Ղարաբաղի համալսարանում տեղի է ունեցել «Ղարաբաղի զբոսաշրջային ներուժը» խորագրով միջոցառումը
2025 թվականի սեպտեմբերի 29-ին «Ղարաբաղի տարածաշրջանային զբոսաշրջության վարչության» նախաձեռնությամբ Ղարաբաղի համալսարանում տեղի ունեցավ «Ղարաբաղի զբոսաշրջային ներուժը» խորագրով միջոցառում՝ նվիրված զբոսաշրջության աշխատողների օրվան։ Միջոցառման գլխավոր նպատակը Ադրբեջանի զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներին տեղում ցույց տալ Ղարաբաղի զբոսաշրջային ներուժը (https://karabakh.edu.az/page/64/597):
Հարկ ենք համարում նշել, որ սկսած 2021 թվականից ադրբեջանական կողմը աստիճանաբար սկսեց Արցախի օկուպացրած որոշ տարածքներ ներառել Ադրբեջանի զբոսաշրջային ուղղությունների մեջ: Զբոսաշրջային այցեր սկսեցին կազմակերպել Շուշի քաղաք, Աղդամ, Տիգրանակերտ հնավայր, որը ներկայացվում է որպես Շահբուլաղ, խիստ սահմանափակ քանակությամբ դեպի Ջեբրայիլ: Զբոսաշրջային առաջին այցերը նախատեսված էին ադրբեջանցիների համար, այսինքն՝ մաս էին կազմում ներքին զբոսաշրջությանը: Դեպի Ղարաբաղ զբոսաշրջային այցերը կրում են խիստ քարոզչական բնույթ, կատարվում են հատուկ ուղեկցությամբ, գրեթե յուրաքանչյուր այցը ներկայացվում է հատուկ ռեպորտաժով: Ռեպորտաժների նպատակը ցուցադրել «ազատագրված հայրենիքը», բնակավայրերը, դրանց գեղեցկություն ու ներուժը, հատուկ ցուցադրել «հայկական վանդալիզմը» և վերադառնալու հույսը: Սկսած 2024 թվականից Ղարաբաղ այցելությունները ավելի դյուրացվեցին ադրբեջանցիների համար, սակայն, տեղում թույլատրվում է այցելել միայն որոշ բնակավայրեր: Ներկա պահին թույլատրվում են համեմատաբար ազատ այցերը Ստեփանակերտ, Շուշի, Աղդամ, Տիգրանակերտ, Ասկերան, Բերձոր (Լաչին):
Նկատելի է, որ ադրբեջանցիները գերազանցապես այցելում են Շուշի քաղաքի մզկիթները, Հունոտի կիրճ: Շուշի քաղաքում այցելություններից դուրս է Ղազանչեցոց եկեղեցին: Ստեփանակերտ քաղաքում այցելում են «Մենք ենք մեր սարերը» հուշարձան՝ որպես օկուպացված Արցախի առավել հայտնի վայր: Աղդամ քաղաքում դիտարկում են Փանահ խանին վերագրվող պալատական համալիրը, խանական դամբարանները, իսկ Տիգրանակերտում՝ գլխավորապես Շահբուլաղի ամրոցը և մզկիթը: Նկատելի է, որ Արցախի հայկական քրիստոնեական ժառանգության մոտ այցեր գրեթե չեն լինում: Բացառություն է կազմում Գանձասարի վանքը և Դադիվանքը: Ընդ որում՝ Վանք գյուղի՝ նախքան Արցախի օկուպացիան զբոսաշրջիկներին սպասարկող ենթակառուցվածքները նորացվել են և կրկին շահագործվում են: Ղարաբաղում զբոսաշրջիկները կարող են գիշերակաց ունենալ միայն Ստեփանակերտ, Շուշի քաղաքներում, վերջերս նաև Աղդամում:
Օկուպացված Արցախ, սակայն, դեռևս չեն այցելում արտասահմանյան զբոսաշրջային խմբեր: Օտարերկրացիների ազատ մուտքը դեպի այդ տարածքները դեռևս խիստ սահմանափակ է: Չնայած, միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում ադրբեջանական կողմը սկսել է արդեն գովազդել զբոսաշրջային այցեր դեպի Ղարաբաղ: Օկուպացված Արցախը ադրբեջանական կողմը գլխավորապես ներկայացնում է Շուշի քաղաքով, քաղաքի իսլամական մշակութային ժառանգությամբ, Հունոտի կիրճով: Քրիստոնեական մշակութային ժառանգությունից գովազդվում են գլխավորապես Դադիվանքը և Գանձասարի վանքը, այն էլ՝ որպես աղվանա-ուդիական: Նկատելի է, որ ադրբեջանական կողմը փորձում է նաև յուրացնել Արցախի գինեգործական մշակույթը, խոսքը գլխավորապես գնում է խմդողնի տեսակի խաղողի մասին և ըստ այդմ էլ՝ Ադրբեջանի գինու զբոսաշրջային քարտեզում ավելացնել օկուպացված Արցախի տարածքները:
Կարող ենք փաստել, որ ադրբեջանական կողմը փորձում է ակտիվորեն օգտագործել զբոսաշրջությունը սեփական մշակութային քարոզչության մեջ: Փաստելի է, որ զբոսաշրջության տեսանկյունից օկուպացված Արցախի տարածքները, պատմությունն ու մշակույթը ներկայացվելու են լիովին խեղաթյուրված, իսկ Արցախ այցելող միջազգային զբոսաշրջիկները, հատկապես՝ առաջին խմբերը օգտագործվելու են պետական քարոզչության մեջ:
Ադրբեջանական կողմը վերջին երկու տարիներին ջանում է օկուպացված Արցախը ներկայացնել որպես տնտեսական և զբոսաշրջային վերածնունդ ապրող տարածք։ Իրականում սա հստակ ուղղված է արտաքին աշխարհին և սեփական հասարակությանը ցույց տալու, որ պատերազմից և բռնի տեղահանությունից հետո տարածքը կարող է դառնալ զբոսաշրջային ուղղություն։ «Ղարաբաղի զբոսաշրջային ներուժ» ձևակերպումը ինքնին հետաքրքիր է, քանի որ ցույց է տալիս՝ ինչպես է Ադրբեջանի քաղաքականությունը ճանապարհներ փնտրում Արցախը դարձնել զբոսաշրջության կենտրոն և ներգրավել հնարավորինս շատ այցելու, հատկապես՝ օտարերկրացի, ինչը լեգիտիմություն կհաղորդի օկուպացիային: