Ուզերլի-թեփե միջին բրոնզեդարյան բնակատեղին

Տեղադրությունը

Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության  Ասկերանի շրջանի Ակնայի (Աղդամի) արևելյան ծայրամասում, Ղարաբաղյան դաշտավայրի սկզբում, մի բլրի վրա։  2020 թվականից  բռնազավթված է Ադրբեջանի կողմից։

Պատմական ակնարկ

Հուշարձանի մասին մանրամասն տեղեկություններ են պահպանվել բնակավայրը պեղող, հնագետ Կ․ Քուշնարյովայի հոդվածներում (Кушнарева 1957, 129-135; Кушнарева 1959, 388-430; Кушнарева 1965, 74-102; Кушнарева 1994, 118-127):

Հնագիտական ուսումնասիրություն

Դեռևս 1954 թվականի ամռանը Օրենկալայի արշավախմբի ղեկավար Ա․ Եսսենը և նույն արշավախմբի գիտաշխատող, հնագետ Կ․ Քուշնարյովան, Ակնայի արևելյան ծայրամասում արձանագրել են վանակատե և խեցու բեկորների մեծ կուտակում․ դրանց մեջ կային նաև կոպիտ ձեռածեփ, սևափայլ բեկորներ,  որոնք հուշում էին  հուշարձանի հնության մասին։ Նույն թվականի հոկտեմբեր ամսին բնակավայրի տարածքում սկսվել են փոքրածավալ հնագիտական նախնական աշխատանքներ, որոնք շարունակվել են 1955 թվականի գարնանն ու աշնանը։

Ուզերլիկ-թեփե բլուր-բնակավայրն ունի անկանոն շրջանի ձև 202 և 196 մետր տրամագծով, միջին բարձրությունը՝ 9,8 մետր, որը ձևավորվել է 3-3,5 մետր բարձրության բնական բլրի վրա (նկ․ 1)։

Նկ. 1 Ուզերլիկ-Թեփե բլրի ընդհանուր տեսքը, լուս․ Հ․ Պետրոսյանի։

Ընդհանուր առմամբ պեղվել է 484 մ²  տարածք, որի ընթացքում բացվել է մինչև 3 մետր հզորութամբ մշակութային շերտ (նկ․ 2):  Երեք մետրանոց մշակութային շերտը ոչ մի հատվածում չի ընդհատվում, ինչը վկայում է, որ կյանքը բնակավայրում անդադար շարունակվել է երկար ժամանակ։ Մշակութային շերտը ներկայացնում է միջին բրոնզի տարբեր փուլերին պատկանող երեք հորիզոնով։ Շերտի բաժանումը երեք հորիզոնների հիմնված է հստակ հաստատված շինարարական  փուլերի վրա։ Շերտերում գտնված նյութերը ներկայացնում են միջին բրոնզեդարյան մշակույթի զարգացման փուլային հաջորդական պատկերը։ Մասնավորապես, ուշադրություն  է գրավում խեցեղենի զարդերի ստացման եղանակը․ ստորին շերտում ստացված է փորագրման, կտրելու միջոցով, իսկ վերին երկու շերտերում դրանք ստացվել են այսպես կոչված «քայլող դրոշմիչով» (նկ․ 3)։

Հնագույն բնակավայրը (շերտի հաստությունը՝ 0,8 մետր) ձևավորվել է ցածրադիր բլրի վրա և կրել է ոչ ամրացված բնույթ: Դրան հատուկ է տարբեր նշանակության փոսերի առատությունը (հայտնաբերվել են 70 հոր)՝ օջախամերձ  մոխրային փոսեր, պահոցի փոսեր, հացահատիկի պահեստ, աղբահորեր (նկ․ 4)։ Նույն շերտում բացահայտվել են սյուների վրա կանգնած տան մնացորդներ, որի պատերը եղեգից էին՝ պատված կավով։ Տան տանիքը կազմված էր փայտե տախտակներից, իսկ կավածեփ հատակը ծածկված էր խսիրով։ Օջախի փլատակներում հայտնաբերվել են կավե շարժական վառարանի բեկորներ, որի բարձր ուղղաձիգ պատերին, ինչպես վկայում են ազգագրական զուգահեռները, հաց է թխվել։ Օջախում հայտնաբերվել է կավե հալոց (նկ․ 5),  ինչպես նաև մի կտոր խարամ, ինչը փաստում է, որ բրոնզաձուլությունը կարևոր տեղ է զբաղեցրել բնակավայրի կյանքի ամենավաղ շրջանում: Օջախի հարևանությամբ գտնվել են գետաքարից պատրաստված տրորիչներ, հղկիչներ, քարե կափարիչներ։

Նկ. 2 Ուզերլիկ-Թեփե հնավայրի պեղումների հատակագիծը, լուս․ըստ Кушнарева 1994, таблица 38։

Նկ. 4 Ստորին շերտի տարբեր նշանակության փոսերը, լուս․ ըստ Кушнарева 1994, таблица 38։

Նկ. 3 Խեցեղենու զարդերի տեսակները, լուս․ ըստ Кушнарева 1959, рис. 12։

Նկ. 5 Օջախում հայտնաբերված կավե հալոցը, լուս․ ըստ Кушнарева 1994, таблица 38։

Հնագույն շերտի գտածոների մեջ գերակշռում էր երկու խմբի խեցեղեն՝ «խոհանոցային» սպասքը ներկայացված է կոպիտ պատրաստված, մրով պատված կլորավուն և ձվաձև կճուճներով, քրեղաններով և փոքր թասերով (նկ․ 6)։ «Սեղանի» սպասքը ներառում է փոքր չափերի խոր կճուճներ և  սև ու դարչնագույն փայլեցված մակերես ունեցող կլորավուն իրանով լայնաբերան քրեղաններ (նկ․ 7)։ Դրանք զարդարված են փորագրված նախշերով՝ կարճ գծանշումներով կամ «եղևնաձև» նախշով լցված գոտիներով կամ ժապավեններով, մեանդրով, կամարաձև պատկերներով։

Նյութերով ավելի հարուստ էր միջին՝ շուրջ մեկուկես մետր հաստությամբ շերտը, որը ընդգրկում էր մեծ քանակությամբ քարե օջախներ, օջախային բծեր և տնտեսական փոսեր։ Այստեղ բացահայտվել է հզոր պաշտպանական պարիսպ, կառուցված հում աղյուսներից։ Նրա մաքրված հատվածի (35 մետր երկարությամբ) կոր ձեվը վկայում է, որ պարիսպը շրջափակել է բլրի կենտրոնական մասը և, հավանաբար, ունեցել է մի քանի մուտք (նկ․ 8)։  Պարսպի լայնությունը 3 մետր է, պահպանված բարձրությունը՝ 1 մետր։ Հիմնական գտածոները և կացարանների մնացորդներն արձանագրվել են դրա ներքին կողմում։ Այս ժամանակաշրջանում բնակավայրը երկու անգամ ենթարկվել է հրդեհների (ինչի մասին վկայում են հաստ ածխային շերտերը)։

Նկ. 6 Ուզերլիկ-Թեփեի 1 խմբի խեցանոթները, լուս․ ըստ Кушнарева 1959, рис.9։

Նկ. 7 Ուզերլիկ-Թեփեի 2-րդ խմբի սևափայլ անոթները, լուս․ ըստ Кушнарева 1959, рис. 11։

Նկ. 8 Ուզերլիկ-Թեփե․ աղյուսաշար պարսպի ընդհանուր տեսքը և մանրամասն, լուս․ ըստ Кушнарева 1959, рис.7։

Կացարանների ավերման և մշակութային շերտի աճման հետևանքով պաշտպանական պատը կորցրել է իր նշանակությունը և հարթեցվել է․ կյանքը կենտրոնացվել է ավելի բարձր հորիզոնի վրա, ինչի արդյունքում ձևավորվել է վերին շերտը, որը բնութագրում է բնակավայրի կյանքի վերջին փուլը։ Չնայած դրա վատ պահպանվածությանը, այստեղ բացահայտվել են կավածեփ հատակների մնացորդներ, որոնց վրա գտնվել են կենցաղային իրեր։ Մեկ կացարանի օջախում հայտնաբերվել է վառված հացահատիկ, ինչպես նաև կանացի արձանիկ (նկ․ 9)։

Միջին և վերին շերտերի խեցեղենը դիտարկվում է որպես միասնական համալիր։ «Խոհանոցային» սպասքը ձևափոխության չի ենթարկվում։ Կատարելագործվում  է սևափայլ խեցեղենը․ ի հայտ են գալիս համաչափ խոշոր անոթներ, ինչպես նաև նրբագեղ՝ երբեմն համալրված նստուկով փոքր անոթներ։ Բարելավվում է սևացման և փայլեցման որակը։ Փորագրված նախշերին փոխարինում է դրոշմազարդը, որն իրականացված է «քայլող սանրով»։ Զարդերը ստանում են համաչափ դասավորություն, հին նախշերին (կամարաձև պատկերներ, հորիզոնական գոտիներ) միանում են նորերը՝ իրար մեջ ընդգրկված օվալներ, ուղղահայաց իջնող զիգզագաձև գծեր։

Վերին շերտում ի հայտ եկած ծիսական սպասքը ներկայացված է մեծ չափերի «հիդրիաներով»։ Դրանց նկարազարդումը կազմված է ուղղահայաց և ալիքաձև թեքադրված, շտրիխավորված ռոմբուսներից։

Այստեղ հայտնաբերվել են նաև մանգաղների ներդիրներ,  հարդարիչներ, տրորիչներ, աղորիկներ, գուրզի գլխիկներ սրաքարերի, ինչպես նաև ոսկրից պատրաստված իրեր (նկ․10)։ Աղորիքների մեծ չափերը վկայում են դրանց բարձր արտադրողականության մասին, ինչը՝ հացահատիկի գտածոների և հատիկապահոց-փոսերի հետ միասին, ցույց է տալիս երկրագործության զգալի տեղը տնտեսությունում։ Վանակատի բազմաթիվ բեկորները վկայում են, որ բնակավայրում իրականացվում էր գործիքների պատրաստում (Кушнарева 1994, с.118-121).

Կ․ Քուշնարևան Ուզերլիկ-Թեփեի բնակավայրը թվագրում է մ.թ.ա. XVIII–XVII դարերով (Кушнарева 1994, с.127)։

Նկ. 9 Ուզերլիկ-Թեփե․ կանացի արձանիկ, լուս․ ըստ Кушнарева 1959, рис. 23։

Նկ. 10 Ուզերլիկ-Թեփե․ քարե առարկաներ, լուս․ ըստ Кушнарева 1959, рис. 16։

Գրականություն

1․Кушнарева 1957 - Кушнарева К., Раскопки на холме Узерлик-Тепе около Агдама (из работ Азербайджанской экспедиции 1954 г.. КСИИМК, вып 69, с.129-135.

2․ Кушнарева 1959 - Кушнарева К., Поселение эпохи бронзы на холме Узерликтепе около Агдама //Труды Азербайджанской (Орен-Калинской) археологической экспедиции. Т. I: 1953–1955 гг., МИА СССР, №67, Москва-Ленинград, с.388-430.

3․ Кушнарева 1965 - Кушнарева К.,  Новые данные о поселении Узерликтепе около Агдама. МИА СССР. № 125, Труды Азербайджанской (Орен-Калинской) археологической экспедиции. Т. II: 1956–1960 гг. Москва-Ленинград, с. 74-102.

4․ Кушнарева 1994 - Археология СССР. Эпоха бронзы Кавказа и Средней Азии. Ранняя и средняя бронза Кавказа, глава 7, Севано-узерликская группа памятников, Москва, с.118-135.

Ուզերլի-թեփե միջին բրոնզեդարյան բնակատեղին
Ուզերլի-թեփե միջին բրոնզեդարյան բնակատեղին
Ասկերանի շրջան
Արցախ