Հինշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Տեղադրություն
Հինշեն գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում: Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում:
Պատմական ակնարկ
Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Դատելով եկեղեցու ընդհանուր տեսքից, հատակագծից՝ այն պետք է կառուցված լինի 19-րդ դարում (նկ. 1):
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ: Այն միանավ սրահ է: Կառուցված է սպիտակավուն փոքր ու միջին չափերի անմշակ ու կիսամշակ կրաքարով, սրբատաշ են միայն մուտքի և պատուհանների եզրաքարերը, պատերի անկյունաքարերը (նկ. 2): Շինության միակ մուտքը բացվում է հարավային կողմից (նկ. 3): Եկեղեցու արտաքին պատերը սվաղապատ են: Եկեղեցին ունեցել է թաղակապ ծածկ:
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Եկեղեցին Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել, խորհրդային տարիներից եկեղեցու շինությունը օգտագործվել է որպես հանդիսությունների տուն: Այդ տարիներին փոխվել է եկեղեցու ծածկը և ներսույթը (նկ. 4): Կատարվել են արտաքին պատերի որոշ մասերի վերաշարում նոր քարով (նկ. 5):
Գրականություն
Եկեղեցու մասին մեր տեղեկությունները հենվում են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից կազմված հուշարձանի վկայագրի ներկայացված տեղեկությունների հիման վրա:
Հինշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Արցախ