Վնասվել և պղծվել է Ծիծեռնավանքի խորանը
2025 թվականի փետրվարին համացանցում տարածված լուսանկարներից պարզ դարձավ, որ Ադրբեջանական կողմը վնասել է Ծիծեռնավանքի խորանը (https://www.facebook.com/story.php?story_fbid=8874635125968971&id=100002677162871&rdid=MCJXiOTtFUXxe29E#): Լուսանկարներից երևում է, որ ջարդվել է խորանում գտնվող սուրբ սեղանը և խաչակալը (նկ. 1, 2): Նշենք, որ դեռևս 2023 թվականին պղծվել էր և վնասվել Ծիծեռնավանքի տաճարը (մանրամասն տես՝ Ադրբեջանի «աղվանա-ուդիական» համայնքի ներկայացուցիչները պղծել և քանդել են Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը):
Ծիծեռնավանքի տաճարը դեռևս 2020 թվականի դեկտեմբերից, երբ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը անցավ ադրբեջանական վերահսկողության ներքո, դարձել է Ադրբեջանի աղվանա-ուդիական համայնքի քարոզչական թիրախներից մեկը: Չնայած այս ամենին տաճարը պարբերաբար պղծվում է:
Մեր արձագանքը
Ծիծեռնավանքին հասցվող շարունակական վնասը խոսում է կանխամտածված լինելու փաստի մասին։ Եվրոպական Խորհրդարանի կողմից դեռևս 2022 թվականին ընդունված 2582-րդ՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը, որտեղ Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել հայկական ժառանգության տարածքներում ցանկացած միջամտության բացառումը՝ պահպանելու ժառանգության իսկության սկզբունքները, իսկ վերականգնման աշխատանքները կատարելու բացառապես այդ սկզբունքին համաձայն https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/?uri=celex%3A52022IP0080 ։ Եկեղեցու պղծումը խախտում է նաև ժառանգության մշակութային կարևորության չափանիշը՝ հաստատված Բուրրայի (Ավստրալիա, ԻԿՕՄՕՍ) 1999 թ. կանոնադրությամբ https://www.icomosubih.ba/pdf/medjunarodni_dokumenti/1999%20Povelja%20iz%20Burre%20o%20mjestima%20od%20kulturnog%20znacenja.pdf: Եվ այստեղ, պատմական ապացույցների ոչնչացման հետ կապված հարկ է նշել, որ ըստ մշակութային կարևորության չափանիշի, ժառանգության պատմական արժեքի պահպանում նշանակում է, թե ինչպես են պահպանված արժեքի պատմական ապացույցները (Բուրայի խարտիա հոդված 2.3)։ Եվ ավելին, «ցանկացած միջամտություն, որն արվում է ժառանգության հետ, հանգեցնելով մշակութային կարևորության այս կամ այն տարրի կորստին՝ պատմական, գեղագիտական, հոգևոր և սոցիալական առումներով, զրկում է ժառանգությունն իր հիկնական նշանակությունից՝ ոչնչացնելով այն» (Բուրայի Խարտիա, 2013, էջ 14) ։
Եկեղեցու պղծումը և վնասումը խաթարում է կառույցի ամբողջականությունը։ Եվ ինչպես հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական 36-րդ հանդիպման ժամանակ «ամբողջականությունը ժառանգության կարողությունն է, որով այն ապահովում և պահպանում է այդ նշանակությունը կարևորությունը ժամանակի ընթացքում»։ Ամբողջականության սկզբունքին համաձայն պահպանումը ենթադրում է նախ և առաջ ժառանգության արժեքները փոխանցող տարրերի պահպանությունը՝ միաժամանակ հաշվի առնելով թե՛ առանձին տարրերի և թե՛ դրանց և ամբողջի փոխհարաբերությունները։ Անդրադառնալով մարդկային վնասակար ազդեցությանը՝ գործառնական ուղեցույցը տալիս է լրացուցիչ բացատրություն. «Ամբողջականության պահպանության համար ժառանգության բոլոր հատկանիշները պետք է լինեն անփոփոխ» (perational Guidelines for the Implementation of the World Heritage Convention, UNESCO, Intergovernmental Committee for the Protection of The World Cultural and Natural Heritage, WHC. 11/01 November 2011, պարագրաֆ 92)։