«Հունոտի կիրճ» բնապատմական արգելոցը

Պատմությունը

«Հունոտի կիրճ» բնապատմական արգելոցը ստեղծվել է 2011 թվականի մարտի 22-ին՝ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ։

Արգելոցը գտնվում է Շուշի քաղաքից հարավ-արևմուտք՝ Ասկերանի և Շուշիի վարչական շրջանների սահմանակից  հատվածում (նկ. 1-2):

2020 թվականի 44-օրյա պատերազմից և Շուշիի օկուպացիայից հետո արգելոցը գտնվում էր նոր անցնող սահմանի վրա և անհասանելի էր այցելությունների համար։ 2023 թվականի հայերի բռնի տեղահանումից հետո այն ամբողջությամբ օկուպացված է ադրբեջանցիների կողմից։

նկ. 1 Հունոտի կիրճի ընդհանուր տեսքը, լուս.՝ Ն. Երանյանի:

նկ. 2 Հունոտի կիրճի ընդհանուր տեսքը, լուս.՝ Ն. Երանյանի:

Հավաքածուն

«Հունոտի կիրճ» բնապատմական տարածքում գոյություն ունեն շուրջ 30 բնական և պատմա-ճարտարապետական հուշարձաններ: Այդ հուշարձանների մեջ մտնում են նախկին Հունոտ գյուղատեղին՝ իր բնակելի տներով, ջրաղացներով, գյուղի կամրջով և գերեզմանոցով, մի շարք քարանձավներ, հայտնի Մամռոտ քարը և այլ բնության և պատմության հուշարձաններ:

Հունոտ գյուղը. Հունոտ գյուղը հիմնադրվել է 18-րդ դարում, Կարկառ գետի ձախ ափին։ Գյուղի ավերակներն այսօր զբաղեցնում են մոտ 1,5 հեկտար տարածք: Բնակավայրը ներկայումս ավերված է, պահպանվել են մեկ տասնյակից ավել կիսավեր բնակելի տներ, կամուրջը, մի քանի ջրաղաց, գյուղի գերեզմանոցը:

Պահպանվել են գյուղատեղու տներից մի քանիսը, որոնք պատրաստված են տեղական անմշակ կրաքարից՝ կրաշաղախի կիրառմամբ: Տներից շատերն ունեցել են հայկական գյուղական կենցաղին բնորոշ երդիկներ, որոշները եղել են երկհարկ (նկ. 3-5):

նկ. 3 Հունոտ գյուղի ավերակները, լուս.՝ Ն. Երանյանի:

նկ. 4 Հունոտ գյուղի ավերակները, լուս.՝ Ն. Երանյանի:

նկ. 5 Հունոտ գյուղի ավերակները, լուս.՝ Ն. Երանյանի:

Ջրաղացներ: Ուշագրավ են գյուղի մեկ տասնյակից ավել ջրաղացները, որոնք վկայում են, որ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին այս ջրաղացները Շուշի քաղաքին ալյուր մատակարարելու գործում կարևոր դեր են ունեցել:  Ջրաղացներից մի քանիսի վրա առկա է արձանագրություն, որտեղ նշված է կառուցման տարեթիվը և սեփականատերը (նկ. 6, 7):

նկ. 6 Հունոտ գյուղի թվակիր արձանագրությամբ ջրաղացներից մեկը, լուս.՝ Ն. Երանյանի:

նկ. 7 Հունոտ գյուղի թվակիր արձանագրությամբ ջրաղացներից մեկը, լուս.՝ Ն. Երանյանի:

Կամուրջը: Կամուրջները կարևոր դեր ունեին Շուշին մնացած աշխարհին կապելու մեջ: Գետի  վրա  պահպանվում  են  մի  շարք  կամուրջներ, որոնց  շարքում  առանձնահատուկ  տեղ  է  գրավում  Հունոտի  կամուրջը` ներկայիս  Մխիթարաշեն  գյուղի  տարածքում, գյուղից մոտ 1կմ հեռավորության վրա: Այն  կառուցվել  է  1720 թվականին և հետիոտնի համար ծառայում էր նախքան օկուպացիան (նկ. 8):

նկ. 8 Հունոտ գյուղի պատմական կամուրջը, լուս.՝ Ն. Երանյանի

Գերեզմանոց: Գերեզմանոցը գտնվում  է  «Հունոտ»  գյուղատեղիից  հյուսիս և զբաղացնում է ավելի  քան  0,7 հա տարածք: Տապանաքարերի մեծ մասը պատկանում է 18-19-րդ դարերին:

Պարիսպներ և պաշտպանական շինություններ: Շուշի  ժայռամրոցից  Հունոտի  կիրճ  տանող  տարբեր  հատվածներում  կառուցված  են  պաշտպանական  շինություններ,  պարսպապատեր,  ամրոց-աշտարակներ,  որոնց  երկարությունը  35-40մ  է: Դրանք  պաշտպանական  դեր  են  խաղացել ոչ միայն բնակչության, այլև ջրաղացների և այլ տնտեսական շինությունների համար:

Քարանձավ «Ավան Կարան»: Կիրճը հայտնի է մի շարք քարանձավներով, որոնց  շարքում  առանձնահատուկ  տեղ  է  գրավում  Հունոտի  կիրճի  ամենամեծ  ու  նշանավոր` «Ավանա  կարան»  կոչվող  քարանձավը: Ավանա Կարանը գտնվում է Շուշիի հարավ-արևմուտքում գտնվող դժվարանցելի մի վայրում, որը կոչվում է Ավանի Քերծ: Այն  դեռևս  հնագույն  ժամանակներից մինչև միջնադար ծառայել  է  որպես  բնակատեղ-պատսպարան: Քարանձավն ունի մոտ 75 մետր խորություն և մինչև 15 մետր հասնող լայնություն, իսկ բարձրությունը 7-10 մետր է: Ըստ  ավանդության, այստեղ  բավականին  երկար  ժամանակ  ապրել  և  գործել  է  Ավան  հարյուրապետը, որի  մասին  վկայություններ է փոխանցել Եսայի  կաթողիկոսը (նկ. 8-9): Ավանի կարանի մոտ ընդարձակ պեղումներ է իրականացրել Արցախի հնագիտական արշավախումբը:

Չափազանց ուշագրավ կարելի է համարել Հունոտի կիրճի` Ավանի կարան կոչվող ամրացված քարանձավի մոտի ամրոցի հետախուզական պեղումները: Նրա վերին հարթակի մաքրման ժամանակ բացված թոնրի շրջակայքից և լիցքից գտնվել են 12-14-րդ դդ. վերաբերող նյութերի բազմաթիվ նմուշներ: Հատուկ նշելի են մոնղոլական տիպի նետասլաքն ու չինական սելադոնի բեկորը, որոնք ոչ միայն ապացուցում են, որ Շուշիի սարահարթի արևելյան` Հունոտի կիրճը բնակեցված էր այդ ժամանակ, այլև, որ այստեղով անցնում էր առևտրական մի ճանապարհ, որի պահպանության համար էլ Խաչենի իշխանները ստեղծել էին այս ամրությունները: Այս նոր տվյալները հիմք են տալիս հենց այստեղ տեղադրել պատմիչների հիշատակած Կարկառ ամրոցը, որը 17-րդ դ. վերջերին` հայ ազատագրական շարժումների ժամանակ վերակառուցվեց և ստացավ Ավանի կամ Փոքր սղնախ անունը։ Կիրակոս Գանձակեցին Կարկառ ամրոցը թվում է Հասան Ջալալին պատկանող («զհայրենիս») այն երեք ամրոցների շարքում, որոնք խլել էին թուրքերն ու վրացիները, իսկ Բաթու խանը` իր որդի Սարթախի միջնորդությամբ` դրանք ետ էր  վերադարձրել իշխանին. «Եւ տարեալ առ հայրն իւր, մեծապատիւ արար և ետ ի նա զհայրենիս իւր զՉարաբերդ և զԱկանայ և զԿարկառն, զոր հանեալ էին յառաջագոյն ի նմանէ ազգն թուրքաց և վրաց»(Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, Երևան, 1961, էջ 359)։ Նախնական եզրակացությունն այն է, որ ոչ թե պարսիկ ու թուրք եկվորները, այլև նրանցից առաջ հայ Մելիք Շահնազարն ու Ավան հարյուրապետը 18-րդ դարի սկզբներին ամրացրել-վերակառուցել են արդեն դարեր առաջ հայ իշխանների կողմից հիմնված ու կարևորված ամրակետերը  https://monumentwatch.org/hy/2023/05/09/%d5%b4%d5%ab%d5%bb%d5%b6%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b7%d5%b8%d6%82%d5%b7%d5%ab%d5%b6-%d5%a8%d5%bd%d5%bf-%d5%b0%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a5/

նկ. 9 Հունոտի կիրճի քարանձավներից, լուս.՝ Ն. Երանյանի։

նկ. 10 Հունոտի կիրճի քարանձավներից, լուս.՝ Ն. Երանյանի։

Քարանձավ «Ալեքսանա Ղուզե»: Քարանձավը գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Քարինտակ գյուղի մոտակայքում` Կարկառ գետի աջ ափին:

Քարանձավը «Ալեքսանա ղուզուն կարան» անվամբ հիշատակում են Մ․ Բարխուտարյանցը և Ե․ Լալայանը (Բարխուտարեանց 1895, 135, Լալաեան 1897, 18)։  2016 թվականից սկսած այստեղ իրականացվում էին հնագիտական պեղումներ, որոնք շարունակվել են մինչև 2020 թվականը։ Պեղումների ընթացքում բացահայտվել է միջին քարեդարից մինչև պղնձի դար թվագրվող մշակութային շերտերի շարունակական հաջորդականություն։ Քարանձավում իրականացված դաշտային աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 20000 բրածո ոսկրանյութ (Անտոնոսյան 2021, 67):

Քարին Տակ քարանձավը գիտական մեծ նշանակություն ունեցող հնավայր է, որը կարևոր տեղեկություններ է պահպանում քարեդարյան ժամանակաշրջանից ի վեր տարածքի հնագույն կենսամիջավայրի, մարդու վաղ բնակեցման և էկոլոգիական հարմարվողականության մասին (նկ. 11):

նկ. 11 Ալեքսանա Ղուզե քարանձավի ընդհանուր տեքսը, լուս.՝ Լ. Եպիսկոպոսյանի։

Մամռոտ քար: Այն իրենից ներկայացնում է ժայռի մեջ բնականորեն ձևավորված և բնական հուշարձանի վերածված խոռոչներ, որոնք մամռակալելով, վեր են ածվել մի ամբողջական մամռապատ հովանոցի, որի բոլոր կողմերից թափվում են ջրային շիթերը: Ջուր-աղբյուրը բավականին հորդառատ է, սկզբնավորվում է սկիզբ է առնում կիրճի ներսից: Այս ամենը հաղորդում է մեծ գրավչություն, իրեն ձգելով բազմաթիվ այցելուների: Ջրային կաթոցների հետևանքով առաջանում են կրաքարային գոյացումներ` տարբեր ձեւավորումներով, որոնք որպես հուշ, այդ ինքնատիպ բնական հուշարձանում գտնվելու վկայություն, իրենց հետ տանում են այցելուները (նկ. 12, 13):

նկ. 12 «Մամռոտ քար» բնական հուշարձանը, լուս.՝ Ն. Երանյանի։

նկ. 13 «Մամռոտ քար» բնական հուշարձանը, լուս.՝ Ն. Երանյանի։

Գործունեությունը պատերազմից առաջ

Պատերազմից առաջ արգելոցը գտնվում էր բարեկարգ վիճակում։ Քայլարշավային երթուղիներն ու հանգստի գոտիները պարբերաբար թարմացվում և կահավորվում էին։ Այն տեղացիների և զբոսաշրջիկների շրջանում մեծ ճանաչում ունեցող արգելոցներից էր։ Այստեղ պարբերաբար անց էին կացվում նաև հայկական ազգային տոներին նվիրված միջոցառումներ և ծրագրեր (նկ. 14)։

նկ. 14 Հունոտի կիրճ արգելոցի տեղեկատվական ցուցանակնարից, լուս.՝ Ն. Երանյանի։

Վիճակը պատերազմից հետո

2023 թվականի հայերի բռնի տեղահանումից հետո արգելոցի վիճակի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։

Թանգարանը և միջազգային իրավական կարգավորումները

Ինչպես ցանկացած մշակութային արժեքի, այնպես էլ թանգարանի և հավաքածուի պաշտպանության միջազգային իրավա-օրենսդրական հիմքը կազմում են Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թվականի կոնվենցիան և իր երկու արձանագրությունները (1954 և 1999 թվականներ)։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի  առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և  այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։

Օգտագործված աղբյուրներ

  1. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․ Արցախ, Բագու։
  2. Լալայան 1897 - Լալայան Ե․, Վարանդա, «Ազգագրական հանդես», գիրք II, Թիֆլիս:
  3. Անտոնոսյան 2021 - Անտոնոսյան Մ., Ստենտոն Դ., Ամանո Ն., Եպիսկոպոսյան Լ, Քարին Տակ քարանձավի ոսկրանյութում մոլեկուլային պահպանվածության գնահատում, ՀՀ ԳԱԱ զեկույցները, N 1։