Դեդ (Նատարին) ամրոցը

Տեղադրությունը

Ամրոցը գտնվում է օկուպացված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղի մոտ՝ Խաչենագետի վերնահովտի ամենաբարձր լեռան վրա, որին տեղացիները «Փանջակ քար» են անվանում (Սարգսյան 2002, 68): Ամրոցը գտնվում է 1933 մետր բարձրության վրա՝ լեռան կատարին (նկ. 1, 2): Ամրոցից ընդարձակ տեսարան է բացվում դեպի Խաչենի հովիտը և շրջակա տարածքները (Սարգսյան 2002, 68-69): Մակար Բարխուդարյանցը տալիս է ամրոցի հետևյալ կարճ նկարագրությունը. «Համարեա թե յար և նման ամրոց է այս Խոխանաբերդին: Առաջինն գտնւում է վերջնոյս հարաւային կողմում քառորդ մղոն հեռաւորութեան վերայ: Միայն թէ Նատարն բարձրանալու ուղին այնքան վտանգաւոր չէ» (Բարխուտարեանց 1895, 199): Նշենք, որ Խոխանաբերդը Ներքին Խաչենի իշխանի առավել անմատչելի բերդերից էր, որից ոչ հեռու գտնվում էր Հասան-Ջալալի իշխանական ապարանքը, որը հայտնի է Դարպասներ անվամբ (Ղուլյան 1984, 51-53):

Նկ. 1 Ամրոցի տեղադրությունը, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրի:

Նկ. 2 Ամրոցի տեղադրությունը, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրի:

Պատմական ակնարկ

Մակար Բարխուդարյանցը հիշյալ ամրոցը հիշատակում է Նատարին Ղալա, Նատար ձևով (Բարխուտարեանց 1895, 199): Դեդ անվամբ ամրոցը հիշատակում է 13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին: Նկարագրելով Գույուկ խանի (1246-1248 թթ.) կառավարման տարիները՝ Գանձակեցին նշում է, որ խանն ամենուրեք հարկահաններ է ուղարկում: Մերձավոր Արևելք են ուղարկում հարկահաններ Արղունը և Բուղան (Մանանդյան 1952, 217-218):  Բուղան խիստ թշնամանում է Ներքին Խաչենի իշխանության տիրակալ Հասան Ջալալի հետ, քանդում է նրա անմատչելի բերդերը՝ Խոյական բերդը, Դեդը, Ծիրանաքարը և այլ ամրոցներ. ‹‹…քակեաց զանմատչելի բերդս նորա, զոր Խոյականայ բերդ կոչէին ըստ պարսկական բարբառոյն, և զԴեդն և զԾիրանաքարն, և զայլ ամրոցս նորին, և այնպէս յստակեաց զնոսա, մինչև հետք անգամ ոչ երևէին, թէ բնաւ շէն լեալ իցէ…›› (Կիրակոս Գանձակեցի 1961, 313): Այս դեպքերից հետո Հասան-Ջալալ իշխանի դեմ Բուղայի հալածանքները ավելի են սաստկանում: Խաչենի տիրակալը դիմում է Բաթու խանին՝ Բուղայի անօրինական գործողությունների հետ կապված և ետ է ստանում  իր մի շարք ամրոցները: Գանձակեցին ետ վերադարձվող ամրոցների շարքում Դեդ ամրոցը չի հիշատակում (Ուլուբաբյան 1975, 196-203):

Ըստ Ս. Սարգսյանի՝ Գանձակեցու հիշատակած Դեդ ամրոցը նույն Նատարինն է: Ըստ հետազոտողի՝ ամրոցի Դեդ անվանումը կապված է դիտող, պահապան, դիտանոց բառերի հետ, նույն կերպ է թարգմանվում նաև Նատարին բառը (Սարգսյան 2002, 70-71):

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Ամրոցի տարածքը զբաղեցնում է մոտ 2,5 հա տարածություն: Ամրոցի միակ մուտքը գտնվում է լեռան գագաթի հյուսիսային կողմում՝ այն հատվածում, որտեղ մոտ 26 մետր երկարությամբ նշմարվում են 8 փոքր սենյակների մնացորդներ: Սրանց մակերեսները տատատնվում են 9-15 քառակուսի մետրի սահմաններում (նկ. 3): Պետք է հաշվի առնել, որ ամրոցի տարածքը հնագիտական հետազոտության չի ենթարկվել և չափումները մոտավոր են ըստ առկա վիճակի: Տարածքը ծածկված է առատ բուսականությամբ: Ամրոցի ամենաբարձ կետում գտնվում է աշտարակը (3,1x2,6 մետր չափերի), ինչպես նաև ջրավազանը (6,6x5 մետր չափերի): Գագաթնամասում երևում են նաև այլ շինությունների մնացորդներ (նկ. 4): Նշմարվող շինությունները կառուցված են տեղական մոխրակապտավուն անմշակ և կոպտատաշ քարերով, կրաշաղախով: Ամրոցի տարածքում չեն նշմարվում պարիսպները և աշտարակները: Պատճառներից մեկը թերևս ամրոցի տեղադրությունն է բնական լեռնագագաթի կատարին: Միևնույն ժամանակ, ժայռամերձ հատվածներում, եզրամասերում գտնվող շինությունների պատերը կառուցված են համեմատաբար մեծ քարերով, աչքի են ընկնում հաստությամբ և ամրությամբ (Սարգսյան 2002, 69-70):

Նկ. 3 Ամրոցի տարածքում նշմարվող շինությունների պատերը, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրի:

Նկ. 4 Ամրոցի գագաթնամասում նշմարվող շինությունների պատերը, լուս.՝ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրի:

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Ամրոցը Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել: Այն կարիք ունի համալիր հնագիտական հետազոտության:

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու:
  2. Կիրակոս Գանձակեցի, Պատմություն հայոց, աշխատասիրությամբ Կ. Ա., Մելիք-Օհանջանյանի, Երևան, 1961:
  3. Ղուլյան 1984 - Ղուլյան Ա., Խաչենի իշխանական ապարանքը, Լրաբեր հասարակական գիտությունների, Երևան, N 3, էջ 51-57:
  4. Մանանդյան 1952 - Մանանդյան Հ., Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ. III, Երևան:
  5. Սարգսյան 2002 - Սարգսյան Ս., Խաչենի ամրոցները, Ստեփանակերտ:
  6. Ուլուբաբյան 1975 - Ուլուբաբյան Բ., Խաչենի իշխանությունը X-XVI դարերում, Երևան:
Դեդ (Նատարին) ամրոցը
Դեդ (Նատարին) ամրոցը
Մարտակերտի շրջան
Արցախ