։

Նկ. 5 Վաղմիջնադարյան ճարտարապետական դետալ, լուս․՝ Monumentwatch խմբի։

Նկ. 6 Եկեղեցու որմնամույթերը, լուս․՝ Monumentwatch խմբի։

Նկ. 7 Եկեղեցու ընդհանուր տեսքը հարավից, լուս․՝ Monumentwatch խմբի։

Մատենագրական քննություն

Վերիշենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին առանձին չի ենթարկվել ուսումնասիրության, այն հիմնականում հակիրճ նկարագրվել է զուտ իր ճարտարապետական տեսանկյունից վաղ միջնադարյան Հայաստանի միանավ բազիլիկ եկեղեցիներին նվիրված մի քանի հոդվածներում:

Վիճակը 2020-2022 թվականների ադրբեջանական ագրեսիայից հետո

Արցախյան 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած սահմանային փոփոխություններից հետո Վերիշենի Սբ․ Հռիփսիմե եկեղեցին չի տուժել, չնայած 2022 թվականի սեպտեմբերի երկօրյա պատերազմի ժամանակ Վերիշեն գյուղում ռմբակոծությունից վնասվել էր 4 տուն և 1 անասնաշենք։ Այժմ հուշարձանը հայտնվել է սահմանից 8 կիլոմետր հեռավորության վրա։

Հուշարձանի տարածքում այժմ իրականացվում են ամրակայման և վերականգնման աշխատանքներին նախորդող հնագիտական պեղումներ։

Գրականություն

  1. ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պր. 2, Գորիսի, Սիսիանի, Ղափանի շրջաններ, կազմեց Ս. Բարխուդարյան, Երևան, 1960:
  2. Հասրաթյան 1976 - Հասրաթյան Մ., Հայաստանի արտաքուստ շեշտված աբսիդով միանավ հուշարձանները, Երևան, ԼՀԳ:
  3. Տեր-Մինասյան 1986 – Տեր-Մինասյան Ա., Պատմական Սյունիքի վաղ միջնադարյան միանավ հուշարձանները, Երևան, ԼՀԳ, թիվ 1: