Աստղաշենի Սուրբ Գևորգ եկեղեցին
Տեղադրությունը
Եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում։ 2023 թվականից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։
Պատմական ակնարկ
Եկեղեցու կառուցման ստույգ թվականը հայտնի չէ։ Այն կրկնում է ուշ միջնադարում Արցախում, Սյունիքում և Հայաստանի այլ շրջաններում լայնորեն տարածված եռանավ բազիլիկի տիպը (նկ. 1, 2)։ Արտաքին տեսքը և ճարտարապետական դետալների քննությունը թույլ է տալիս եկեղեցին թվագրել 18-19-րդ դարերով։
Գյուղի պատմության ամենահիշարժան իրադարձությունը, աստղաշենցիների վկայությամբ, Մկրտիչ Ա Վանեցի (Խրիմեան Հայրիկ) կաթողիկոսի այցելությունն է գյուղ և Սուրբ Գեւորգ եկեղեցի` 1898 թվականին: Այդ մասին տեղեկություն կա նաև մուտքից աջ ագուցված սալաքարի վրա արված արձանագրության մեջ, որտեղ նշվում է. «1898 ամի 24 օքոստոսին եկաւ Հայրիգն, կացաւ այս տեղենց 25 օքս[տոս]» (նկ. 3):
Խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1925 թվականին, եկեղեցին փակվել է: 2007 թվականին՝ վերաօծումից հետո այն դարձյալ գործում էր (մանրամասները՝ «Վերաբացվեց ԼՂՀ Ասկերանի շրջանի Աստղաշենի Սուրբ Գեւորգ եկեղեցին») (նկ. 4)։
Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն
Եռանավ բազիլիկ եկեղեցին կառուցված է տեղական սրբատաշ և կոպտատաշ կրաքարով։ Ծածկը երկթեք է՝ կղմինդրապատ, որի վրա կանգնած է քառանիստ ռոտոնդա-զանգակատունը։ Եկեղեցու չափերն են՝ երկարությունը 17 մետր, լայնությունը 8 մետր (Բարխուտարեանց 1895, 159)։ Եկեղեցին հարավային կողմից ունի մեկ մուտք և երկու պատուհան։ Ներսից կառույցը թաղակապ է և սվաղված։ Խորանի վրա և պատերին ժամանակակից որմնանկարների և սրբապատկերների հետքերով (նկ. 5, 6)։ Եկեղեցու բակում կան 9-10-րդ դարերով թվագրվող երկու վաղ խաչքար (նկ. 7, 8):
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Պատերազմից առաջ եկեղեցին ամբողջությամբ կանգուն էր։ Վերականգնման աշխատանքներն իրականացվել են ամերիկահայ բարերարների կողմից, որոնց անունները փորագրված են մուտքին կից հիշատակագրում: Այն վերաօծվել էր 2007 թվականին և գործում էր: Ինչպես պատերազմի ընթացքի, այնպես և պատերազմից հետո հուշարձանի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։
Մատենագրական քննություն
Մեր տեղեկությունները հենվում են Մակար Բարխուդարյանցի նակարագրության և Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից կազմված հուշարձանի վկայագրի տեղեկությունների վրա։
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, Արօր:
- «Վերաբացվեց ԼՂՀ Ասկերանի շրջանի Աստղաշենի Սուրբ Գեւորգ եկեղեցին») https://armenpress.am/arm/news/441584.html
Աստղաշենի Սուրբ Գևորգ եկեղեցին
Արցախ