«Մռակած» գյուղատեղին

Տեղադրությունը

«Մռակած» գյուղատեղին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի տարածքում, Ստեփանակերտից 5,5 կմ հյուսիս-արևմուտք։ 2023 թվականից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։

Պատմական ակնարկ

Արցախի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ներառված է Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի 40 հուշարձան։ Դրանցից մեկն էլ «Մռակած» գյուղատեղին ու գերեզմանոցն են։

«Մռակած» հուշարձանի մասին գրավոր տվյալները սակավաթիվ են։ Այսպես, Շ․ Մկրտչյանը ընդամենը նշում է, որ Ստեփանակերտի շրջակայքում պահպանվել է «Մռակած» հին բնակավայրը և արձանագիր խաչքարերով գերեզմանոցը (Мкртчян 1989, 152):

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Բուն հուշարձանախումբը տեղադրված է անտառի մեջ մի ժայռապատ բարձրավանդակի վրա, որն արտաքուստ հրվանդանի տպավորություն է թողնում (նկ. 1)։  Այն բաղկացած է գերեզմանոցից, մատուռից, որոնցից ներքև ավերված գյուղատեղին է։ Գերեզմանոցում հիմնականում պահպանվել են խաչքարեր, որոնց զգալի մասըգտնվում է հողածածկույթի տակ (նկ․ 2-5)։ Դրանք թեև թվակիր արձանագրություններ չեն պարունակում, քանդակազարդերով վերաբերում են 9-11-րդ դարերին։ Գերեզմանոցի կենտրոնական մասում մատուռի ավերակներ են (չափերը՝ 4x2 մետր), որի արևելյան կողմում ներքուստ պահպանվում է խորանի սեղանը՝ առանց զարդաքանդակների։ Գերեզմանոցի ստորին մասում պահպանվել են կալատեղի և ծիթհանի ավերակները (ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր)։

Նկ․ 1 «Մռակած» գյուղատեղին, լուս․ Գ․ Սարգսյանի։

Նկ․ 2 «Մռակած» գյուղատեղի, խաչքար, 9 -11-րդ դարեր, լուս․ Գ․ Սարգսյանի։

Նկ․ 3 «Մռակած» գյուղատեղի, խաչքար, 9 -11-րդ դարեր, լուս․ Գ․ Սարգսյանի։

Նկ․ 4 «Մռակած» գյուղատեղի, խաչքար, 9 -11-րդ դարեր, լուս․ Գ․ Սարգսյանի։

Նկ․ 5 «Մռակած» գյուղատեղի, խաչքար, 9 -11-րդ դարեր, լուս․ Գ․ Սարգսյանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Պատերազմի ժամանակ հուշարձանը չի տուժել։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Գրականություն

  1. Мкртчян 1989 - Мкртчян Ш.  Историко - архитектурные памятники Нагорного Карабаха, Ереван.
  2. ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր - Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր։
«Մռակած» գյուղատեղին
«Մռակած» գյուղատեղին
Ասկերանի շրջան
Արցախ