«Աղվեն» – «Աղվանք» ամրոցը
Տեղադրությունը
Ամրոցը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թբլղու գյուղից 2,6 կմ հյուսիս-արևմուտք։ 2023 թվականի սեպտեմբերից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։
Պատմական ակնարկ
Այս ամրոցը Մ․ Բարխուդարյանցն անվանում է «Աղուանք», ցավոք, առանց որևէ գրավոր աղբյուրի հղման և բացատրության: Խոսելով Կաչաղակաբերդի մասին, հետազոտողը նշում է, որ նրա ստորոտում է գտնվում Աղուան պատը․ «Այս վաղեմի պարիսպն, որ ընկած է Խաչեն գետակի և Քոլատակ վտակի մեջ՝ խառնուրդի մօտ, չկարողացանք իմանալ, թէ ի՞նչ պատճառաւ կոչուում է Աղուանք, թէ և ջանքն անպակաս եղաւ մեր կողմից։ ․․․պարիսպս շինուած է ռազմադիտական դիրքով, որով արգելուած է թշնամին ջրաձորս մտնելուց» (Բարխուտարեանց 1895, 198)։ Կարելի է եզրակացնել, որ «Աղուան պատը»՝ այսինքն ամրոցը, այդպես էր կորչվում տեղի հայության կողմից:
Համաձայն Ս․ Սարգսյանի՝ «Այս ամրոցը պատմության մեջ հայտնի է իր կանոնական սահմանադրությամբ՝ հաստատված Վաչագան Բարեպաշտ արքայի կողմից։ Այստեղ, 5-րդ դարի վերջին, արքայի ամառանոցում հրավիրվեց աշխարհիկ-եկեղեցական ժողով, որի նպատակն էր՝ ներգործության իրավական միջոցներով հարթել երկրի աշխարհականների և հոգևորականների, ազնվականների ու ռազմիկների միջև եղած բազմաթիվ հակամարտությունները» (Սարգսյան 2002, 55): Կարծում ենք հետազոտողի ենթադրությունը, թե սա հայտնի Աղվեն ամրոցն է, հետագա մանրամասն հիմնավորման կարիք ունի:
Հուշարձանը «Սպիտակ պատ» անվան տակ հիշատակում է Շ․ Մկրտչյանը՝ նշելով․ «Սպիտակ պատը» գտնվում է Քոլատակ գյուղից արևելք Խաչեն և Քոլատակ գետերի միախառնման տեղում։ 13-րդ դարում այստեղ կառուցված էր մի ամրոց, որից պահպանվել է միայն պատի ոչ մեծ հատվածը» (Мкртчян 1989, 24)։
Ճարտարապետական - հորինվածքային քննություն
ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրում և Ս․ Սարգսյանի աշխատանքում հուշարձանի մասին կարդում ենք․ «Աղվեն ամրոցը հիմնականում կառուցված է գետաքարերով ու կրաշաղաղով։ Ամրոցապատի երկարությունը շուրջ 86 մետր է, որից ավելի քան 20 մետրը ամբողջովին ավերված (պահպանվում են միայն հետքերը)։ Այն ձգվում է հյուսիս-հարավ ուղղությամբ 66 մետր, որից հետո թեքվում է հարավ-արևելք (6 մետր) և շարունակվում մինչև հարավային ձորաեզրը, որտեղից հոսում է Քոլատակ գետը։ Ամենայն հավանականությամբ, այս թեքման տեղում էլ պետք է լինի ամրոցի գլխավոր մուտքը» (Սարգսյան 2002, 59; ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր):
Այժմ, ամրոցապատը պահպանվում է 3,5-4 մետր բարձրությամբ, իսկ կենտրոնական և առանձնապես հյուսիսային հատվածներում՝ 7-8 մետր։ Հաստությունը 1,8-2 մետր է։ Ամրոցապատը հանգուցված է 8 աշտարակներով ու կիսաաշտարակներով, որոնք բնականաբար կառուցվել են ամրոցին խիստ ամրություն տալու և կռվամարտի նկատառումներով (նկ․ 1-4)։ Աշտարակներից երկուսը ամբողջովին քանդված են։ Դրանք ունեցել են 2,9-3 մետր հաստություն պարսպապատի կենտրոնական հատվածում և 3,5 ու ավելի՝ եզրամասում, հատկապես Խաչեն և Քոլատակ գետերի հարող մասերում (Սարգսյան 2002, 59; ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր): Միջին ու մանր կապտատաշ քարերով ու գետաքարերով և կրշաղախով իրականացված շարվածքը, զգալի հատվածների արտաքին սվաղապատումը շատ ավելի հավանական են դարձնում ներկա կառույցի համեմատաբար ավելի ուշ՝ 12-13-րդ դարերով թվագրությունը: Սակայն սա ի հարց է, որ հնարավոր կլիներ պարզել մանրամասն հնագիտական հետազոտության օգնությամբ, ինչ ցավոք չի իրականացվել:
Վիճակը մինչև պատերազմը, ընթացքում և հետո
Պատերազմից առաջ հուշարձանը գտնվում էր բարվոք վիճակում։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Գրականության ցանկ
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
- Мкртчян 1989 - Мкртчян Ш. Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, Ереван.
- Սարգսյան 2002 - Սարգսյան Ս․, Խաչենի ամրոցները, Ստեփանակերտ։
- ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր - Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր։
Մարտակերտի շրջան
Արցախ