Կավահան (Ղավախան) գյուղի «Պտկես բերք» կամ «Սրբի դոշ» վանական համալիրը
Տեղադրությունը
Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ղավախան գյուղից 0,7 կմ արևելք, կոնաձև, բարձր, անտառապատ բլրի գագաթին (նկ. 1):
2023 թվականից բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։
Պատմական ակնարկ
Կավահանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ներառված է 21 հուշարձան, որոնցից մեկն էլ «Պտկես բերք» կամ «Սրբի դուզ» վանական համալիրն է։
Հուշարձանի մասին պատմական ստույգ տեղեկություններ չեն պահպանվել։ Ըստ եկեղեցու մուտքի բարավորի արձանագրության՝ այն վերակառուցվել է 1861 թվականին։
Շ․ Մկրտչյանի վկայության համաձայն՝ մատուռը հայտնի է 13-րդ դարից (Мкртчян 1989, 124)։ Նույնը կրկնում է Վ․ Բալայանը (Բալայան 2021, 458)։ Երկուսի մոտ էլ հուշարձանը ներկայացվում է որպես «Պտկես Բերք» մատուռ։
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
«Պտկես բերք» կամ «Սրբի դոշ» -ը 17-19-րդ դարերի համալիր է, որը զբաղեցնում է 1,3 հեկտար տարածք։
Հուշարձանը գտնվում է կոնաձև, բարձր, անտառապատ բլրի գագաթին։ Համալիրի կենտրոնում կիսավեր վիճակում գտնվում է կիսաշրջան խորանով միանավ եկեղեցին (երկարությունը՝ 6,3 մետր, լայնությունը՝ 3,1 մետր, բարձրությունը՝ 2․5 մետր; նկ․ 2)։ Եկեղեցու միակ՝ արևմտյան մուտքի դիմաց ուրվագծվում է երբեմնի գավթի ուղղանկյուն հատակագիծը։ Այս ամենը ներփակված է եղել շրջապարիսպով, որի հետքերը երևում են հատվածաբար, բայց առավել հստակ՝ եկեղեցու արևմտյան կողմում (նկ․ 3), ուր նկատվում են պարիսպի մուտքը կազմող երկու աշտարակների միջով անցնող երկու դարպասների ուրվագծերը։
Մուտքի բարավորին պահպանվել է 1861 թվականի շինարարական արձանագրությունը (նկ․ 4, 5)։ Հյուսիսային կողմում նկատվում են հին գերեզմանոցից մնացած տապանաքարեր ու խաչքարեր (ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր): Առանձնակի կարևորություն ունի 12-13-րդ դարերին վերաբերող խաչքարը, ուր երկայնական սալի վրա փորագրված են իրար վրա նստող երեք խաչքարային հորինվածք (նկ. 6)։ Պարսպապատից դուրս, դեպի հյուսիս-արևմուտք տարածվում են բազմաստիճան արհեստական դարավանդներ՝ կացարանների հետքերով:
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Գրականություն
- Мкртчян 1989 - Мкртчян Ш. Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, Ереван.
- Բալայան 2021 - Բալայան Վ․, Արցախի բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան։
- ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր - Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր։
Կավահան (Ղավախան) գյուղ
Արցախ