Հոչանցի Անապատը

Տեղադրությունը

Գտնվում է Արցախի Քաշաթաղի շրջանի Հոչանց գյուղի արեւելյան կողմում՝ կիրճի մեջ՝ համանուն գետի վերին հոսանքում (նկ. 1)։

նկ. 1 Անապատի ընդհանուր տեսքը դրսից, լուս.՝ Speleology in Armenia ֆեյսբուքյան էջի:

Պատմական ակնարկ

Հունչաք ձևով բնակավայրն առաջին անգամ հիշատակվում է 13-րդ դարի պատմիչ Ստ. Օրբելյանի «Սյունիքի պատմություն»-ում՝ Աղահեճք գավառի բնակավայրերի ցանկում՝ 12 միավոր հարկաչափով (Օրբելյան 1986, 399)։ Իսկ բուն հուշարձանին առաջին անգամ անդրադառնում է Առաքել Դավրիժեցին՝ Տաթևի Մեծ անապատում ուսանած և կրոնավորական մեկուսի կյանքով ապրելու համար գյուղի մերձակայքում նոր անապատ հիմնած Կիրակոս և Թումա եպիսկոպոսների գործունեության առիթով։ Վերջիններիս մասին պատմիչը գրում է մեծ սիրով, ներկայացնում իբրև իսկական սրբեր։ Նշվում է, որ իր իսկ հիմնադրած անապատում 1621 թվականին վախճանվել է Կիրակոս եպիսկոպոսը և այնտեղ էլ թաղվել։ Վկայության մեջ մասնավորաբար ասվում է. «… տէր Կիրակոսն եւ Թումա եպիսկոպոսն գնացին յերկիրն Քշտաղս մերձ ի գիւղն Հօչանց, շինեցին անապատ՝ եւ անդ բնակեցան։ … Իսկ տէր Կիրակոսն, որ գնաց ի Հօչանց՝ կացեալ անդ կրօնավորական ժուժկալութեամբ, ի նմին տեղւոջ մերձ ի գիւղն Հօչանց՝ յիւրում անապատին եղեւ վախճան սորա ի թուականութեան մերում ՌՀ, և գնաց առ սիրեցեալն իւր Քրիստոս, որում փափագեալ հանապազ կրէր ի հոգին իւր. Եւ ի նմին տեղւոջ կայ թաղեալ պատուական նշխարք մարմնոյ նորայ, ի փառս Քրիստոսի Աստուծոյն օրհնելոյն յաւիտեանս ամէն» (Դաւրիժեցի 1896, 260)։

Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն

Համալիրը բաղկացած է երկու հիմնական ժայռափոր սրահներից, անցուղիներից և առանձին խցերից (Կարապետյան 1999, 164) (նկ. 2)։

Չնայած այն երբեք հնագիտական և ճարտարապետական մանրամասն ուսումնասիրության չի ենթարկվել, այնուամենայնիվ հուշարձանի արտաքին դիտարկումն ու սրբատաշ պատերի առկայությունը հուշում են երբեմնի փլուզման մասին և ներկայիս վիճակն ամենայն հավանականությամբ չի արտացոլում դրա նախնական պատկերը։

նկ. 2 Համալիրի հատակագիծը, լուս.՝ Speleology in Armenia ֆեյսբուքյան էջի:

Առաջին սրահը հատակագծային հորինվածքով միանավ սրահ է, որը փոքր շեղումով արևելք արևմուտ ուղղվածություն ունի։ Արևելյան հատվածում փորված է կամարաձև գմբեթարդ։ Պատերը հագեցած են բազմաթիվ պատրհաններով և դեկորատիվ կամարաշարերով (նկ. 3-5), ինչը բնորոշ է Սյունիքի 17-18-րդ դարի միանավ եկեղեցիներին։

նկ. 3 Արևմտյան սրահի տեսքը ներսի կողմից, լուս.` Զ. Ըռքոյանի:

նկ. 4 Արևմտյան սրահի տեսքը ներսի կողմից, լուս.` Speleology in Armenia ֆեյսբուքյան էջի:

նկ. 5 Արևմտյան սրահի տեսքը ներսի կողմից, լուս.` Speleology in Armenia ֆեյսբուքյան էջի:

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Պատերազմից առաջ համալիրը մեծամասամբ կանգուն էր։ Որոշ անցուղիներ և արևելյան մեծ սրահի մի հատվածում առկա էին պլուզման հետքեր։

Պատերազմի ընթացքում որևէ վնաս չի կրել, իսկ պատերազմից հետո վիճակի մասին որևէ բան հայտնի չէ։

Մատենագրական քննություն

Չնայած իր ինքնատիպությանը, հուշարձանի մասին աղբյուրները սակավ են։ Առաջին տվյալները հանդիպում ենք Առաքել Դավրիժեցու «Պատմության» մեջ, որտեղ խոսվում է անապատի հիմնադրման մասին (Դաւրիժեցի 1896, 260)։

Հուշարձանի պահպանվածության և շրջակայքի նկարագրության տեսանկյունից արժեքավոր են Ս. Կարապետյանի տեղեկությունները, ով Առաջին արցախյան պատերազմից հետո շրջել է ազատագրված տարածքներում և նկարագրել հուշարձանի վիճակը (Կարապետյան 1999, 162-164):

Գրականություն

  1. Դաւրիժեցի 1896 - Պատմութիւն Առաքել Վարդապետի Դաւրիժեցւոյ, Տպարան Մայր Աթոռոյ Սուրբ Էջմիածնի, Վաղարշապատ։
  2. Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, «Գիտություն» հրատարակչություն, Երևան:
  3. Օրբելյան 1986 - Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան։

 

 

Հոչանցի Անապատը
Հոչանցի Անապատը
Քաշաթաղի շրջան
Արցախ