Խաչենագետի բրոնզեդարյան դամբարանները
Տեղադրությունը
Դամբարանները գտնվում էին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի մոտ՝ Խաչեն գետի աջ ու ձախ ափերին։ 2023 թվականից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։
Պատմական ակնարկ
Հուշարձանների մասին մանրամասն տեղեկություններ են պահպանվել, դամբարանաբլուրները պեղող հնագետ՝ Է․ Ռյոսլերի հաշվետվություններում (ИАК 1897)։ Հուշարձաններին անդրադարձել է նաև Կ․ Քուշնարյովան (Кушнарева 1954, 165 - 179; Кушнарева 1957, 135 - 177)։
Հնագիտական ուսումնասիրություն
Խաչենագետի ձախափնյա դամբարանաբլուրները պեղվել են Է․ Ռյոսլերի կողմից 1893-1894 (Առաջաձոր) և 1894, 1897 թվականներին (Բալուկայա, Սրխավենդ)։ Առաջաձորի մոտակայքում՝ գյուղից 1,5 կմ հարավ ընկած տարածքում Է․ Ռյոսլերի արձանագրել է ուշ բրոնզի դարին պատկանող է 9 դամբարանաբլուրներ, որոնցից պեղել է երկուսը: Համար 1 դամբարանաբլրում (բարձ․՝ 10 մետր, տրամագիծը՝ հիմքում մոտ 27 մետր) 3 մետր խորությամբ բացահայտվել է մի քարարկղ՝ ծածկված 5 սալերով։ Դամբարանում գտնվել է չորս կմախք (նկ․ 1)։
Հիմնական հանգուցյալի կմախքը տեղադրված էր դամբարանի հարավարևելյան հատվածում, մեջքի վրա պառկած դիրքում, գլուխը զարդարում էր բրոնզե պսակ։ Երեք ուղեկցող հանգուցյալները գտնվում էին նստած վիճակում․ երկու տղամարդու կմախք տեղադրված էր քարարկղի հարավարևմտյան անկյունում և հյուսիսային կողմի կենտրոնական մասում, իսկ կանացի կմախքը՝ հյուսիսարևմտյան անկյունում։ Դամբարանի արևմտյան հատվածում գտնվել է 40 խեցանոթ, որոնցից մեկը լցված էր վանակատե նետասլաքներով, իսկ մյուսը՝ մոխրով։ Դամբարանի արևելյան մասում գտնվել են կենդանիների ոսկորներ, սանձեր, ձիասարքի այլ մասեր։ Գտնվել են նաև նեղ բրոնզե սուր, 40 բրոնզե և 15 վանակատե նետասլաքներ, 4 բրոնզե դաշույն, բրոնզե մեծ սակր, 3 բրոնզե խողովակակոթառ եղան, բրոնզե սաղավարտ, 4 բրոնզե սանձ, բրոնզե երկու գավազանի գլխադիր և այլն։ Բրոնզե առարկաներից բացի, դամբարանում գտնվել են հարյուրավոր սարդիոնե ուլունքներ, կախիկներ և խեցանոթներ (նկ․ 2-5):
Համար 2 դամբարանաբլրում (բարձրությունը՝ 5,5 մետր, տրամագիծը՝ մոտ 16 մետր) 3 մետր խորությամբ բացահայտվել են երեք ուղանկյունաձև հատակագծով դամբարաններ (յուրաքանչյուրի խորությունը՝ 1,2 մետր), որոնք ճառագայթաձև տարածվում էին երեք ուղղությամբ (նկ․ 6): Է․ Ռյոսլերի կողմից ուսումնասիրվել են միայն երկուսը։ Ուսումնասիրված դամբարաններում բացահայտվել է մեջքի վրա պառկած դիրքում մեկական հանգուցյալ։ Դամբարան «b»-ի կմախքը գտնվել է առանց գանգի։ Կմախքների մոտ տեղադրված էր ուղեկցող գույքը։ Գտնվել են բրոնզե սուր, եղան, սանձեր, դաշույններ, դանակներ, մեկ նեղ տեգասլաք, 30 բրոնզե նետասլաքներ, վանակատե 6 նետասլաք, ոսկյա թիթեղից փոքր խոռոչ գլան, սարդիոնե ուլունքներ, փոքր միականթ խեցանոթ (նկ․ 7-9, Кушнарева 1957, 145)։
Խաչենագետի աջ ափին Է․ Ռյոսլերն արձանագրել է ութ դամբարանաբլուր, որոնցից հինգը պեղել է 1897 թվականին։ Բոլոր դամբարանաբլուրներն ունեցել են արտաքին նմանություն, միևնույն ժամանակ տարբերվում էին թաղման ծեսով՝ համար 1, 2 և 3 դամբարանաբլուրներում տեղի է ունեցել դիաթաղում, իսկ համար 4 և 5 դամբարանաբլուրներում՝ դիակիզում։ Համար 1 դամբարանաբլրում (բարձ․՝ 2 մետր, տրամագիծը՝ 10 մետր) տեղադրված էին 4 հանգուցյալ՝ նստած վիճակում, գույք չի գտնվել։ Համար 2 դամբարանաբլրում (բարձ․՝ 1,25 մետր, տրամագիծը՝ 20–25 մետր) ՝ մեկ հանգուցյալ՝ մեջքի վրա պառկած դիրքում։ Գտնվել է բրոնզե տափակ դաշույն, քարե գուրզ, վանակատե երկու շեղբ, փոքր միականթ նրբագեղ խեցանոթ (նկ․ 10), ոսկյա զարդարանք։
Համար 3 դամբարանաբլուրը (բարձ․՝ 2,5 մետր, տրամագիծը՝ 18,5 մետր) արտաքին տեսքով ու թաղման ծեսով նման էր երկրորդին, բայց այստեղ կար մեջքի վրա պառկած դիրքում երկու թաղում։ Ուղեկցվող գույքը բաղկացած էր տափակ բրոնզե դաշույնից, բրոնզե լարից պատրաստված ոսկյա թիթեղով պատված տակառաձև զարդից և գորշ կավից պատրաստված փոքր անոթների բեկորներից։
Համար 4 դամբարանաբլրում (բարձ․՝ 1,5 մետր, տրամագիծը՝ 20․2 մետր) հայտնաբերվել է մոխրով ու այրված ոսկորներով լցված հիմնահողային դամբարան։ Գտնվել է միայն մեկ գուրզի վերնամասը։
Համար 5 դամբարանաբլուրում (բարձ․՝ 1,35 մետր, տրամագիծը՝ մոտ 20 մետր) 0,90 մետր խորությամբ գտնվում էր մի փոս, որի հատակը ծածկված էր այրված ոսկորների ու մոխրի հզոր շերտով։ Այս շերտի տակ սկսվում էր պինդ դեղին հիմնահողը։ Գույքը բացակայում էր։
Ժամանակին, Բ․ Պիոտրովսկին այս դամբարանաբլուրները թվագրել էր էնեոլիթի շրջանով (Пиотровский 1949, 39), ինչի հետ համաձայն էր նաև Կ․ Կուշնարյովան։ Ըստ էության այս դամբարանաբլուրները վերաբերում են վաղ բրոնզե դարաշրջանին։
Գրականություն
-
- ИАК 1897 - Императорская археологическая комиссия и исследование памятников Кавказа и Предкавказья, Императорская археологическая комиссия (1859-1917), история первого государственного учреждения российской археологии от основания до реформы: коллективная монография, т. 2, глава IX, СПБ, 2019, с. 968-977.
- Кушнарева 1954 - Кушнарева К. Памятники медного века Нагорного Карабаха, Советская археология, вып. 20, Москва, с. 165-179.
- Кушнарева 1957 - Кушнарева К. Некоторые памятники эпохи бронзы в Нагорном Карабахе, Советская археология, вып. 27, с. 135-137
- Пиотровский 1949 - Пиотровский Б., Археология Закавказья, Ленинград.
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջան
Արցախ