«Կարմիր Ավետարան» գյուղատեղին

Տեղադրությունը

«Կարմիր Ավետարան» գյուղատեղին  գտնվում է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Կրկժան թաղամասից մոտ 1,6 կմ հյուսիս–արևմուտք, «Կարմիր քերծ» կոչվող վայրում, բարձր ժայռագծի տակ բացվող կիսաանտառածածկ սարահարթում (ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր)։ 2023 թվականից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։

Պատմական ակնարկ

«Կարմիր Ավետարան»  գյուղատեղիի մասին գրավոր տվյալները սակավաթիվ են։ Այսպես, 1890 թվականի «Նոր դար» թերթում նշվում է «Վարարակն գիւղից մի վերստաչափ հեռաւորութեամբ արևմտեան կողմում մի անդնդավոր ձորի մեջ գտնվում է Փայլուլ կոչուած գյուղը, որը ունի մոտ 15 տուն բնակիչ։ Փայլոիլի մեջն է Աւետարան կոչուած ուխտատեղին, որին շրջակայ գիեղերից և նույն իսկ Շուշի քաղաքից ահագին բազմութեամբ ուխտաւորներ են ուխտ գալիս» (Նոր դար 1890, 3)։

Ս․ Կարապետյանը հետևելով այս հաղորդմանը՝  ուխտատեղին ևս տեղադրում է Փայլուլ գյուղում։ Նա գտնում է, որ «Կարմիր ավետարան»-ը  մատուռ և ուխտատեղի  է Փայլուլ գյուղի մոտ (Կարապետյան 2022, 378):

Ճարտարապետա - հորինվածքային քննություն

2012 թ․ ԼՂՀ Կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության կողմից կազմվել է գյուղատեղիի պահպանման գոտին։

Գյուղատեղիից պահպանվել են՝ խոնարհված եկեղեցին շրջակա գերեզմանոցով ու հյուսիսային գերեզմանոցի հատվածը։ Հուշարձանը զբաղեցնում է 1,6 հեկտար տարածք (ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր)։

Գյուղատեղիի հիմնական տարածքը հերկված է։ Եկեղեցին  միանավ փոքր  շինություն է՝ կառուցված կոպտատաշ քարերից կրաշաղախով։ Այն պատված է սեփական փլատակներով, որից երևում է միայն արևմտյան ճակատը՝ մուտքի հատվածով։ Հարավային կողմում, տեղադրված է 12-13-րդ դդ․ հինգ խաչքարերից կազմված սրբատեղին։ Խաչքարեր, խաչքարերի բեկորներ ու տապանաքարեր պահպանվել են եկեղեցու արևելյան կողմի հարթ տեղանքում։ Երկրորդ, վաղ քրիստոնեական  գերեզմանոցը գտնվում է հիմնական հուշարձանախմբից 100 մետր հյուսիս-արևելք և նկատելի է բաց սալարկղերի տեսքով (ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր)։

Ժողովրդական բանահյուսության մեջ տարածքը անվանվում է «Կարմիր քերծի» կամ «Խաչին» տարածք։

Նկ. 1 «Կարմիր ավետարան» մատուռ-եկեղեցին արևմուտքից, լուս․՝ Լ․ Հովհաննիսյանի։

Նկ. 2 «Կարմիր ավետարան» մատուռ-եկեղեցու ավերակները շրջակա գերեզմանոցով, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ. 3 Հյուսիսային վաքրիստոնեական գերեզմանոցի հետքերը, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ. 4 Խաչքար, 12-13-րդ դարեր, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ. 6 Խաչքար, 12-13-րդ դարեր, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ. 5 Խաչքար, 12-13-րդ դարեր, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ. 7 Խաչքար, 12-13-րդ դարեր, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Պատերազմի ժամանակ հուշարձանը չի տուժել։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Գրականություն

1․ Նոր դար 1890 - Նոր դար, Թիֆլիս, Թիվ 126, 3, «Թղթակցութիիններ»:

2․ Կարապետյան 2022 - Կարապետյան Ս․ Արցախի մանրանունները, Երևան։

3․ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր - Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր։

«Կարմիր Ավետարան» գյուղատեղին
«Կարմիր Ավետարան» գյուղատեղին
Ստեփանակերտ
Արցախ