Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի մասնաճյուղ. Մարտունու երկրագիտական թանգարանի ենթաճյուղ «Կոլխոզաշենի Միքայել Պարսեղովի անվան թանգարան

Պատմությունը

Միքայել Պարսեղովի թանգարանը գտնվում է Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում։ Այն կառուցվել է 1969-71 թվականներին, բացումը եղել է 1971 թվականի սեպտեմբերի 17-ին:

Հայազգի ռազմական գործիչ, խորհրդային բանակի հրետանու գեներալ-գնդապետ (1958 թվական), Խորհրդային Միության հերոս (1940 թվական) Մ. Պարսեղովը ծնունդով Կոլխոզաշեն գյուղից էր։ Իսկզբանե որոշված է եղել կառուցել նրա տուն-թանգարանը, սակայն հայրական տան դժվարամատչելի տեղանքում գտնվելու պատճառով այն կառուցվել է գյուղի կենտրոնական հատվածում (նկ. 1, 2)։

Թանգարանի բակում էին գտնվում նաև Հայրենական պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված կոլխոզաշենցիներին նվիրված հուշարձանները և խորհրդային բանակում կիրառված հրետանիներից մեկը (նկ. 3, 4)։

նկ. 1Թանգարանի ընդհանուր տեսքը և մուտքը, լուս․` Ս. Սարգսյանի ֆեյսբուքյան էջի։

նկ. 3 Հայրենական պատերազմում զոհված կոլխոզաշենցիներին նվիրված հուշարձանը թանգարանի բակում, լուս.՝ Ս. Սարգյսանի ֆեյսբուքյան էջի։

նկ. 2 Թանգարանի ընդհանուր տեսքը և մուտքը, լուս․` Ս. Սարգսյանի ֆեյսբուքյան էջի։

նկ. 4 Արցախյան ազատամարտում զոհված կոլխոզաշենցիներին նվիրված հուշարձանը թանգարանի բակում, լուս.՝ Կարմիր Շուկայի դպրոցի ֆեյսբուքյան էջի։

Հավաքածուն

Թանգարանն իսկզբանե ունեցել է չորս սրահ, որտեղ ներկայացված էր Մ. Պարսեղովի կենսագրությունը, լուսանկարներ, անձնական իրեր (նկ. 5-7)։ Այս սրահներից մեկում ներկայացված էր նաև Հայրենական պատերազմում զոհված կոլխոզաշենցիների լուսանկարները։

2006 թվականին թանգարանը վերանորոգվում է և թանգարանին կից կառուցվում է ևս մեկ սենյակ՝ փառքի սրահը, որը նվիրվում է Արցախյան ազատամարտում զոհված կոլխոզաշենցիներին։ Ավելի ուշ՝ 2016-17 թվականներին թանգարանը վերանորոգվում է և չորս սրահներից մեկը նվիրվում է ծնունդով Կոլխոզաշեն գյուղից, գրող-հրապարակախոս Հրաչյա Բեգլարյանին։ Այստեղ ներկայացված էին Հ. Բեգլարյանի ընտանիքի պատմությունը, նրա անձնական իրերը, լուսանկարները և հրատարակությունները։

Այս նույն ժամանակ բակում կառուցվել է նաև Արցախյան ազատամարտի ժամանակ զոհված կոլխոզաշենցիների հուշարձանը:

նկ. 5 Որոշ դրվագներ Մ. Պարսեղովին նվիրված ցուցադրությունից, լուս.՝ Ս. Սարգսյանի և Կարմիր Շուկայի միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջերից։

նկ. 6 Որոշ դրվագներ Մ. Պարսեղովին նվիրված ցուցադրությունից, լուս.՝ Ս. Սարգսյանի և Կարմիր Շուկայի միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջերից։

նկ. 7 Որոշ դրվագներ Մ. Պարսեղովին նվիրված ցուցադրությունից, լուս.՝ Ս. Սարգսյանի և Կարմիր Շուկայի միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջերից։

Գործունեությունը պատերազմից առաջ

Ինչպես նշում է թանգարանի նախկին տնօրեն Ալվարդ Հարությունյանը, թանգարանը կարևոր գործունեություն էր ծավալում ինչպես Կոլխոզաշեն գյուղի, այնպես և շրջակա բնակավայրերի բնակիչների, հատկապես դպրոցականների համար:
Թանգարանում տոնում էին բոլոր ազգային (Սբ. Զատիկ), պետական (Անկախության տոն, հայրենական պատերազմում հաղթանակի տոն, Շուշիի ազատագրման օր և այլն) և միազգային (Թանգարանների միջազգային օր, Եվրոպական ժառանգության օրեր և այլն) տոները (նկ. 8, 9)։

Ադրբեջանի կողմից Արցախի ճանապարհների շրջափակումից առաջ թանգարանի հավաքածուի մեծ մասը տեղափոխվել էր արկղերի մեջ՝ ավելի անվտանգ վայր տեղափոխելու նպատակով։ Սակայն սեպտեմբերյան ագրեսիայի արդյունքում հնարավոր չեղավ որևէ բան ձեռնարկել և արկղերը մնացին Մարտունու պատմա-երկրագիտական թանգարանում։

նկ. 8 Մաճկալաշենի և Կարմիր Շուկայի միջնակարգ դպրոցների աշակերտների այցը Մ. Պարսեղովի անվան թանգարան, լուս.՝ Մաշկալաշենի և Կարմիր Շուկայի միջնակարգ դպրոցների ֆեյսբուքյան էջերից։

նկ. 9 Մաճկալաշենի և Կարմիր Շուկայի միջնակարգ դպրոցների աշակերտների այցը Մ. Պարսեղովի անվան թանգարան, լուս.՝ Մաշկալաշենի և Կարմիր Շուկայի միջնակարգ դպրոցների ֆեյսբուքյան էջերից։

Վիճակը պատերազմից հետո

2023 թվականի սեպտեմբերին Արցախից հայերի բռնի տեղահանմանումից հետո հայտնի չի թանգարանի, ինչպես նաև հավաքածուի կարգավիճակը և գտնվելու վայրը։

Թանգարանը և միջազգային իրավական կարգավորումները

Ինչպես ցանկացած մշակութային արժեքի, այնպես էլ թանգարանի և հավաքածուի պաշտպանության միջազգային իրավա-օրենսդրական հիմքը կազմում են Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թվականի կոնվենցիան և իր երկու արձանագրությունները (1954 և 1999 թվականներ)։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի  առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և  այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։