ԱՄՆ կոնգրեսի 87 անդամներ պաշտոնական նամակով դիմել են պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը

Հուլիսի 23-ին, ԱՄՆ Կոնգրեսի 87 անդամներ պաշտոնական նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ անդրադառնալով տարածքի պատմական եկեղեցիների ու վանքերի ոչնչացման՝ Ադրբեջանի քաղաքականությանը (https://anca.org/assets/pdf/072325_ArmenianCaucus_RightofReturn.pdf

Նամակում, ի թիվս բռնի տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքի երաշխավորման ջանքերի, շեշտադրվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի ռազմական գրավումից հետո Ադրբեջանը համակարգված կերպով ոչնչացրել է հայկական քրիստոնեական մշակութային ժառանգությունը, այդ թվում՝ հնագույն  եկեղեցիներ ու վանքեր, գերեզմանոցներ և բնակավայրեր։

Բացի այդ, ԱՄՆ կոնգրեսականները հաստատել են, որ Ադրբեջանը ձեռնարկել է նաև քաղաքացիական տների, գույքի և ենթակառուցվածքների լայնածավալ թալան և քանդման աշխատանքներ՝ փորձելով զրկել տարածաշրջանի տեղահանված հայ բնակչությանը վերադարձի հնարավորությունից։ Ուստի, փաստաթուղթը կոչ է արել կառավարություններին և միջազգային մարմիններին՝ ԵԱՀԿ-ի և այլ կոնվենցիաների հիման վրա, դիվանագիտական և իրավական քայլեր ձեռնարկել՝ հայկական մշակութային ժառանգության հետագա ոչնչացումը կանխելու, մարդկանց իրենց պատմական տներ վերադարձի գործընթացին աջակցելու համար։

Կոնգրեսականները ողջունել են Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական, մշակութային և պատմական ժառանգության պահպանմանը նվիրված միջազգային համաժողովի եզրափակիչ հայտարարությունը, որն ընդունվել էր Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հովանու ներքո՝ 2025 թվականի մայիսի 27-28-ը, Շվեյցարիայի Բեռն քաղաքում։