Թյուրքական աշխարհի շաբաթը Արցախում
2026 թվականի հունիսի 29-ից հուլիսի 3-ը Ադրբեջանում անցկացվել է «Թյուրքական աշխարհի շաբաթը»՝ նվիրված 1926 թվականին Բաքվում տեղի ունեցած Առաջին թյուրքագիտական համագումարի 100-ամյակին։ Միջոցառումների շարքը կազմակերպվել է Ադրբեջանի մշակույթի նախարարության, գիտության և կրթության նախարարության, Ադրբեջանի ազգային գիտությունների ակադեմիայի, Ադրբեջանի ազգային գրադարանի, Թյուրքական պետությունների կազմակերպության, TURKSOY-ի, Թուրքական ակադեմիայի, Թուրքական մշակույթի և ժառանգության հիմնադրամի և այլ կառույցների համագործակցությամբ (https://science.gov.az/az/news/open/36499,
https://yazici.az/az%C9%99rbaycanda-turk-dunyasi-h%C9%99ft%C9%99si-t%C9%99skil-olunacaq):
Շաբաթվա շրջանակներում կազմակերպվել են միջազգային գիտաժողովներ, քննարկումներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, համերգային ծրագրեր և այլ միջոցառումներ, որոնց մասնակցել են թյուրքական պետությունների և այլ երկրների ներկայացուցիչներ։ Միջոցառումների մի մասը կազմակերպվել է Արցախում։ Շաբաթվա արդյունքներից մեկը միջոցառման մասնակիցների կողմից «Խանքենդիի հռչակագրի» ընդունումն էր: Հռչակագիրը որոշեց թյուրքական պետությունների միջև գիտության, կրթության, լեզվի, մշակույթի և ընդհանուր պատմական ժառանգության պահպանման ոլորտներում համագործակցության ապագա զարգացման ուղղությունները և վերահաստատեց «առաջին թյուրքագիտական համագումարի գաղափարներին հավատարմությունը» https://planetinfo.az/gundem/13156-turk-dunyasi-hftsi-basa-catdi.html):
Այս համատեքստում առավել հետաքրքիր է «Թյուրքական աշխարհի շաբաթի» աշխարհագրությունը։ Միջոցառումների շրջանակում մասնակիցների համար կազմակերպվել է ուղևորություն դեպի Արցախ՝ Ակնա, Շուշի և Ստեփանակերտ քաղաքներ։ Այնուհետև հուլիսի 2-ին Ղարաբաղի համալսարանում անցկացվել է «Առաջին թուրքագիտական համաժողովի մշակութային և գիտական ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով։ Հատուկ դերակատարություն ունի Ղարաբաղի համալսարանը։ Համալսարանում անցկացված գիտաժողովին մասնակցել են Ադրբեջանի և տարբեր երկրների ներկայացուցիչներ, իսկ քննարկման թեման եղել է Առաջին թյուրքագիտական համագումարի մշակութային և գիտական ժառանգությունը։ Համալսարանի ռեկտոր Շահին Բայրամովը նշել է, որ նման միջոցառումների կազմակերպումը համալսարանի գործունեության կարևոր ուղղություններից է և նպաստում է միջազգային ակադեմիական համագործակցության զարգացմանը (https://qu.edu.az/az/news/2026-07-03/turk-dunyasi-hftsi-crcivsind-qarabag-universitetind-konfrans-kecirilib):
Այսպիսով՝ կրկին ականատես ենք լինում Ադրբեջանի պետական քաղաքականությանը, որը միտված է միջազգային համագործակցություններում Արցախը ներառելուն։ Արցախի ներգրավումը այս ծրագրում ունի քաղաքական նշանակություն և ենթատեքստ։ Առանձնահատուկ շեշտադրվում է ընդհանուր պատմական հիշողության գաղափարը։ Նշվում է, որ միջոցառումները պետք է նպաստեն թյուրքական ժողովուրդների ընդհանուր պատմության և մշակութային ժառանգության ուսումնասիրությանը, պահպանմանը և տարածմանը։ Միաժամանակ «Թյուրքական աշխարհի շաբաթը» ներկայացվում է որպես հումանիտար ինտեգրման և միջազգային մշակութային համագործակցության հարթակ։ Այս քաղաքականության առանձնահատկություններից մեկը Արցախի պատմական տարածքի ներառումն է թյուրքական մշակութային տիրույթում։ Միջոցառումների մասնակիցների այցերը և Ղարաբաղի համալսարանում միջազգային գիտաժողովի անցկացումը ձևավորում են տարածքի նոր մշակութային կերպար։ Ադրբեջանի պաշտոնական խոսույթում անընդհատ շեշտվում է տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանների և մշակութային ժառանգության պահպանությունը, մինչդեռ անընդհատ ականատես ենք լինում հակառակ գործողություններին, որտեղ տեղի են ունենում մարդու իրավունքների խախտումներ և պատմության խեղաթյուրում։