Եղիշա կույսի անապատը

Տեղադրությունը

Եղիշա կույսի անապատը գտնվում է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղից հարավ բարձրացող լեռան գագաթին։ Վերջինս էլ Գյունե (արևելահայաց) և Ղուզե Ճարտար գյուղերի արանքում է «արձանացած» (ԴՀՎ 5, 161): Վանքի միակ՝ պահպանված եկեղեցու շուրջը սփռված է միջնադարյան գերեզմանոցը: Ժամանակին վանքի տարածքը պարսպապատված է եղել, որից որոշ տեղերում մնացել են շինարարական ավերակներ միայն (նկ․ 1)։ Գյուղը և համապատասխանաբար նրա տարածքում գտնվող բոլոր հուշարձաններն այսօր գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։

Նկ. 1 Եղիշա կույսի անապատի ընդհանուր տեսքը արևելքից, լուս․՝ Ն․Երանյանի։

Պատմական ակնարկ

Մատենագրական տեղեկությունները վանքի մասին սուղ են, բայց տեղում պահպանված շինարարական ավերակներն ու ճարտարապետական մանրամասները (բազիլիկ կառույցի հիմնապատեր, IV-V դարերին բնորոշ խոյակներ, սյուների խարիսխներ, զարդաքանդակ բեկորներ) վկայում են վաղ միջնադարում այստեղ գործած մշակութային և պաշտամունքային կենտրոնի մասին։ Վանքը XII դարից եղել է նաև նշանավոր ուխտատեղի։ Հետագայում այն ավերվել է և XVII դարում վերակառուցվել (Բարխուտարեանց 1895, 116-117)։

Ճարտարապետական - հորինվածքային քննություն

Վանքի միակ՝ պահպանված կառույցը եկեղեցին է, որ արձանագրություններում կոչվում է Եղիշա կույսի անապատ։ Շինարարական արձանագրության մեջ (արված եկեղեցու արևմտայն մուտքի բարավորի վրա) խոսվում է 1675 թ․ իրականացված վերակառուցման մասին․ «Կարօղութե[ամ]բն ամենազօ/րին Աստուծօյ ես նուաստ տ[է]ր Յոհան/՝ անձամբ տկար աբեղայս և որդէգ[ի]ր Փոքր տ[է]ր Յոհանս շինեցաք ս[ուր]բ եկ[ե]ղ[ե]ցիս ըստ անու/ան սրբուհոյ Կուսին Եղիշէի ի կաթուղիկոսութ[եա]ն տ[եառ]ն Եր/եմիայի և տանս Աղուանից, որ ի մայր աթոռոյն Գանձասարայ/. վ[ա]ս[ն] որոյ յիշել աղաչեմք հանդերձ ծնողովք մերովք :ՌՃԻԴ: (1675)» (ԴՀՎ 5, 162, նկ․ 2)։ Նույն ճակատի լուսամուտի վերնամասի արձանագրության մեջ էլ նշվում է « Տէր Աստուած Յիսուս Քրիստոս, ես անարժան ուստայ Կաբրըելս շինեցի այս եկեղեցիս ի ձեռամբ իմով, ով կարդա մէկ բերան ողորմի ասէ․ խաչս յիշատակ է Գաբրելիս և ծնողաց իմոյ և դստերաց և որդոց իմոց » (Բարխուտարեանց 1895, 116, 117, նկ․ 3):

Եկեղեցին եռանավ բազիլիկի հորինվածք ունի, որտեղ կողային նավերը բավական նեղ են, իսկ կենտրոնական, խորանով պսակվող նավը՝ լայն։ Խորանի արևելյան և արևմտյան պատերի մեջ կան մեկական պատրհաններ։ Կողային նավերն ավարտվում են ուղղանկյուն հատակագծով ավանդատներով։ Հատակագծային չափերն են՝ 15,95 x 9,70 մ։ Եկեղեցու միակ մուտքը բացված է արևմտյան պատի մեջ և զարդարված որմնասյուների վրա հանգչող կամարով (նկ․ 4)։ Բեմը լուսավորվում է արևելյան ճակատի մեջ բացված լուսամուտից։ Այս կողմից մեկական՝ սիմետրիկ լուսամուտներ ունեն նաև ավանդատները։ Աղոթասրահը լուսավորվում է երկայնական երկու՝ հարավային և հյուսիսային պատերի մեջ բացված լուսամուտների հաշվին (նկ․ 5)։

Նկ. 2 Եկեղեցու արևմտյան բարավորի՝ վերակառուցմանը վերաբերող արձանագրությունը, լուս․՝ Ն․ Երանյանի:

Նկ․ 4 Եկեղեցու շքամուտքը, լուս․՝ Ն․ Երանյանի:

Նկ․ 3 Եկեղեցու արևմտյան պատուհանի վերնամասի արձանագրությունը, լուս․՝ Ն․ Երանյանի:

Նկ. 5 Եկեղեցու հատակագիծը, չափագրությունը՝ Ս․Կարապետյանի:

Եկեղեցին ունի ընդարձակ ինտերիեր և բավական բարձր (աղոթասրահի հատակից չորս աստիճան բարձրացված է) բեմ (նկ․ 6), որի տակ գտնվում է Եղիշա կույսի դամբարանը։ Աղոթասրահը թաղածածկ է, թաղակիր կամարները մի կողմից հենված են աղոթասրահի ներսում գտնվող մեկ զուգ սյուների և արևելյան ու արևմտյան պատերի պարզունակ տրամատով իմպոստների վրա (նկ․ 7)։ Ներսից եկեղեցին եղել է սվաղապատ, որը մասամբ պահպանվել է խորանում և ավանդատների պատերին։ Կտուրի վրա իբրև զանգակատուն ունեցել է փոքրիկ կաթողիկե, որն ավերվել է:

Եկեղեցին կառուցված է հիմնականում անտաշ որձաքարերով ամրացված կրաշաղախով։ Միայն կամարները, մույթերը, լուսամուտների և դռան եզրերը շարված են մաքուր տաշած քարերով (նկ․ 8)։ Պատերի մեջ օգտագործված են հին շինության բազմաթիվ քարեր, խաչքարեր, զարդաքանդակներ, արձանագրության մնացորրդներ, տապանաքարեր (նկ․ 9), որոնց վրա քանդակված են տնտեսական և կենցաղային ուշագրավ տեսարաններ (Մկրտչյան 1985, 154):

Նկ․ 6 Եկեղեցու բեմը, լուս․՝ Ն․ Երանյանի:

Նկ․ 8 Եկեղեցու տեսքը դիտված դեպի հյուսիս արևելք, լուս․՝ Ն․ Երանյանի:

Նկ․ 7 Աղոթասրահի ծածկի համակարգը, լուս․՝ Ն․ Երանյանի:

Նկ․ 9 Եկեղեցու պատի մեջ ագուցված տապանաքարը, լուս․՝ Ն․ Երանյանի:

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Խորհրդային շրջանում Եղիշա կույսի անապատը լքված և բարձիթող վիճակում էր։ Եկեղեցու ներքին տարածքը օգտագործվում էր տնտեսական նպատակներով։ Արցախի առաջին պատերազմից հետո եկեղեցու տանիքը վերանորոգվել է, մաքրվել է ներսը, բարեկարգվել շրջակայքը։ Ադրբեջանական օկուպացիայից հետո հուշարձանի հետ կապված տեղեկություններ հայտնի չեն։

Գրականության ցանկ

  1. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, «Արօր», Բագու:
  2. ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կազմ.՝ Ս. Գ. Բարխուդարյան։ Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1982։
  1. Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան» հրատ., Երևան:
Եղիշա կույսի անապատը
Եղիշա կույսի անապատը
Մարտունու շրջան
Արցախ