Մելիք-Շահնազարյանների ապարանքը Շուշիում
Տեղադրությունը
Շուշիի Շահնազարյանների մելիքական ապարանքի ավերակները գտնվում են քաղաքի հարավարևելյան մասում՝ ձորափնյա դարավանդահարթակի վրա: Այն տեղադրված է Ավան սպարապետի ապարանքից 250 մետր դեպի հարավ-արևելք (նկ. 1):
Պատմական ակնարկ
Ապարանքի հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ, բայց հատակագծային և ծավալատարածական հորինվածքը վկայում են, որ 18-րդ դարի կառույց է: Այս ժամանակ Մելիք-Շահնազարյանները Վարանդայի մելիքության կենտրոնը հիմնադրել էին Ավետարանոցում, բայց շինարարական գործունեություն էին ծավալել նաև Շուշիի սարահարթում՝ նկատի ունենալով վերջինիս բնական դիրքն ու անառիկությունը։ Պատմական տեղեկության համաձայն Մելիք- Շահնազարի որդի Մելիք-Ջումշուդը 1780-ական թվականներին որպես հայրական ժառանգություն է ստացել երկու «քարաշեն տուն Շուշիում» (Լեո 1973, 24)։ Քարաշեն լինելու մասին հանգամանքը և քննարկվող ապարանքի հորինվածքի և չափերի նմանությունները նույն դարաշրջանի մելիքական ապրանքների հետ վկայում են, որ այս ապարանքը պատկանել է Մելիք- Շահնազարյաններին։ Հետազոտողները դրա հիմնադրման ժամանակաշրջանը համարում են 18-րդ դարի երկրորդ քառորդը (Ղուլյան 2001, 103), քանզի ավելի ուշ՝ արդեն բերդապարիսպներով ամրացված Շուշիում ամրոցակերպ ապարանք կառուցելը անիմաստ կդառնար։ Այն կրում է նաև քաղաքային բնակարանաշինության ազդեցությունը (Саркисян 1996, 9-11)։
Ճարտարապետական - հորինվածքային քննություն
Շուշիի երկրորդ ապարանքը պարսպապատ է՝ ունի քառակուսուն մոտեցող, չորս անկյուններում բոլորաձև, սնամեջ աշտարակներով ամրացված ուղղանկյուն հատակագիծ։ Միակ մուտքը բացված է հյուսիսային պարսպապատի մեջ։ Վերջինիս առջև՝ պարսպից դուրս կառուցված է ուղղանկյունաձև հատակագծով թաղածածկ մի սենյակ, որի արևմտյան պատի պարսպակից անկյունում էլ տեղակայված է ապարանքի արտաքին մուտքը (նկ. 2): Նախամուտք հանդիսացող այս սենյակի հյուսիսային պատի մեջ՝ ներսից, կենտրոնում, երկու կողմերում որմնախորշերով բուխարին է։
Հորինվածքի դոմինանտը ներքին բակն է, որի արևելյան և արևմտյան կողմերում տեղակայված են պարսպակից ներքին շինությունները, որոնցից առավել պահպանվածները արևմտյան կողմում են։ Սրանք պարսպի ողջ երկարությամբ ձգվող երեք սենյակներ են, որոնցից կենտրոնականը ամբողջ ճակատով բացվում է դեպի բակ, իսկ եզրայինները մոտավորապես միաչափ, ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ և երկուական լայն, բակահայաց պատուհաններով դահլիճներ են։ Սրանց մուտքերը կենտրոնական սենյակի միջով են։ Եզրային սենյակները անկյունային մուտքերով կապված են աշտարակների հետ։ Սենյակների ներքին պատերի մեջ կան որմնախորշեր։ Բակի հյուսիսարևելյան անկյունում, աշտարակին կից պահպանվել է ևս մեկ թաղածածկ սենյակ, որից դուռ է բացվում դեպի մեկ այլ՝ մինչև ապարանքի մուտքը ձգվող, թաղածածկ երկրորդ սենյակ։ Առաջին սենյակի կամարակապ մուտքը բացվում է դեպի ներքին բակ, արևելյան ներքին պատերի մեջ կան երկու կամարակապ որմնախորշեր։ Հարուստ ինտերիեր ունի երկրորդ սենյակը՝ բոլոր ներքին պատերի մեջ կան որմնախորշեր, իսկ հյուսիսային պատի կենտրոնում՝ երկու որմնախորշերի միջև բուխարին է։ Հարավային պատի մեջ բացված են երկու լայն՝ բակահայաց կամարակապ բացվածքներ (նկ. 3)։
Արևելյան պարսպապատի մեջ՝ հավասար քայլով դասավորված ևս հինգ կամարակապ որմնախորշերի շարքը վկայում է, որ այստեղ ևս շինություններ են եղել, որոնք չեն պահպանվել։ Պահպանված չէ, բայց հարավային կողմում վերականգնելի է պարսպակից սենյակը և երկուսի միջև առաջացած կենտրոնական ճակատաբաց մասը է, որը բացվել է դեպի ներքին բակ։ Այդ մասին են խոսում այստեղ պահպանված շինարարական ավերակները՝ պատերի որոշ հատվածներ և հարավային մուտքը, ինչպես նաև արևմտյան՝ հանդիպակաց հատվածի եռադահլիճ կառուցապատումը (նկ. 2)։
Ապարանքի եզրային՝ աշտարակակից սենյակներն ունեցել են թաղային ծածկեր, որոնց որոշ պահպանված հատվածներ մնացել են։ Կենտրոնական, երեսաբաց դահլիճների ծածկերից ոչինչ չի պահպանվել։ Այս հանգամանքը խոսում է այն մասին, որ դրանք փայտածածկ են եղել՝ ճակատային կողմում հենված փայտե սյուների վրա։ Այսպիսի արտաքին՝ մի կողմից բաց սրահներ ենք հանդիպում Հոռեկավանքի երկրորդ և Մոխրաթաղի Մելիք Իսրայելյանների ապարանքներում ( https://monumentwatch.org/)։
Շուշիի Մելիք-Շահնազարյանների ապարանքը կառուցվել է կոպտատաշ որձաքարով։ Պարսպապատերն ու աշտարակները պահպանվել են 3,0-5,0 մետր բարձրությամբ և ունեն 1,2 մ հաստություն։ Սենյակների պատերի հաստությունը 0,8-1,0 մետր են (նկ. 4)։ Պատերի անկյունային հատվածներում և կամարներում քարերը որոշ չափով մշակված են։ Սրբատաշ քարով և առավել խնամքով է շարված ապարանքի մուտքը․ միակտոր քարից տաշված բարավորը դրված է 2,1 մետր բարձրությամբ, դարձյալ միակտոր եզրաելուստների վրա և վերցված է կւսաշրջանագծային կամարի մեջ (նկ. 5)։
Վիճակը պատերազմից հետո
Պատերազմի հետևանքով 2020 թվականին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքի արբանյակային լուսանկարները բացահայտում են, որ Ադրբեջանը հիմնովին ավերում է թաղամասեր, հայկական գերեզմանոցներ, Արցախյան առաջին պատերազմին նվիրված հուշարձաններ, խաչքարեր ու տապանաքարեր, հիմնովին ոչնչացվել է քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ՝ Կանաչ ժամ եկեղեցին, վերափոխվում է Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հայկական կերպարը։ Ազատված տարածքները վերածվում են շինհրապարակի՝ կառուցվում են նոր մզկիթներ, վերափոխվում է մշակութային լանդշաֆտը և ջնջվում հայկական հետքը։ Նկատի ունենալով այս հանգամանքները անհնարին է պատկերացնել, որ վանդալ գործողություններից կխուսափեն հայ մելիքների ապարանքները, մասնավորապես վերևում ներկայացվածը։
Գրականության ցանկ
- Լեո-1973 - Լեո, Հայոց պատմություն, հ․ 3, Գիրք Բ, Երևան։
- Ղուլյան 2001 - Ղուլյան Ա․, Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան։
- http://monumentwatch.org/hy/monument/ Մոխրաթաղի Մելիք-Իսրայելյանների ապարանքը d5%b4%d5%b8%d5%ad%d6%80%d5%a1%d5%a9%d5%a1%d5%b2%d5%ab-%d5%b4%d5%a5%d5%ac%d5%ab%d6%84-%d5%ab%d5%bd%d6%80%d5%a1%d5%b5%d5%a5%d5%ac%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80/)
Մելիք-Շահնազարյանների ապարանքը Շուշիում
Արցախ