Մանրամասներ. Մի էջ հայերի «աստեղային» մշակույթից:
Նկ. 1 Հատված շինարարական արձանագրությունից, սբ. Աստվածածին եկեղեցի (13-րդ դարի 60-70-ական թվականներ), Այրք, Գեղարքունիք:
«… իշխանութեամբ մեծին Հասանա եւ Մամքանա եւ աստխանշան որդոյն Գրիգորի…»:
Լինել աստղանշան, քրիստոսաբանական ընկալմամբ, նշանակում է կրել աստվածային հատուկ բարեհաճությունը: Քրիստոսն է ծնվել հատուկ աստղի տակ, և Քրիստոսի երկրորդ գալուստն է, որ բազամաթիվ այլ նշանների հետ մեկտեղ ցուցվելու է Արևելքից ծագող հատուկ աստղի` այսպես կոչված «աստղն առաւոտի» միջոցով:
Նկ. 2 Խաչի երկրրոդ գալուստը, խաչքար, 9-րդ դար, Սոդք (այժմ Էջմիածնի մայրավանքում):
Ուշագրավ է, որ խաչքարային ու տապանաքարային մի շարք հորինվածքներ հաճախ ներառում են և այդ աստղը` որպես ցուցում Քրիստոսի երկրորդ գալուստի, և վերջին օրերին բարեհաճ վերաբերմունքի ակնկալիք կոնկրետ այն հավատացյալի (հավատացյալների) հանդեպ, ում նվիրված է խաչքարը կամ տապանաքարը:
Նկ. 3 Արևը, լուսինը և աստղն առավոտի: Տապանաքար, 1431 թ., Գանձասարի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գավիթ, Արցախ:
Երեք լուսատուներից բաղկացած այս հորինվածքը, որ խորհրդանշում է Երկրորդ Գալուստը (և դրանով իսկ հանգուցյալների հոգու փրկությունը), տարակերպ մանրամասներով լայնորեն տարածված էր դեռևս 5-7-րդ դարերում: Սկզբնապես դրանք պատկերվում էին եկեղեցիների բարավորների ու պատուհանների պսակների վրա, ուղղակի պատերին: 9-րդ դարից դրանք դառնում են խաչքարային հորինվածքի էական բաղադրիչներից մեկը, 12-13-րդ դարերից սկսած՝ հայտնվում տապանաքարերի վրա՝ կիրառվելով մինչև 19-րդ դարի վերջերը:
Վերջիններիս շարքում լայն հասարակայնությանը թերևս ամենահայտնին Գանձասարի այս մարմարե տապանաքարն է, որի հորինվածքը և հատակապես Աստղն առավոտին խորհրդանշող վեցաթև աստղաքանդակը տարաբանույթ, երբեմն էլ ֆանտասատիկ, մեկնություններ են ստացել:
Նկ. 4 Խաչքարային պատկերաքանդակ, 12-րդ դարի վերջ, Հանդաբերդի վանք, Նոր Շահումյանի շրջան, Արցախ:
Հանդաբերդի խաչքարային եզակի մի հորինվածք պատկերում է ստնտու մորը` մանկանը կուրծք տալիս: Այն նախ խիստ ուշագրավ է երեխաների խնամքի, կերակրող մոր ու մանկան տարազի առումով: Երեխան մոր գրկում չէ, այլ կանգնած է ողջ հասակով մեկ: Ուշագրավ է, որ գլխարկի կոկարդն աստղազարդ է պատկերում: Ինչպես նշեցինք, լինել աստղանշան, նշանակում էր կրել աստվածային հատուկ բարեհաճությունը:
Ավելի մանրամասն տե´ս
Պետրոսյան Հ., Կիրակոսյան Լ, Սաֆարյան Վ., Հանդաբերդի վանքը և նրա պեղումները, Երևան, Փրինթինֆո, 2009: