Մեհմանա գյուղի «Մանդուռ» եկեղեցին
Տեղադրությունը
Հուշարձանը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանի Մեհմանա գյուղից 1,4 կիլոմետր հյուսիս-արևելք, անտառուտ բլրի վրա (նկ․ 1): Ըստ Ս․ Բարխուդարյանի այն գյուղից հեռու է մոտ երեք կիլոմետր (ԴՀՎ 5, 92)։ 2023 թվականից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։
Պատմական ակնարկ
Մեհմանա գյուղի և նրա շրջակայքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ներառված է 28 հուշարձան, որոնցից մեկն էլ 13-րդ դարով թվագրվող «Մանդուր» կամ «Սբ․ Աստվածածին» եկեղեցին է (մանրամասն տես՝ Արցախի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ)։ Տեղացի հույները եկեղեցին անվանում էին «Պանահիա», որ նշանակում է Սբ․Աստվածածին։
Հուշարձանի մասին պատմական աղբյուրներում ստույգ տվյալներ կամ տեղեկություններ չեն պահպանվել։ Մեհմանայի Սբ. Աստվածածին եկեղեցին հիշատակվում է Շ․ Մկրտչյանի, Վ․ Բալայանը աշախատանքներում (Мкртчян 1989, 52, Բալայան 2020, 338)։ Հուշարձանն առաջին անգամ ուսումնասիրվել է Ս․ Բարխուդարյանի կողմից 1960-ական թվականներին (ԴՀՎ 5, 5, 92-93)։
Ճարտարապետական-հորինվածքային նկարագրությունը
Հուշարձանը զբաղեցնում է 0,4 հեկտար։ Այն բաղկացած է եկեղեցուց, կից ավերակված կառույցներից և գերեզմանոցից: Եկեղեցին միանավ թաղակապ սրահ է, արևելյան կիսաշրջան աբսիդով: Կառուցված է տեղական կոպտատաշ և անմշակ կրաքարով ու ավազաքարով ու կրաշաղախով (չափերը՝ երկարությունը 4,1 մետր, լայնությունը 2,55 մետր, բարձրությունը 3-4 մետր)։ Պատերի մեջ օգտագործվել են նաև խաչքարեր: Ծածկն ամբողջովին փլված է։ Եկեղեցին ներքուստ սվաղված է եղել, որի հետքերը հիմնականում պահպանվել են աբսիդի պատերի վրա (նկ․ 2)։ Միակ մուտքը բացվում է արևմտյան ճակատից (նկ․ 3)։
Այն վերնամասում պարփակվում է արխիտրավով և խաչաքանդակ բարավորով: Մասամբ պահպանվում է նաև արևելյան կողմում բացվող պատուհանը (նկ․ 4)։ Ներքուստ, անկյուններում կան չորս պատրհաններ, ինչպես նաև 13-րդ դարին բնորոշ երեք խաչքարեր (նկ․ 5)։ Բակում առկա են ավերակների հիմնապատեր և անարձանագիր տապանաքարեր (նկ․ 6, ԴՀՎ 5, 92, ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր)։
Արևտյան ճակատի վերնամասում ագուցված երկու սրբատաշ քարերի վրա և գերեզմանոցում գտնվող խաչքարի հյուսիսիային կողին փորագրված են երկու կարևոր արձանագրություններ, որոնք հրատարակել է Սեդրակ Բարխուդարյանը (ԴՀՎ 5, 92-93)։ Դրանցից առաջինը հայտնում է. «Թւիս :ՈՂԸ: (1249)/ ի ժամանակս թաթարին, ի տ/իրութե[ան] մեծ խաղաղարար Աւա/գին ի պարոնութե[ան] Գրիգորոյ/, ես Տ[է]ր Ներսայս ևւ Ակո[ո]բ եւ Փախչան շինեցա/ք զեկեղեցիս, յիշատակ մեզ եւ ծնողոց մերոց, ով/ աշխատեալ ե՝ Ա[ստուա]ծ ողորմի» (նկ․ 7): Նշենք, որ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագրում եկեղեցու կառուցման թվական է նշված 1229 թվականը։
Հենվելով սկզբնաղբյուրների վրա կարելի է նույնականացնել արձանագրության մեջ նշված անձանց։ Համաձայն Կիրակոս Գանձակեցու, երբ մոնղոլները ավերում էին Հայաստանի բերդերն ու կոտորում կամ գերության քշում անզեն մարդկանց, ստեղծված վիճակից դուրս գալու նպատակով, հայ իշխանները հպատակություն են հայտնում զավթիչներին։ Հպատակության առաջին օրինակը տալիս է Իվանե սպասալարի որդի Ավագը։ Նա Սևանի ափերին բանակած Չարմաղանի մոտ բանախոս է ուղարկում իր տան վերակացու Գրիգորին, ապա անձամբ ինքն է ներկայանում բռնավորին։ Չարմաղանը Գրիգորին ընդունում է սիրով և իր զորքերին կարգադրում է չասպատակել Ավագի տիրույթները (Կիրակոս 1982, 250-251, Ուլուբաբյան 1975, 187)։ Այստեղից էլ արձանագրության «․․․մեծ խաղաղարար Աւագ․․․»։ Ավագի՝ որպես «մեծ խաղաղարարի» հիշատակումը ցույց է տալիս նրա միջնորդական գործունեությունը, որի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել առանձին հայկական իշխանությունների և եկեղեցու հարաբերական անվտանգությունը։
Ինչ վերաբերում է «․․ի պարոնութեան Գրիգորոյ,» ապա, ամենայն հավանականությամբ խոսքը Ծարա իշխան, Դոփի և Հասանի որդի Գրիգորի մասին է, «որն Ավագի, Հասան Ջալալի ու մյուս հայ իշխանների հետ մասնակցել էր թաթար-մոնղոլների արշավանքին․․» (Ուլուբաբյան 1975, 190, Պետրոսյան, Կիրակոսյան, Սաֆարյան 2009, 13-14):
Եկեղեցու բակում պահպանվում է նաև մի խաչքար-կոթող (նկ. 8)։ Պատրաստված է դարչնագույն կրաքարից (չափերը. երկարությունը՝ 147 սմ, լայնությունը՝ 40 սմ, հաստությունը՝ 40 սմ)։
Կոթողն աչքի է ընկնում գեղեցկահյուս զարդաքանդակներով, ուշագրավ մեծարժեք 18 տողանոց արձանագրությամբ, որը եզակի է տարածաշրջանում (նկ․ 9): Այն հայտնում է. «Թիւ :ՈՂԹ: (1250)/ ի ժամանակս թ/աթարին՝ գլխաւոր Չարմաղան/, Չաղատայ․ ես Տ[է]ր/ Ներսայս՝ յազգե Պայտկանա/կանց և Մարեմանց, շինեցի զեկեղեց[ի]քս, զկաթողիկ/ոսարանն եւ մասր/ոյ եւ կանգնեցի զ/խաչս, բարեխա[ւ]/ս առ Ա[ստուա]ծ․ ի դա[ռ]ն ժամանակի․ ես Ա[ւա]գս բարի մտա/ւք․․․ եպիսկոպոս․․․» (ԴՀՎ 5, 62):
Չորմաղանը Մոնղոլալական կայսրության մեծ խան Ուգեդեյի կողմից նշանակվել էր Իրանում և Այսրկովկասում գործող արևմտյան մոնղոլական բանակի գերագույն հրամանատար՝ պաշտոնավարելով 1229-1241 թվականներին։ Չաղաթայը Չարմաղանի գլխավոր զորահրամանատարներից մեկն էր (Галстян 1977, 170-172)։ Պատմական այս իրողությունների լույսի ներքո արձանագրության թվականն առնվազն կասկածելի է: Անհասկանալի է մնում և «մասրոյ» արտահայտությունը:
Արձանագրություններում հիշատակվող Չորմաղանը, Չաղաթայը, Ավագ Զաքարյանը և Գրիգորը հնարավորություն են տալիս հուշարձանը կապել մոնղոլական նվաճումների և տարածաշրջանում ձևավորված նոր քաղաքական իրողությունների հետ։
Հուշարձանը վկայում է, որ մոնղոլական տիրապետության առաջին տասնամյակներում եկեղեցաշինությունը և հոգևոր կյանքը չեն ընդհատվել։ Չնայած քաղաքական և ռազմական ծանր իրավիճակին՝ շարունակվել են եկեղեցիների կառուցումը, խաչքարերի կանգնեցումը և եկեղեցական կառույցների ձևավորումը, ինչը վկայում է տարածաշրջանի հոգևոր և մշակութային կյանքի կենսունակության մասին։
Արձանագրություններն արտացոլում են հայ իշխանական տների և մոնղոլական վարչակազմի միջև ձևավորված փոխհարաբերությունները։ Խաչքար-կոթողը բացառիկ արժեք ունի ինչպես արվեստաբանական, այնպես էլ աղբյուրագիտական տեսանկյունից։ Նրա արձանագրությունը եզակի տեղեկություններ է հաղորդում եկեղեցու, կաթողիկոսարանի և այլ շինությունների կառուցման, ինչպես նաև դրանց նախաձեռնողների և պատվիրատուների մասին:
Ընդհանուր առմամբ, հուշարձանը հանդիսանում է 13-րդ դարի կեսերի Արցախի պատմության կարևորագույն վավերագրական համալիրներից մեկը։ Նրա արձանագրությունները ոչ միայն ճշտում են եկեղեցու կառուցման ժամանակը և կոթողների ստեղծման հանգամանքները, այլև արտացոլում են հայ հասարակության քաղաքական հարմարվողականությունը մոնղոլական տիրապետության պայմաններին: Այս առումով հուշարձանը բացառիկ նշանակություն ունի միջնադարյան Հայաստանի և Մերձավոր Արևելքի պատմության ուսումնասիրության համար։
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Հուշարձանի ներկայիս վիճակի վերաբերյալ հավաստի տեղեկություններ չկան։
Գրականություն
- Արցախի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ - https://hy.wikipedia.org/wiki/։
- ԱՀ ԳԿՄՍ վկայագիր - Արցախի Հանրապետության գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր։
- Գանձակեցի 1982 - Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Աշխարհաբար թարգմ․, առաջաբան և ծանոթագր․ Վ․ Առաքելյանի, Երևան։
- ԴՀՎ 5, 1982 - Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կազմող Բարխուդարյան Ս․, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, Երևան։
- Պետրոսյան, Կիրակոսյան, Սաֆարյան 2009 - Պետրոսյան Հ., Կիրակոսյան Լ., Սաֆարյան Վ., Հանդաբերդի վանքը և նրա պեղումները, Երևան,
- Ուլուբաբյան 1975 - Ուլուբաբյան Բ․, Խաչենի իշխանությունը 10-16-րդ դարերում, Երևան։
- Галстян 1977 - Галстян А. Завоевание Армении монгольскими войсками // Татаро-монголы в Азии и Европе : Сборник статей, Москва.
Մարտակերտի շրջան
Арцах