Շարիֆանի իսլամական դամբարանը

Տեղադրություն

Դամբարանի ավերակները գտնվում են օկուպացված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կրմեն գյուղի վարչական սահմաններում՝ բնակավայրից 1,5 կմ հարավ-արևմուտք:

Պատմական ակնարկ

Դամբարանի մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Այն գտնվում է Հակարի գետի աջ ափեզրի հարթ դաշտում: Այս տարածքները միջին դարերում պատմական Արցախ և Սյունիք նահանգների սահմանագիծն էին կազմում  (Յակոբեան 2009, 9-11, 93-101): Նկատենք, որ Շարիֆանի դամբարանը, ինչպես նաև պատմական Արցախում գտնվող իսլամական դամբարանների զգալի մասը կառուցված է տափաստանային գոտում: Արցախի տափաստանային գոտում իսլամական մշակութային ժառանգության զգալի ներկայությունը նկատելի է 13-րդ դարավերջից` հատկապես Ղազան խանի կառավարման տարիներից (1295-1304), երբ մոնղոլական վերնախավն ընդունում է իսլամ, իսկ Արցախի և հարակից տարածքների հարթավայրային գոտիները մոնղոլական վերնախավի համար առանձնակի կարևորություն են ստանում, ինչի մասին վկայում են 14-րդ դարի պարսկական աղբյուրները (Հովսեփյան 2025, 24-30): Հիմք ընդունելով դամբարանի մնացորդների ճարտարապետական, կառուցողական առանձնահատկությունները՝ այն պետք է որ կառուցված լիներ 13-14-րդ դարերում:

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Դամբարանը կառուցված է սրբատաշ քարից, կրաշաղախով: Այն եղել է երկհարկ՝ բաղկացած ստորգետնյա թաղման խցից և վերգետնյա աղոթասրահից: Մասամբ պահպանվել է միայն թաղման խուցը, որն հատակագծում խաչաձև է 5,4×5,4 մետր չափերով (նկ. 1): Թաղման խցի հյուսիսային ճակատը փլուզված է (նկ. 2): Խաչաձև հորինվածքի կենտրոնական մասը ծածկված է եղել գմբեթով, որն ավերված է:  Դամբարանի ծավալի զգալի մասը մեզ չի հասել (նկ. 3): Հուշարձանի ընդհանուր տեսքը ներկայումս հնարավոր չէ վերականգնել։ Թաղման խուցը կազմված է կամարակապ խորշերով, իսկ կամարները հարդարված են շթաքարերով և եռանկյունաձև զարդերով (նկ. 4): Թաղման խցի հարավային կողմում գտնվում է միհրաբը, որն հարդարված սլաքաձև կամարով և շթաքարերով, իսկ կողային կողմերը՝ բարակ, նիստավոր սյունիկներով: Միհրաբի վրա կա վատ պահպանված արաբերեն արձանագրություն (նկ. 5): Ուշագրավ է դամբարանի շինարարական տեխնիկան: Այստեղ քարերը կրաշաղախային միջուկի հետ միասին կազմում են պատի մոնոլիտ զանգվածի բաղկացուցիչ, կոնստրուկտիվ մասը՝ ունենալով նաև դեկորատիվ դեր (Щеблыкин 1947, 158):

Նշենք, որ խաչաձև հատակագծով թաղման խցեր ունեն նաև Արցախի տափաստանային գոտում գտնվող Խաչենի, Թումասի, Նոր Մարաղայի, Միր-Ալիի, Վեյսալիի և այլ դամբարանները: Հարկ է նկատել, որ խաչաձև ներսույթ ունեցող դամբարաններ ավելի շատ հանդիպում են Փոքր Ասիայի, Անդրկովկասի տարածքներում և փոքր քանակությամբ Իրանի, Միջին Ասիայի տարածքներում (Հովսեփյան 2025, 31-33, Воронина 1969, 160-161, Мурадов 2018, 305-306):

Նկ. 1 Դամբարանի ընդհանուր տեսքը ներսից, լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Նկ. 2 Դամբարանի փլուզված հատվածը, լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Նկ. 3 Դամբարանի ընդհանուր տեսքը դրսից, լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Նկ. 4 Դամբարանի ներքին հարդարանքը, լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Նկ. 5 Դամբարանի միհրաբը, լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Վիճակը պատերազմից առաջ և հետո:

Դամբարանը կիսավեր է: Այն փլատակներից մաքրվել և սահմանափակ հնագիտական հետազոտության է ենթարկվել 1949 թվականին: Այդ ժամանակ էլ կատարվել են դամբարանի մնացորդների չափագրությունը և լուսանկարումը (Sharifan mausoleum and tomb, https://storymaps.arcgis.com/stories/aa7b55e6bdca4913bdc8b8a93a669fed): Արցախյան պատերազմների ժամանակ այն չի տուժել:

Գրականություն

  1. Հովսեփյան 2025 - Հովսեփյան Ռ., Արցախի իսլամական հուշարձանները պատմաժամանակային համատեքստում, Հուշարձան, Երևան, Հուշարձան, հմր 2, էջ 22-39:
  2. Щеблыкин 1947 - Щеблыкин И., Мавзолеи бассейна р. Акера-чай, кн. Архитектура Азербайджана эпохи Низами, Баку, 1947, с. 157-163.
  3. Воронина 1969 - Воронина В., Архитектура средневекового Ирана, ВИА, т. 8, с. 144-166
  4. Мурадов 2018 - Мурадов Р., Ребристые шатры и купола исламских мавзолеев, Следы империй, Культура Центральной Азии от Александра Македонского до Тимуридов, Кабул-Бишкек, с. 305-324.
  5. Sharifan mausoleum and tomb,  https://storymaps.arcgis.com/stories/aa7b55e6bdca4913bdc8b8a93a669fed, մուտք՝ 10.08.2026:
Շարիֆանի իսլամական դամբարանը
Շարիֆանի իսլամական դամբարանը
Քաշաթաղի շրջան
Արցախ