«Թլենի» գյուղատեղիի եկեղեցին
Տեղադրությունը
«Թլենի» գյուղատեղիի եկեղեցին գտնվում է օկուպացված Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից 900 մետր դեպի հարավ-արևմուտք` «Թլենի» կոչվող տեղամասում՝ նախկին գյուղատեղիի առավել բարձրադիր տեղամասում (Բալայան 2020, 374) (նկ. 1): Գյուղատեղին արտահայտվում է տնատեղերից մնացած փոսորակների ձևով:
Պատմական ակնարկ
Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Համաձայն Արցախի ԿԳՄՍ հուշարձանների պահպանության ծառայության վկայագրի՝ «Թլենի» եկեղեցւո ավերակները և շրջակա գերեզմանոցը թվագրվում են 11-12-րդ դարերով:
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Պահպանվում է եկեղեցու հյուսիսային պատը: Եկեղեցին կառուցված է եղել անտաշ ու կիսամշակ փոքր ու միջին չափերի քարերով ու կրաշաղախով (նկ. 2-5): Եկեղեցու մոտ է տարածվում ընդարձակ գերեզմանոցը (նկ. 6): Այն զբաղեցնում է 0.5 հա մակերես: Գերեզմանաքարերի զգալի մասը կիսամշակ ու կոպտատաշ տապանաքարեր են, կան նաև խաչքարեր (նկ. 7, 8):
Եկեղեցու տարածքը և շրջակայքը կարիք ունեն մանրամասն հնագիտական հետազոտության: Եկեղեցու ավերակները, կանգուն պատերը ծածկված են խիտ բուսականությամբ և ծառերով, ինչը սպառնում է հուշարձանին:
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Եկեղեցու տարածքը չի տուժել Արցախյան պատերազմների ժամանակ, ներկայումս ավերակների ու տարածքի ճակատագիրն անհայտ է:
Գրականություն
- Եկեղեցու մասին մեր տեղեկությունները հենվում են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից կազմված հուշարձանի վկայագրի վրա:
- Բալայան Վ., Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան, 2020:
Մարտակերտի շրջան
Արցախ