Եվրոպական խորհրդարանի 2026 թվականի ապրիլի 30-ի բանաձևը խստորեն դատապարտում է հայկական հուշարձանների ոչնչացումը Լեռնային Ղարաբաղում և կոչ է անում պատասխանատվության ենթարկել ոչնչացման պատասխանատուներին
Եվրոպական խորհրդարանի 2026 թվականի ապրիլի 30-ին ընդունել է բանաձև Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու մասին (2026/2701(RSP)), որտեղ անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի իրագործմանը և դատապարտել հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման Ադրբեջանի գործողությունները https://www.europarl.europa.eu/doceo/document/TA-10-2026-0162_EN.pdf ։
Մասնավոապես, Եվրոպական խորհրարանը, հաշվի առնելով Խորհրդի 2026 թվականի ապրիլի 21-ի (CFSP) 2026/894 որոշումը, որով հաստատվում է ԵՄ Գործընկերության առաքելությունը Հայաստանում (EUPM Armenia)՝ Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) ներքո, ինչպես նաև կարևորելով 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովը, ինչպես նաև 2015 թվականի ապրիլի 15-ի իր բանաձևը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի վերաբերյալ,այլ կարևոր փաստաթղթեր ու ռազմավարական համագործակցության ծրագրեր գտնում է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները թևակոխել են նոր փուլ, որը բնութագրվում է քաղաքական ներգրավվածության ավելի բարձր մակարդակով և ընդլայնված անվտանգային հարաբերություններով։
Բանաձևն իր 10-րդ կետով վճռականորեն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, բացի այդ, հաշտեցման և Ադրբեջանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ Հայաստանի շարունակական ջանքերին. ողջունում է խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացը և կոչ է անում երկու կողմերին շարժվել դեպի համապարփակ, իրավաբանորեն պարտավորեցնող խաղաղության պայմանագիր. ընդգծում է, որ ցանկացած կայուն խաղաղություն պետք է հիմնված լինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման վրա:
Բանաձևն իր 12-րդ կետով վերահաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, ներառյալ նրանց ինքնության, գույքի և մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև նրանց անվտանգ, անարգել և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ համապատասխան միջազգային երաշխիքների ներքո. կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար պատասխանատուներին և կոչ է անում իրականացնել միջազգային գնահատման առաքելություն https://www.europarl.europa.eu/doceo/document/TA-10-2026-0162_EN.pdf:
Բանաձևն իր 13-րդ կետով դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, ձերբակալվածների և պատանդների անարդարացի կալանավորումը. պահանջում է նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը. նշում է մինչ այժմ ձեռնարկված քայլերը և կոչ է անում հետագա վստահության ամրապնդման միջոցառումների. կոչ է անում լիարժեք հարգել միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանությունը https://www.europarl.europa.eu/doceo/document/TA-10-2026-0162_EN.pdf :
Եվ իր 17-րդ կետով Հանձնարարում է իր Նախագահին սույն բանաձևը փոխանցել Խորհրդին, Հանձնաժողովին, Հանձնաժողովի փոխնախագահին / Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչին, անդամ պետությունների կառավարություններին և խորհրդարաններին, Հայաստանի Հանրապետության Նախագահին, Կառավարությանը և Ազգային ժողովին, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը, Եվրոպայի խորհրդին և Միավորված ազգերի կազմակերպությանը https://www.europarl.europa.eu/doceo/document/TA-10-2026-0162_EN.pdf:
Եվրոպական խորհրդարանի կողմից ապրիլի 30-ին ընդունված «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմադրությանը» բանաձևից անմիջապես հետո՝ մայիսի 1-ին, Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունեց որոշում, որով նախատեսվում է Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցության բոլոր ուղիների կասեցում, ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեին մասնակցության դադարեցում և Եվրոնեստից դուրս գալու ընթացակարգերի մեկնարկ։ Բաքուն հայտարարել է, որ նշված փաստաթղթում տեսնում է «անհիմն և կողմնակալ» մոտեցում՝ մասնավորապես Արցախից բռնի տեղահանված հայերի վերադարձին և կալանավորված հայ գերիներին վերաբերող դրույթների առնչությամբ։ Ադրբեջանի այս քայլը ևս մեկ անգամ վկայում է, որ Բաքուն «կողմնակալություն» է որակում մարդու իրավունքների հանդեպ հարգանքի պահանջը, հայ գերիների վերադարձի հարցի բարձրացումը, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի հորդորը՝ անհապաղ կասեցնելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը (https://www.facebook.com/photo.php?fbid=1612923797278051&set=a.575783397658768&type=3&rdid=GShYa3pzqsrn2S0f&share_url=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fshare%2F18K7QKuidF#)։
Եվրոպական միությունը պաշտոնապես հաստատում է Հայաստանի հետ հարաբերությունների անցումը ռազմավարական նոր մակարդակի՝ հիմնված երկրի ինքնիշխանության և եվրոպական ձգտումների պաշտպանության վրա։ Փաստաթուղթը շեշտում է ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու մասին Հայաստանի որոշման կարևորությունը, ինչպես նաև Երևանում անցկացվող պատմական գագաթնաժողովների ու նոր անվտանգային առաքելությունների միջոցով ամրապնդում է երկրի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ։ Եվրոպական խորհրդարանը գործնական հանձնառություն է ստանձնում աջակցելու Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիային, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին և հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությանը՝ միաժամանակ պահանջելով հայ գերիների անհապաղ ազատ արձակում և արցախահայության իրավունքների միջազգային երաշխավորում։