Ռևի Սուրբ Ստեփանոս եկեղեցին

Տեղադրությունը

Ռև գյուղը գտնվում է օկուպացված Արցախի Ասկերանի շրջանում: Սուրբ Ստեփանոս եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում (նկ. 1):

Նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս.՝ Գ. Սարգսյանի։

Պատմական ակնարկ

Եկեղեցու մասին տեղեկություն ենք ստանում միակ մուտքի բարավորի վրայի արձանագրությունից, համաձայն որի՝ եկեղեցին կառուցվել է 1894 թվականին Շուշեցի Մինա Աբրահամյան Տեր-Ստեփանյանցի կողմից. «Ի 1894 ամի մէկն յունւար ի գ[իւղ] Ռէվ/: Ես/ Շուշա քաղաքացի/ Մինա Աբրհամեան Տէր/ Ստեփանեանցս [շինեցի] Սուրբ եկեղեցիս/ Ռև գեղջ սեպհական ծախուք ամուս/նոյ իմոյ Յակօբջան բէկի Տէր Ստեփան/եան: Կառուցի ի յիշատակ և ի փրկութեան հոգւոյն (պաւ) իմ և ծնողաց մերոց» (նկ. 2): Մակար Բարխուդարյանցն, նկարագրելով Ռև գյուղը, փաստում է, որ գյուղի հին եկեղեցին վնասված է և չի գործում (Բարխուտարեանց 1895, 164): Կարելի է ենթադրել, որ նոր եկեղեցին կառուցվելէ նրա այցելությունից հետո:

Նկ. 2 Եկեղեցու կառուցման արձանագրությունը, լուս.՝ Գ. Սարգսյանի։

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ: Այն միանավ սրահ է: Կառուցված է փոքր ու միջին չափերի անմշակ ու կիսամշակ դարչնագույն կրաքարով, սրբատաշ են միայն մուտքի և պատուհանների եզրաքարերը, պատերի անկյունաքարերը: Շինության միակ մուտքը բացվում է հարավային կողմից (նկ. 3): Եկեղեցու արտաքին տեսքը զուսպ է, արևելյան ճակատին ագուցված է 12-13-րդ դարերի խաչքար (նկ. 4): Սրահի թաղը ուժեղացված է որմնասյուների վրա երկու կրող կամարներով (նկ. 5): Եկեղեցու ներսի պատերին ագուցված են 12-13-րդ դարերի մի քանի խաչքար (նկ. 6-8):

Նկ. 3 Եկեղեցու մուտքը, լուս.՝ Գ. Սարգսյանի։

Նկ. 6 Եկեղեցու պատին ագուցված խաչքարերից, լուս.՝ Գ. Սարգսյանի։

Նկ. 4 Եկեղեցու արևելյան ճակատը, լուս.՝ Գ. Սարգսյանի։

Նկ. 7 Եկեղեցու պատին ագուցված խաչքարերից, լուս.՝ Գ. Սարգսյանի։

Նկ. 5 Եկեղեցու ներսույթը, լուս.՝ Գ. Սարգսյանի։

Նկ. 8 Եկեղեցու պատին ագուցված խաչքարերից, լուս.՝ Գ. Սարգսյանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է որպես պահեստ, ինչի հետևանքով հարավային ու արևմտյան ճակատներում բացվել են մեծ ուղղանկյուն լուսամուտներ և հարավային կողմից կառուցվել է եկեղեցուն անհարիր կցակառույց: Եկեղեցու շուրջը եղել է գերեզմանոց, որից պահպանվել են միայն մի քանի տապանաքարեր: Արցախյան պատերազմների ժամանակ եկեղեցին չի տուժել: Ներկայումս եկեղեցու մասին տեղեկությունները բացակայում են:

Գրականություն

  1. Եկեղեցու մասին մեր տեղեկությունները հենվում են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից կազմված հուշարձանի վկայագրի ներկայացված տեղեկությունների և հնագետ Գ. Սարգսյանի լուսանկարների վրա:
  2. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու:
Ռևի Սուրբ Ստեփանոս եկեղեցին
Ռևի Սուրբ Ստեփանոս եկեղեցին
Արցախի Ասկերանի շրջան
Արցախ