Հայաստանի վաղքրիստոնեական մշակույթում խաչակալը, որն ամրացվում էր խոյակի վրա, տեխնիկական առումով բացօթյա խաչակիր կոթողի ամենապատասխանատու բաղկացուցիչն էր, հենց նրա վրա էր ամրացվում թևավոր խաչը: Ծավալային-քանդակային առումով՝ այն, որպես կանոն, արտապատկերում էր քառասյուն գմբեթակիր մի կառույց, նման Գրիգոր Լուսավորչի տեսիլքում նկարագրվածին, որն իր հերթին խորհրդանշում է Գողգոթայում Տիրոջ գերեզմանի վրա կանգնեցված սյունաշար կառույցը։ Վաճառի Սուրբ Ստեփանոս վանքի խաչակալը, որ գտնվել է վանքի պեղումների ժամանակ, ներկայացնում է բազմատրամատ խարիսխների և սյուների և դրանք միացնող պայտաձև կամարների վրա հենվող մի գմբեթ, որի լանջերին քանդակված են խաղողի զանգվածեղ ողկույզներ: Քրիստոսի խաչելության և հարության գաղափարաբանությունն այգային լեզվով և պատկերագրությամբ ներկայացնելը հայ եկեղեցու հիմնական գործելակերպերից մեկն էլ, ինչը տեսնում ենք բազմաթիվ վաղքրիստնեական հորինվածքներում, ապա խաչքարերում, և ինչը լայնորեն վկայված է նաև Արցախում։ Այս առումով Վաճառի խաչակալը սինթեզում է գաղափարը, ծավալն ու այգային պատկերագրությունը, խորհրդանշելով խաչելության փրկագործական իրողությունն ու հեռանկարը։ Ծանոթ ե՞ն և գիտե՞ն այս ամենը նրանք, ովքեր արցախյան մշակութային ժառանգությունը հայտարարում են աղվանա-ուդիական: Իհարկե ոչ: